«Օմբուդսմենի հայտարարությունը անհաջող էր»

ՀՀ Մարդու իրավունքների նորընտիր պաշտպան Կարեն Անդրեասյանի այն հայտարարությունը, թե «Մարդու իրավունքների պաշտպանությունը ծառայություն է, սերվիս է», իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը համարում է անհաջող: «Որքան ինձ հայտնի է Կարեն Անդրեասյանը աշխատել է իրավաբանական գրասենյակում, որը ծառայություն է մատուցել: Այստեղ վուլգարացվում է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը, քանի որ Մարդու իրավունքների պաշտպանը պետք է առաքելության զգացողություն ունենա, այլ ոչ թե ծառայություն մատուցելու»:

Ավետիք Իշխանյանը հույս ունի, որ այդ զգացողությունը Կարեն Անդրեասյանի մոտ կզարթնի աշխատանքի ընթացքում. «Եթե նա աշխատի որպես ծառայություն մատուցող, ապա Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը կվերածվի մի չինովնիկական կազմակերպության»:
Իրավապաշտպանին ավելի շատ մտահոգում է ոչ թե մարդու իրավունքների պաշտպանի անձը, այլ նրա ընտրության ձևը. «Մարդու իրավունքների մասին պաշտպանի եվրոպական չափանիշները, Փարիզյան սկզբունքները նախատեսում են, որ նա պետք է անկախ լինի: Շատ հաճախ նա կոչվում է պառլամենտական օմբուդսմեն: Այս տեսակետից կա նաև հատուկ չափանիշներ, թե ինչպես պետք է ընտրվի պաշտպանը: Կան երկրներ, որտեղ պաշտպանը հաշվի է առնում ազգային փոքրամասնությունների, հասարակական կազմակերպությունների կարծիքները: Շատ երկրներում պաշտպանին ընտրում է որակյալ մեծամասնությունը: Այդ ընտրությանը պետք է մասնակցեր նաև ընդդիմությունը, սակայն պարզվեց, որ Հայաստանում որակյալ մեծամասնությունը կարող է լինել բացարձակ իշխանությունը»:
Ավետիք Իշխանյանի կարծիքով Հայաստանում տիրող իրավիճակում մարդու իրավունքի պաշտպանի ընտրությունում առնվազն պետք է լիներ խորհրդարանական ընդդիմության կարծիքը. «Ինչպես ՀՀ-ում տարբեր պաշտոնյանների են նշանակում, այնպես էլ նշանակեցին մարդու իրավունքների պաշտպանին»:
Պարոն Իշխանյանը նաև դժվարանում է ասել` ճիշտ վարվե՞ց խորհրդարանական ընդդիմությունը, որ Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու չառաջադրեց, թե՞ ոչ:
Ինչ վերաբերում է նրան, որ Մարդու իրավունքների պաշտպանի հնարավոր թեկնածուների շարքում շրջանառվում էր նաև Ավետիք Իշխանյանի անուն, ապա իրավապաշտպանն ասաց. «Մարդու իրավունքների առաջին պաշտպանի նշանակումից առաջ, երկրորդ պաշտպանի ընտրությունից առաջ, ինչպես նաև երրորդից առաջ միշտ էլ շոշափվել է իմ անունը, բայց ես միշտ բացառել եմ, որ նման առաջարկություն լինի»:

Աղբյուր՝http://www.a1plus.am