ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Ծնկի լուրջ վնասվածք ունեցող զինվորին տեղափոխել են հոսպիտալ զննելու նպատակով
Փետրվարի 24-ին hra.am-ը անդրադարձել էր Մարտակերտի զորամասերից մեկում ժամկետային զինծառայող Մերուժան Հարությունյանի մոր բողոքին: Նա Կառավարության շենքի մոտ էր եկել պաշտպանության նախարարին հանդիպելու ակնկալիքով, որպեսզի բարձրաձայնի իր որդու առողջական խնդիրների մասին:
Նախարարության աշխատակազմի ղեկավար Գառնիկ Հայրապետյանն ընդունել էր զինվորի մորը և նախարարի անունից փոխանցել, որ հաջորդ օրն իսկ տղային կտեղափոխեն զինվորական հոսպիտալ:
Մերուժան Հարությունյանին հոսպիտալ տեղափոխեցին միայն մարտի 5-ին:
Մինչ օրս տղան գտնվում է զինվորական հոսպիտալում և անցնում է համալիր բուժզննություն: Մոր՝ Ռիտա Հարությունյանի փոխանցմամբ՝ բժիշկներն ասել են, քանի որ պաշտպանության նախարարն է հրաման տվել, պետք է մանրամասն զննենք: Երբ պատրաստ կլինեն բուժզննության արդյունքները, պարզ կդառնա վիրահատություն լինելու է, թե՞ ոչ: Հոսպիտալի գլխավոր բժիշկ Ժամագործյանը կրկին ասել է Ռիտա Հարությունյանին, որ հրաժարվում է վիրահատել, քանի որ վիճակը ռիսկային է և կարող է հաշմանդամության հանգեցնել:
Մերի Ալեքսանյան
Աղբյուրը՝ www.hra.am
