ՍԴ-ն ընդունեց «Ա1+»-ի հայցը

«Մելտեքս» ՍՊԸ-ն` «Ա1+»-ը փետրվարի 15-ին դիմել էր ՍԴ` վիճարկելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204. 38 հոդվածի սահմանադրականությունը:

ՍԴ-ն «Մելտեքս»-ի դիմումն ընդունել է վարույթ:
«Մելտեքսի» ներկայացուցիչները ոչ միայն ներպետական դատական ատյաններում, այլև Եվրոդատարանում Արայիկ Ղազարյանն ու Արտակ Զեյնալյանն են:
Վերջինս «Ա1+»-ի հետ զրույցում պարզաբանեց ՍԴ դիմելու հիմքը. «Երբ ԵԴ-ն վճիռ է կայացնում, դա հնարավորություն է ստեղծում նախկին դատական ակտերը վերանայելու»,-ներկայացնում է Արտակ Զեյնալյանը:
ՍԴ-ն արդեն մի քանի անգամ տեղեկացրել է, որ երբ կա ՍԴ-ի որոշում և ԵԴ վճիռ, որով ճանաչվել է Սահմանադրության կամ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի խախտում, և անվավեր է ճանաչվել նորմը, վճռաբեկ դատարանը կամ որևէ այլ դատարան, որ իրավունք ունի վերանայելու դատական ակտը, այլ բան չի կարող անել, քան բեկանել դա»,-նկատում է Արտակ Զեյնալյանը:
«Գործող իրավակարգավորումը հնարավորություն է ստեղծում չկատարել ինչպես ՀՀ սահմանադրական դատարանի որոշումն, այնպես էլ` ՄԻԵԴ վճիռը, դատական ակտով չճանաչել Կոնվենցիայով և Սահմանադրությամբ երաշխավորված իրավունքի խախտման փաստը, իսկ իրավունքի խախտման փաստի ճանաչում հնարավոր է միայն` դատական ակտի բեկանելու և նոր հանգամանքին համապատասխան ներկայացված պահանջով բողոքի բավարարման դեպքում»,-ասված է «Մելտեքս» ՍՊԸ-ի դիմումում:
Ըստ Արտակ Զեյնալյանի, այժմ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը, որը 9 անգամ վիճարկվել է ՍԴ-ում, հնարավորություն է ստեղծում նախկին դատական ակտը թողնելով ուժի մեջ` բողոքը, վերանայման պահանջը մերժել. «ՍԴ-ն արդեն մեկ անգամ այս նորմը հակասահմանադրական ճանաչել է: Այժմ էլ ԱԺ-ն օրենքներում փոփոխություններ է կատարել, որով ուղղակիորեն ոչ թե գրում է վերաքննիչ կամ վճռաբեկ դատարանը իրավունք ունի դատական ակտը թողել ուժի մեջ, բողոքը մերժել, այլ գրել է` «դատական ակտերը կայացվում են», այսինքն, ընդհանուր կարգ, իսկ ընդհանուր կարգը ենթադրում է, որ բողոքը կարող է մերժվել` դատական ակտը թողնելով ուժի մեջ»:
Արտակ Զեյնալյանը նկատում է, որ ԱԺ-ն, ըստ էության, նույն իրավակարգավորումն է տվել, այսինքն` այդ դատական ակտերը պետք է վերանայվեն նույն կարգով, ինչով սովորական դատական ակտերը, իսկ սովորականը չի կարող տարածվել ԵԴ-ի վճիռների և ՍԴ-ի որոշումների հիման վրա վերանայման պրոցեսների դեպքում:
ԱԺ-ն տվել է այդ հնարավորությունը վճռաբեկ դատարանին, վճռաբեկն էլ օգտվել է դրանից և նորից մերժել է Ա1+-ի դիմումը:
«Ի դեպ, միայն այդ գործով չէ, 3-4 գործ միացվել է և ըստ էության ՍԴ-ի որոշումները այս իրավակարգավորման պատճառով չեն կատարվում»,-ասաց Արտակ Զեյնալյանը:
Պատասխանող կողմ ՍԴ-ն ճանաչել է ԱԺ-ին:

Աղբյուր՝ http://www.a1plus.am