ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Քրեակատարողական վարչությունը հերքում է

Մարտի 16-ին տեղեկատվություն էր տարածվել, որ ժամը 14:00-ի սահմաններում «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում անժամկետ հացադուլ են հայտարարել կալանավորներ Արթուր Գևորգյանը և Արմեն Ենգոյանը և բողոքում են Արթիկ ՔՀԿ-ում ապօրինությունների դեմ: Ենգոյանը, ի նշան բողոքի, կարել է բերանն ու աչքերը:
Մենք այս տեղեկատվությունը ճշտելու համար զանգահարեցինք ՀՀ արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանին: Նա www.hra.am-ին հայտնեց, որ տվյալ պահի դրությամբ (ժամը 15:40) Արթիկում հացադուլավորներ չկան : «Այս պահի դրությամբ նման որևէ հարց չկա, տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: Հենց նոր ես ճշտել եմ, որ հացադուլի որևէ դիմում, էնտեղ գրում են, որ բերան են կարել և այլն և այլն, որևէ նման բան գոյություն չունի»,- տեղեկացրեց Արսեն Բաբայանը:
Մենք պարզաբանումներ խնդրեցինք նաև ցմահ դատապարտյալների հայտարարած հացադուլի վերաբերյալ: Նշենք, որ երեկ ԶԼՄ-ները տեղեկատվություն տարածեցին, որ օրերս հացադուլ հայտարարած ցմահ դատապարտյալները դադարեցրել են հացադուլը, քանի որ հիմնարկի վարչակազմը կատարել է նրանց պահանջները:
«Որևէ պահանջ, որպես այդպիսին, որը կատարվել է, չկա: Այսինքն՝ այդ պահանջները, որոնք նրանք էին իբր թե ներկայացրել, նման քննարկում չի եղել, պահանջ չի եղել և պահանջների կատարման դեպք չկա»,- այսպիսի պատասխան տվեց Բաբայանը: Նա դժվարացավ պատասխանել ցմահ դատապարտյալների մեջ այս պահի դրությամբ հացադուլ հայտարարածներ կան, թե ոչ, բայց ասաց, որ կճշտի:
Այդ մասին տեղեկություններ կհրապարակենք պարզաբանումներ ստանալուն պես:
Մերի Ալեքսանյան
Աղբյուրը՝ www.hra.am
