Հայկական բանակում մարդու իրավունքի ապահովումն ուղղակիորեն կապված է մարտունակության հետ. նախարար

ՀՀ Զինված ուժերում մարդու իրավունքների ապահովումն ուղղակիորեն կապված է մարտունակության և Բանակի պաշտպանական գործողության անվերապահ կատարման հետ, ասվում է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ուղերձում, որն ուղղված է երեքշաբթի Երևանում մեկնարկած մարդու իրավունքները բանակում թեմայով կլոր սեղանի մասնակիցներին։

«Այդ պատճառով Պաշտպանության նախարարությունն իր լիազորությունների շրջանակում ակտիվորեն մասնակցում է բանակի մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմների ամրապնդման և կատարելագործման գործընթացին»,- նշվում է Օհանյանի ուղերձում, որն ընթերցեց նրա տեղակալ Արա Նազարյանը։

Պաշտպանության նախարարը վստահություն է հայտնել, որ քննարկումը կանցկացվի կառուցողական մթնոլորտում և կնպաստի Հայաստանի պաշտպանական բարեփոխումների գործընթացի արդյունավետ իրականացմանը։
Օհանյանը շատ կարևոր է անվանել Հայկական Բանակի և քաղաքացիական հասարակության կապի ամրապնդումը՝ այդ համատեքստում նշելով ԵԱՀԿ երևանյան գրասենյակի իրականացրած լայնածավալ աշխատանքները, որոնք շատ անգամ նպաստում են բանակի և հասարակության կապի ամրապնդմանը։

«Պաշտպանական գերատեսչություն իր հերթին նույնպես ակտիվ աշխատանքներ է տանում, որոնք ուղղված են օրենքի խախտումների կանխմանը և բանակի կարգապահության ամրապնդմանը, մասնավորապես ակտիվ համագործակցություն է ձևավորվում զորամասերի հրամանատարության, ռազմական իրավապահ մարմինների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների միջև»,- հայտնել է Օհանյանը՝ նշելով, որ տվյալ քայլերը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից իրականացվող քաղաքականության բաղադրիչն են։
Նախարարը նաև մատնանշել է բանակի իրավագիտակցության մակարդակի բարձրացման ուղղությամբ տարված աշխատանքը, որը սերտորեն կապված է կրթության որակի աճի հետ և բանակային բարեփոխումների հիմնական ուղղություններից մեկն է։

«Պատահական չէ, որ այս տարին որպես ռազմակրթական բարեփոխումների տարի է հռչակվել։ Մենք շատ մեծ նշանակություն ենք տալիս կրթության դերին։ Վիճակագրությունը ցույց է տալիս, որ բանակում տեղի ունեցած հանցագործությունների մեծամասնությունը հիմնականում կատարվում են այն մարդկանց կողմից, ովքեր կրթության ոչ բավարար մակարդակ ունեն»,-ընդգծել է Օհանյանը։

Իր ուղերձի վերջում նախարարն ամփոփել է, որ ՊՆ-ի համար շատ կարևոր են տվյալ քննարկման արդյունքները, որոնք պաշտպանության ոլորտի հետագա բարեփոխումների համար մեթոդաբանական հիմք կծառայեն։
Ինչպես հայտնեց «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնության ծրագրերի փոխտնօրեն Դավիթ Ամիրյանը, նման միջոցառումների հիմնական նպատակը քննարկումների շարունակությունն է, որոնք չափազանց կարևոր են հասարակության և բանակի միջև կապի ամրապնդման առումով։
«Շատ անգամ այդ քննարկումները կնպաստեն Հայկական բանակի թափանցիկության մակարդակի բարձրացմանը»,- ասաց նա։

«Մարդու իրավունքները բանակում» կլոր սեղանի կազմակերպիչներն են ԵԱՀԿ երևանյան գրասենյակը, ԵԱՀԿ մարդու իրավունքների և ժողովրդավարական ինստիտուտների գրասենյակը, «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը: Միջոցառմանը մասնակցում են պետական կառույցների, Ազգային ժողովի, հասարակության, եկեղեցու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Աղբյուր՝ http://newsarmenia.am