ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Անօթևանները տուն են ստացել, բայց պայմանով
Վանաձորում ոչ աղետի հետևանքով անօթևան մնացած 32 ընտանիք մասնակցեց բնակարանների բաշխման վիճակահանությանը, և արդյունքում յուրաքանչյուրին հայտնի դարձավ իր նոր բնակարանի համարն ու հարկը:
Սա հանրապետության նախագահի մտահղացումն է` նրա նախընտրական խոստումներից մեկը, որ կյանքի պիտի կոչվեր դեռ 2008 թվականից. նախագահը վանաձորցիներին խոստացել էր, որ ոչ աղետի հետևանքով անօթևան մնացածների համար բնակարաններ կկառուցվեն: Իսկ մինչ օրս չէին կառուցվում, քաղաքապետ Սամվել Դարբինյանի ասելով, ֆինանսական ծանր պայմանների պատճառով:
Վերջապես` դարձյալ նախընտրական շրջանում, համայնքային բյուջեից հատկացված 120 մլն դրամով Վանաձորի Տարոն 2 թաղամասում երկու անավարտ շենք վերակառուցվեց:
Ավելի ճիշտ` դրանք ոչ թե վերակառուցվել են, այլ 3 պատրաստի բետոնե հարկերին 1 տուֆե հարկ է ավելացվել. ստացվում է` 120 մլն դրամը երկու հարկի և կոմունիկացիոն ցանցերի վրա է ծախսվել:
Բնակարաններն էլ 1 և 2 սենյականոց են. «3, 4 սենյականոց բնակարաններ չունենք: Սա զուտ կարիքավորներին ապահովելու ծրագիր է, բարելավման ծրագիր չէ»-նշեց քաղաքապետ Սամվել Դարբինյանը:
Նոր բնակարան ստացած ընտանիքները տնակային ավանի բնակիչներ են. «Հիմնականում հաշվի են առնվել տնակներում ամեաերկար ապրող ընտանիքները»,-ընտրության սկզբունքը բացատրեց քաղաքապետը:
Նրա խոսքով` հիմնական շահառուները այն անօթևաններն են, որոնց քաղաքապետարանը, ժամանակին տնակներից հանելով, տեղավորել է հանրակացարաններում և վարձակալվող բնակարաններում:
Քաղաքապետը հատուկ ընդգծեց, որ ամեն ինչ «օրենքի սահմաններում է արվել». բնակիչների հետ նախ պայմանագիր է կնքվել, նոր միայն տնակները հանվել են թաղամասից, որպեսզի նրանց ապահովեն բնակարաններով:
Այնինչ, «ոչ օրենքի սահմաններում» մինչ տնակները նշված թաղամասից հանելը, քաղաքապետն ավագանու որոշմամբ արդեն նախօրոք օտարել էր տնակների հողատարածքները:
Բնակարանային հանձնաժողովի անդամ Գրիշա Պառավյանի խոսքով` բնակարանները առայժմ տրվում են վարձակալական կարգով: Բնակիչների հետ դեռ պայմանագրեր չեն կնքվել:
Նրա փոխանցմամբ` բնակարանի սեփականության իրավունքը բնակչին կհանձնվի այն բանից հետո, երբ բնակարանում ավարտված կլինեն վերանորոգման և ներքին հարդարման աշխատանքները: Դրա համար բնակչին տրվում է 6 ամիս ժամանակ:
Գրիշա Պառավյանի փոխանցմամբ` բնակարանի վերանորոգումը «պարտադիր պայման» է տան սեփականատեր դառնալու համար: Սեփականության իրավունքն էլ տրվում է բնակարանը 5 տարի չվաճառելու պայմանով:
Սակայն նշված ժամկետում բնակարանի վերանորոգումը չավարտելու դեպքում, ըստ Գրիշա Պառավյանի «կվերանայվի բնակարանի հատկացման նպատակահարմարությունը»:
Բայց ինչպես պարզվեց, բնակիչները տեղյակ չէին այս պայմանից: Օրինակ Մարինե Զուրաբյանը գիտեր, որ նոր ստացած բնակարանում վերանորոգման աշխատանքներ են արվելու. «Միայն դուռ ու պատուհան է դրված, և պատերն ա բաժանած: Կոյուղագիծը կա շենքում, բայց ամեն բնակիչ իրա բնակարանում պետք ա քաշի: Պատերից, հատակից հետ պետք ա սարքենք. ով ինչ հնարավորություն ունի: Մեկը ես հնարավորություններ չունեմ մեծ աշխատանքներ կատարելու. պատերը թեթև կգաջեմ, մի թեթև կսպիտակացնեմ, գետինը առայժմ լինոլյում կանեմ»,-ասաց Մարինեն:
Բայց նա տեղյակ չէր, որ այդ աշխատանքները չկատարելու դեպքում սեփականության իրավունք չի ստանա, ավելին` «կվերանայեն բնակարանը հատկացնելու նպատակահարմարությունը»:
«Դա հնարավոր չի` հետ վերցնեն: Առաջին անգամ եմ լսում: Բնակարանը մեզ ա պատկանում: Մի ամսվա ընթացքում մեր սեփականության վկայականը, օրդերը` մեր բնակարանների համարներով հաստատված, բանալիները կտան»,-ասաց Մարինե Զուրաբյանը:
Աղբյուր՝hetq.am
