Մամլո հաղորդագրություն. «Ժառանգությունը» պահանջում է վերջ տալ «ԳԱԼԱ»-ի դեմ հալածանքներին

«ՄԱՄԼՈ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

«Ժառանգությունը» պահանջում է վերջ տալ «ԳԱԼԱ»-ի դեմ հալածանքներին

24 փետրվարի 2011թ., Երևան: «Ժառանգություն» կուսակցությունն իր վրդովմունքն է հայտնում փետրվարի 17-ին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի հրապարակած վճռի կապակցությամբ, որով, բավարարելով Գյումրիի քաղաքապետարանի հայցը, «ԳԱԼԱ» հեռուստաընկերության հիմնադիր «ՉԱՊ» ՍՊԸ-ին պարտավորեցվում է մեկամսյա ժամկետում ապամոնտաժել Գյումրի քաղաքի Վ.Սարգսյան 6/1 հասցեում գտնվող հեռուստաաշտարակի գագաթնային հատվածում տեղադրված հաղորդիչ ալեսփյուռն ու մալուխը: Երեք տարի շարունակ դատական բոլոր ատյաններով անցած, վճռաբեկ դատարանի կողմից հօգուտ «ԳԱԼԱ»-ի բեկանված գործի քննության այս փուլում ընդունված հիշյալ վճիռը հերթական հարվածն է Հայաստանի Հանրապետության հեղինակությանը, ժողովրդավարությանն ու «ԳԱԼԱ»-ի բազմահազարանոց լսարանի` ազատ և անկողմնակալ տեղեկատվություն ստանալու իրավունքին:

Փաստորեն ՀՀ իշխանությունները`
• տարբեր ճանապարհներով խոչընդոտներ հարուցելու միջոցով չհասնելով «ԳԱԼԱ» հեռուստաընկերության եթերազրկմանը,
• չբավարարվելով առաջիկա 10 տարիներին «ԳԱԼԱ» հեռուստաընկերությանը եթերից զրկելու մասին իրենց կայացրած քաղաքական որոշումը 2010թ. դեկտեմբերի 23-ին ՀՌԱՀ-ի ձեռամբ կենսագործելուց,
• անհանգստացած անգամ այն հեռանկարից, որ այդ «մրցույթի» արդյունքներից անկախ «ԳԱԼԱ» հեռուստաընկերությունը նմանօրինակ եղանակով եթեր է հեռարձակվելու մինչև 2015 թվականը, ինչը լուրջ խոչընդոտ է օրերս ստորագրված կոալիցիոն հուշագրի արատավոր, հակաժողովրդավարական նպատակներին հասնելու ճանապարհին,
այժմ էլ փորձում են Գյումրիի քաղաքապետի միջոցով շարունակել ազատ խոսքի ու ազատ հեռուստաընկերության դեմ իրենց անփառունակ պայքարը:

Ս.թ. փետրվարի 17-ին «Ժառանգություն» կուսակցության պատգամավորները, վարչության անդամները հանդիպեցին Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հետ: Ի պատասխան «Ժառանգության» ներկայացուցիչների հորդորների` ետ կանգնել անպատվաբեր քայլերից, քաղաքապետը հայտարարեց, որ ««ԳԱԼԱ» հեռուստաընկերության դեմ գնալու է մինչև վերջ»:

Պահանջում ենք անհապաղ դադարեցնել ազատ խոսքի դեմ այս սանձարձակ գործողությունները` իշխանություններին կոչ անելով երկիրը հեղինակազրկող նման քայլերի փոխարեն ուղիներ փնտրել կապուղիների թիվն ավելացնելու համար, որպեսզի 2010թ. դեկտեմբերին հեռարձակման իրավունքից մերժված «Ա1+» և «ԳԱԼԱ» հեռուստաընկերությունները վերադառնան եթեր:

Մենք նաև մեր զորակցությունն ենք հայտնում Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճիռը վերաքննիչում բողոքարկել պատրաստվող «ԳԱԼԱ» հեռուստաընկերությանը և այդ դատական ատյանին կոչ ենք անում զերծ մնալ իշխանությունների թելադրած քաղաքական որոշումներն օրինականացնելուց:

«Ժառանգություն» կուսակցություն»։