ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Մեկուսացնելու անհրաժեշտություն չկար
Երեկ քրեական գործերով վերաքննիչ դատարանում Եվա Դարբինյանի նախագահությամբ լսվեց ՊՆ ժամկետային զինծառայող Գևորգ Միրզոյանի և նրա փաստաբան Ռուբեն Բալաբանյանի վերաքննիչ բողոքը:
Վերաքննիչ դատարան էր դիմել նաև Միրզոյանի զորամասի հրամանատար Ա. Հարությունյանը:
Իսկ տեղի էր ունեցել հետևյալը. զինանոցում զենքերի հաշվառման ժամանակ Գ. Միրզոյանի հետ սկսել էր անհարկի կատակել մի զինվոր: Ըստ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դեկտեմբերի 27-ի վճռի՝ «Միրզոյանը բռնելով զինվորի թևից՝ զորանոցից դուրս էր հրավիրել նրան: Գնդի գումարտակի մուտքի մոտ հարվածել էր զինվորի դեմքին»: Այդպիսով, կատարել էր զինվորական փոխհարաբերություններին ուղղված քայլ: Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 2 ամսով կալանքի որոշում էր կայացրել:
Զորամասի հրամանատարությունը հրավիրել էր ընդհանուր ժողով, որտեղ նշել էր, որ զինծառայող Միրզոյանը այդ միջադեպի համար 5 օր կալանքի է ենթարկվել, ընդունելով իր սխալը:
«Նա հրամանատարության կողմից տրված հանձնարարությունները կատարում է ճիշտ և ժամանակին, անշեղորեն պահպանում է կանոնադրային հարաբերությունները, կարողանում է պահել պետական և ռազմական գաղտնիքները, վայելում է հրամանատարության և համածառայողների համակրանքը: Այս որակական հատկանիշների առկայությամբ վերացել է զինծառայությունից նրան մեկուսացնելու անհրաժեշտությունը»,- արձանագրել էր ընդհանուր ժողովը:
Սակայն դատարանը անփոփոխ է թողել մարզի դատարանի դատավճիռը, ինչը, ըստ փաստաբան Ռուբեն Բալաբանյանի՝ ճիշտ չէր. «Իմ պաշտպանյալին մնացել է 4 ամիս՝ մինչ ծառայության ավարտը: Ո՞վ է շահելու, երբ Գևորգին մեկուսացնեն: Նա արդեն ուղղվել է և նրան ազատազրկելու իմաստ չկա: Վերաքննիչը չհարգեց ոչ միայն իմ միջնորդությունը, այլև զորամասի ժողովի և հրամանատարության, որն ավելի իրական էր և բխում էր պետության ծառայողական շահերից»:
Փաստաբանը հայտնեց, որ այս որոշումը բողոքարկելու է վճռաբեկ դատարան:
Ռ. ՄԻՆԱՍՅԱՆ
Աղբյուր՝http://aravot.am
