Պաշտպանության նախարարությունը պետք է իրազեկի հասարակությանը

Առաջին հերթին Պաշտպանության նախարարությունը պետք է շահագրգռված լինի հասարակությանը հավաստի տեղեկատվություն տալու բանակում կատարվող դեպքերի մասին։ Այսպիսի կարծիք հայտնեց ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պայմանագրաիրավական ապահովման բաժնի պետի տեղակալ Ալեքսանդր Ավետիսյանը փետրվարի 22-ին «Մարդու իրավունքները բանակում» թեմայով կլոր սեղանի ժամանակ։ 

Ըստ Պաշտպանության նախարարության աշխատակցի՝ միևնույն է, ցանկացած տեղեկատվություն այլ ճանապարհներով խեղաթյուրված ձևով հասնում է մարդկանց։

Զինված ուժերի նկատմամբ քաղաքացիական վերահսկողության հարցում նա կարևորեց զանգվածային լրատվամիջոցների, հասարակական կազմակերպությունների, պառլամենտի և եկեղեցու դերը։ Ավետիսյանը ընդգծեց վերը թվարկված կառույցների համակարգված աշխատանքի անհրաժեշտությունը, որը կարելի է կանոնակարգել՝ հայեցակարգ ստեղծելով։

Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնևի կենտրոնի գործառնությունների եվրոպական բաժնի ղեկավարի տեղակալ Էդեն Քոլը իր ելույթում նշեց, որ շատ հասարակություններ բախվում են բանակում հաշվետվողականության պակասի հետ։ Այդ հարցում, ըստ Քոլի, մեծ անելիք ունեն հասարակական կազմակերպությունները, որոնք պետք է համագործակցեն ԶԼՄ-ների, օմբուդսմենի և խորհրդարանի հետ։

Նա ներկայացրեց մի շարք երկրների փորձը, որոնք հատուկ մեխանիզմներ են մշակել ԶՈւ համակարգի նկատմամբ հասարակական վերահսկողությունը ապահվելու համար։ Հետխորհրդային երկրներից Ուկրաինայում, օրինակ, օրենսդրական մակարդակով ամրագրված է զինվորական համակարգի հաշվետվողականությունը պառլամենտի առջև։ Որպես վատագույն փորձ՝ Քոլը բերում է Վրաստանի օրինակը, որտեղ մեծ գումարներ ծախսվեցին խնդրի լուծման համար, բայց ոչինչ չարվեց համակարգի թափանցիկությունը ապահվելու համար։

Մերի Ալեքսանյան

Աղբյուրը՝ www.hra.am