ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
«Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայության հայտարարությունը

«Քաղաքական վենդետտա չեկիստական ոճով
26 փետրվարի 2011թ. Երևան: Երեկ` ժամը 23:00-ին, Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը կայացրեց որոշում, որով բավարարվեց Տիգրան Փոստանջյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու ԱԱԾ քննիչի որոշումը:
Դատական նիստի ընթացքում դատարանի շենքի առջև տեղի էր ունենում բողոքի ցույց, որի բազմաթիվ մասնակիցները իրենց աջակցությունն էին հայտնում ՀՀ ԱԺ "Ժառանգություն" խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի եղբորը:
Դատարանի որոշումը, ի թիվս բազմաթիվ այլ դրույթների, հակասում է ՀՀ Քրեական Դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածին, որում ասվում է, որ մեղադրյալին կարելի է կալանավորել, միայն եթե իրական վտանգ կա, որ նա կխոչնդոտի արդարադատությանը, կամ կկատարի հանցագործություն: Բացի այդ, համաձայն նույն օրենսգրքի 190-րդ հոդվածի կաշառք ստանալու փաստով քրեական գործի վարույթը պետք է վարեն ՀՀ Ոստիկանության քննիչները, այն դեպքում երբ Տիգրան Փոստանջյանի գործը վարում են ԱԱԾ քննիչները:
Վերջին փաստը ակնհայտորեն վկայում է այն մասին, որ Տիգրան Փոստանջյանի հետապնդումները հրահանգված են իշխանական ամենաբարձր ատյաններից և որ դրանց իրականացման համար բավարար չէին ոստիկանապետական մեթոդները, այլ պետք էին առավել կոշտ ու օրենք արհամարհող` ստալինա-դերժինսկիական մեթոդներ:
Տեղի ունեցողը բացառապես քաղաքական վենդետտա է Զարուհի Փոստանջյանի և «Ժառանգություն» կուսակցության նկատմամբ, իսկ Տիգրան Փոստանջյանը քաղաքական պատանդ է: Սակայն վարչակարգի այս քստմնելի ջանքերը սին են. մենք միայն չենք գնալու որևէ զիջման, այլև շարունակելու ենք պայքարը հանուն Հայաստանի ժողովրդավարացման և ազգային խնդիրների լուծման:
"Ժառանգություն" կուսակցության լրատվական ծառայություն»
