ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
«Միլանո» խանութի նախկին տարածքի շուրջ դատական վեճերը շարունակվում են

Մարտի 17-ին ՀՀ Վերաքննիչ դատարանում (նախագահող դատավոր՝ Ն.Բարսեղյան, դատավորներ՝ Ն.Հովսեփյան, Ա.Մկրտչյան) «Միլանո» խանութի սեփականատեր «Օլիմպ» արտադրական կոոպերատիվի (ԱԿ) վերաքննիչ բողոքի հիման վրա, վերսկսվեց դատավարությունը։
2010թ. հոկտեմբերի 6-ին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը կայացրել է վճիռ, որով «Օլիմպ» ԱԿ-ին պատկանող տարածքի սեփականության իրավունքը գրանցել էր «Ավո Ֆ.Մ.Հ» ՍՊ ընկերության անունով։ «Օլիմպը» վերաքննիչ բողոք էր ներկայացրել և պահանջում էր բեկանել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կայացրած վճիռը, քանի որ գործի քննությանը մասնակից չի դարձվել ո՛չ տարածքի սեփականատեր «Օլիմպ» ԱԿ-ն, և ո՛չ էլ ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն։ Վերաքննիչ դատարանը բավարարել էր բողոքը և վճռել վերսկսել գործի քննությունը։
«Ավո Ֆ.Մ.Հ.» ՍՊԸ-ն պատշաճ կարգով ծանուցվել էր, սակայն չէր ապահովել իր մասնակցի ներկայությունը, ուստի դատաքննությունը շարունակվեց պատասխանող կողմի բացակայությամբ։
Դատավոր Ն.Բարսեղյանին, մասնավորապես, հետաքրքրում էր, թե «Օլիմպ» ԱԿ-ի ո՞ր իրավունքն է խախտվել։ «Օլիմպի» ներկայացուցիչ, փաստաբան Տ.Հայրապետյանը դատարանին ներկայացրեց լրացուցիչ պարզաբանումներ։ Նա, մասնավորապես, նշեց, որ իրենց իրավունքները ոտնահարվել են, քանի որ առաջին ատյանի դատարանը քննել է մի գործ, որն անմիջականորեն առնչվում է «Օլիմպ» ԱԿ իրավունքներին և պարտականություններին, սակայն «Օլիմպը» դատավարության կողմ չի հանդիսացել և պատասխանի իրավունք չի ունեցել։
Վերաքննիչ դատարանը սույն գործով կայացրած վճիռը կհրապարակի մարտի 31-ին, ժամը 16։10 րոպեին։
Նիստի ավարտից հետո «Օլիմպ» ԱԿ փաստաբան Տիգրան Հայրապետյանը հավելյալ պարզաբանումներ է տվել www.hra.am-ին։
«Վերջին 10 տարիներին, համենայն դեպս, Հայաստանում էդպիսի դատական նիստ տեղի չի ունեցել, երբ շոշափվում է մի ընկերության իրավունքներն ու պարտականությունները, բայց այդ ընկերությունը ներկայացված չէ դատարանում թեկուզ 3-րդ անձի կարգավիճակով։ Բացի այն, որ շրջանցել են օրենքը և չեն ներգրավել «Օլիմպ» ԱԿ-ին, էդպիսի օրենք չկա, որով դատարանը իրավունք ուներ ընդունել և քննել «Ավո Ֆ.Մ.Հ.» ՍՊԸ հայցը»,- նշել է փաստաբանը։ Նա նաև հավելել է, որ Քաղաքացիական դատավարության օրենսգիրքում հստակ նշված է, որ անձը կարող է դիմել դատարան իր իրավունքները պաշտպանելու համար, եթե իր իրավունքները վտանգվել են։ «Այնինչ «Ավո Ֆ.Մ.Հ.» ՍՊԸ-ն գիտակցաբար թաքցրել է, որ Կադաստրի պետական կոմիտեն չի գրանցում իր սեփականության իրավունքը և փորձել է դատարանին թյուրիմացության մեջ գցելով և օգտագործելով՝ ստանալ դատական այնպիսի ակտ, որը կշրջանցի կադաստրի մերժումը։ Իմ կարծիքով՝ առաջին ատյանի դատարանի դատավորը, բավարարելով «Ավո Ֆ.Մ.Հ.» ՍՊԸ հայցը, գերազանցել է իր լիազորությունները և յուրացրել դատական իշխանությունը։ Սա ակնհայտ անօրինական դատական ակտ է, և համապատասխան մարմինները պետք է համապատասխան վերաբերմունք ցուցաբերեն այդ դատավորի նկատմամբ»,- ասել է Տիգրան Հայրապետյանը։
Մերի Ալեքսանյան
Աղբյուրը՝ www.hra.am
