ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
«Գնորդի և վաճառողի հանդիպման վայրը» փոխելը քաղաքապետարանը իրավունքների խախտում չի համարում

«Բացօթյա առևտուրն արգելվում է, որովհետև դա օրենսդրական պահանջ է, դա հասարակական պահանջ է, դա շարունակական պրոցես է, որը երբեք չի ընդհատվել, պարզապես այս պահին ծավալները ավելացել են և ավելի վճռական է արգելման դրսևորումը»,- փետրվարի 21–ին «Հենարան» մամուլի ակումբում այսպիսի հայտարարություն արեց Երևանի քաղաքապետարանի առևտրի և սպասարկումների վարչության մասնագետ Հովհաննես Ղալեչյանը։
Նա շեշտեց, որ քաղաքապետարանը ոչ թե արգելում է մարդկանց առևտրով զբաղվել, այլ առաջարկում է փոխել «գնորդի և վաճառողի հանդիպման վայրը»:
Սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը ողջունում է փողոցային առևտուրը կանոնակարգելու քաղաքապետարանի ջանքերը:
«Մեր քաղաքը վերածվել էր արաբական շուկայի»,- ասում է սպառողների իրավունքների պաշտպանը:
Նրա կարծիքով, փողոցային առևտրի մեջ գլխավոր խնդիրը վաճառվող ապրանքի որակի ու անվտանգության անվերահսկելիությունն է: Մյուս խնդիրը փողոցների, գետնանցումների հակասանիտարական և հակագեղագիտական տեսքն է, մայթերն ու գետնանցումները «բռնազավթված» են և թույլ չեն տալիս քաղաքացիներին փողոցում ազատ տեղաշարժվել:
Պողոսյանը համարում է, որ խնդրի միակ լուծումը բացօթյա առևտուրը արգելելն է: Նա նաև նշում է, որ այդ աշխատանքով մարդիկ իրենց ընտանիքն էին պահում և առաջարկում է ավելի մատչելի պայմաններով ապահովել նրանց: «3000 տեղ հատկացված է: Ես գտնում եմ, որ դա քիչ է: Ավելին պիտի լինի և զեղչ պիտի լինի՝ ավելի քիչ այն վարձից, որ նրանք փողոցում վճարում են անհայտ կամ շատ հայտնի մարդկանց»:
Երևանի քաղաքապետարանի առևտրի և սպասարկումների վարչության մասնագետի խոսքերով, փողոցային առևտուրը վերացնելուց հետո քաղաքապետը հանձնարարել է շուկաների տնօրեններին վերանայել առաջարկվող պայմանները և վարձավճարները: Իսկ վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարական է տրվել առաջարկելու հարմար տարածքներ, որտեղ քաղաքապետարանի միջոցների հաշվին պետք է տեղակայվեն փոքրածավալ շուկաներ: «Այս պահին 9 առաջարկ նախնական հավանության է արժանացել, և հանձնարարվել է քաղաքաշինության վարչությանը և գլխավոր դիզայներին նախագիծը պատրաստել և ներկայացնել քաղաքապետին»,- նշում է Ղալեչյանը։
«Առանց մեզ չանե՛ք»,- հավելում է Սպառողների ասոցիացիայի նախագահը: «Մենք» ասելով՝ Արմեն Պողոսյանը նկատի ունի ողջ հասարակությանը: Նա կարծում է, որ հասարակությունը պետք է մասնակցի բոլոր որոշումների կայացմանը և իր կարծիքն արտահայտի:
Լրագրողի այն հարցին, թե անփո՞ւյթ չէր արդյոք քաղաքապետարանի աշխատանքը և հնարավո՞ր չէր նոր շուկաները կառուցելուց հետո առևտրականներին հրավիրել այնտեղ, Հովհաննես Ղալեչյանը պատասխանեց.
«Ես Ձեր որակավորման հետ համաձայն չեմ: Նախապես զգուշացվել է մարդկանց, նոր շուկաներ չեն առաջարկվել, որովհետև արդեն գործող շուկաներ կան։ Դուք մի՞թե կհամարեք տրամաբանական, որ այն դեպքում երբ գործող շուկաները 10 տոկոսով են ծանրաբեռնված, նոր շուկաներ կառուցվեն։ Էդ դեպքում, կներեք, չգիտեմ ինչքանով է տեղին ասել, հնարավոր է, որ դուք ասեիք՝ այդ շուկաները կառուցվեցին, շահից ելնելով ստիպեցին մարդկանց տեղափոխվել շուկաներ»։
Քաղաքապետարանը նախատեսում է փոքր շուկաները տեղակայել առաջիկա 1-2 ամիսներին, մինչև բացօթյա առևտրի «բումը»: Ըստ Ղալեչյանի՝ նոր շուկաները համեմատաբար մատչելի պայմաններ կառաջարկեն առևտրականներին, իսկ գործող շուկաների պարագայում հնարավոր չէ վարձավճարի գին թելադրել մասնավոր տնտեսվարողներին:
Անցած շաբաթվա տվյալներով 150-200 մարդ արդեն տեղափոխվել են գործող շուկաներ: Ըստ քաղաքապետարանի աշխատակցի՝ այս թիվը անընդհատ փոփոխվում է:
Հովհաննես Ղալեչյանն այդպես էլ չնշեց, թե քանի առևտրական է մնացել առանց աշխատանքի: Նա միայն ասաց, որ բացօթյա առևտրով զբաղվող 2000-2500 սուբյեկտների մեծ մասը ունեցել է առևտրի համար տարածք, սակայն դուրս է եկել դրա սահմաններից:
Մերի Ալեքսանյան
Աղբյուրը՝ www.hra.am
