ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Բժիշկները դիմում-բողոք են հղել վարչապետին. Ե՞րբ են բարձրացնելու մեր աշխատավարձերը

Երևանի թիվ 1 մանկական համալսարանական կլինիկական հիվանդանոցի աշխատակիցները դիմում են հղել վարչապետ Տիգրան Սարգսյանին, որտեղ նշում են, որ մինչ օրս չեն բարձրացրել իրենց աշխատավարձը, մինչդեռ այդ մասին խոստումներ են տրվել ամենաբարձր պաշտոնյաների կողմից:
Դիմումում, մասնավորապես ասվում է.
«Մենք թիվ 1 մանկական համալսարանական կլինիկական հիվանդանոցի վերակենդանացման և անեսթեզոլոգիայի բաժնի աշխատակիցներն ենք, որոնք ամիսներ շարունակ հանդուրժում են իրենց իրավունքների ոտնահարումը:
Հասկանում ենք, որ Ձեզ բազմազբաղ առօրյայում Դուք հնարավորություն չունեք հետևելու խնդրաշատ մեր երկրի բոլոր աշխատողների հոգսերին:
Դրա համար մենք ուզում ենք հանդիպել Ձեզ հետ ու ներկայացնել մեր խնդիրները: Իսկ մինչ հանդիպումը փորձենք համառոտ ներկայացնել դրանք:
Բանն այն է, որ ամիսներ շարունակ մեզ խոստանում են բարձրացնել մեր աշխատավարձերը; Այդ խոստումները հնչում են նաև հեռուստատեսությամբ. ՀՀ Առողջապահության նախարար պարոն Քուշկյանը բազմիցս հայտարարել է, որ բարեփոխումների շնորհիվ առողջապահության բնագավառի աշխատողների նվազագույն աշխատավաձը 120 հազար է, սակայն անցած տարվա հոկտեմբերին, նոյեմբերին, դեկտեմբերին մենք ամսական ստացել ենք ընդամենը 21 500 դրամ: Մեզ խոստացել էին, որ հունվարին այդ ամենը կվերանայվի: Սակայն երբ փետրվարին մենք ստացանք հունվարի աշխատավարձը, պարզվեց, որ ոչ մի բան էլ չի փոխվել կամ գրեթե չի փոխվել»:
Նրանք կից ուղարկել են նաև իրենց դիմում- բողոքը, որի մի օրինակ էլ ուղարկել են Առողջահապության նախարարին ու լրատվամիջոցներին:
Դիմում-բողոքում ասվում է. «Պարոն Սարգսյան, քանի որ ամիսներ շարունակ մեզ խաբելով համոզում են, որ մենք կստանանք բարձր աշխատավարձ, բայց շարունակում ենք ստանալ ցածր աշխատավարձ աշխատելով նույն ծանրաբեռնվածությամբ:
Խնդրում ենք Ձեզ մեզ հուզող մի քանի հարցին դրական լուծում տալ`
1. Ե՞րբ պետք է հարգվի բուժաշխատողների աշխատանքը
2. Ե՞րբ պետք է մեզ վճարվի խոսք տրված բարձր աշխատավարձը
3. Ինչո՞վ են մեղավոր մեր երեխաները...»:
Աղբյուր՝ http://news.am
