Մարդու իրավունքները Հայաստանում. Հելսինկյան ասոցիացիան հրապարակել է 2010թ. զեկույցը

Փետրվարի 28-ին Հելսինկյան ասոցիացիան հրապարակեց ՀՀ-ում մարդու իրավունքների մասին 2010 թվականի զեկույցը` արձանագրելով, որ կոպտորեն խախտվում են մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները:
Երկհատոր զեկույցում ներառված են խղճի, դավանանքի, խոսքի ազատության, խաղաղ հավաքների իրավունքները, խոշտանգումները, քրեակատարողական հիմնարկներում տիրող իրավիճակը, արդարադատության համակարգը: Առանձին հավելված է նվիրված Վահան Խալաֆյանին, ով 2010թ. ապրիլին մահացել է ՀՀ ոստիկանության Չարենցավանի բաժնում:

Վերոնշյալ բոլոր ոլորտներում Հելսինկյան ասոցիացիան արձանագրել է խախտումներ: Սակայն կազմակերպության նախագահ Միքայել Դանիելյանի խոսքերով` իրավիճակը մտահոգիչ է հատկապես դատարանների, խոշտանգումների, բանակում գրանցված սպանությունների առումով:

«Քննչական մարմինները համագործակցում են դատաբժշկական փորձաքննություն իրականացնող կենտրոնների հետ: Մեծ ուշադրություն պետք է դարձնել դատաբժշկական փորձաքննության վրա, ամեն ինչ սկսում են կոծկել այդտեղից»,- ասում է Դանիելյանը: Բանակում տեղի ունեցող միջադեպերից խուսափելու նպատակով նա առաջարկում է բացառել ՀՀ քաղաքացիների ծառայությունը ԼՂՀ տարածքում և ստեղծել պրոֆեսիոնալ բանակ, իսկ մյուս առաջարկությունները կներկայացնի հետագայում` առանձին զեկույցով:

«Արթիկը» միակ կառույցն է, որը կարելի է ներկայացնել որպես քրեակատարողական հիմնարկ: Մյուս ՔԿՀ-ներում խայտառակ վիճակ է տիրում»,- նշեց մոնիթորինգային ծրագրի ղեկավար Արսեն Բաբայանը` ավելացնելով, որ եթե նախկինում իրենք ասում էին, որ կապիտալ վերանորոգում է անհրաժեշտ, ապա այժմ կարծում են, որ քայքայված ՔԿՀ-ները պետք է քանդել և նորերը կառուցել: Որոշ կալանավայրեր զրկված են տարրական պայմաններից: Արսեն Բաբայանի խոսքերով, նույնիսկ այնտեղ աշխատող մարդիկ են գտնվում վատ վիճակում` վարձատրությունը շատ ցածր է, նրանք չունեն հանգստանալու, սնվելու հարմարություններ: Իսկ Միքայել Դանիելյանը քրեակատարողական հիմնարկներում տիրող վիճակը համարում է «խոշտանգում և վատ վերաբերմունք»:

Ըստ զեկույցի` 2010-ին գրանցվել են բռնություններ լրագրողների նկատմամբ, ճնշումներ ԶԼՄ-ների վրա և տեղեկատվության ստացման ու տարածման սահմանափակումներ: Մյուս կողմից, Հելսինկյան ասոցիացիայի նախագահը նշում է, որ լրագրողները անհանդուրժող են որոշ փոքրամասնությունների հանդեպ, և իրենց հրապարակած նյութերում խտրական վերաբերմունք են ցուցաբերում հատկապես Եհովայի վկաների և սեռական փոքրամասնությունների հանդեպ:

Իրավապաշտպան կազմակերպությունն արձանագրել է, որ ՀՀ իշխանությունները անտեսում են 2008-2009 թվականներին ԵԽԽՎ կողմից Հայաստանի վերաբերյալ ընդունված 4 բանաձևերի պահանջների կատարումը:
Զեկույցը ուղարկվել է ՀՀ նախագահին, գլխավոր դատախազին, արդարադատության և պաշտպանության նախարարներին, ոստիկանապետին, սակայն որևէ արձագանք Միքայել Դանիելյանը չի ակնկալում. «Նրանք իսկի ԵԽԽՎ որոշումներին չեն արձագանքում, ինչի՞ մասին է խոսքը»:

Մերի Ալեքսանյան

Աղբյուրը` www.hra.am