ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Բուժօգնության իրավունքը քրեակատարողական հիմնարկներում

ՀՀ քրեակատարողական հիմնարկների բժշկական սպասարկման ոլորտում այսօր առկա են բազմաթիվ խնդիրներ, որոնք լուծման կարիք ունեն:
Առաջին և հիմնական խնդիրն այն է, որ բժիշկները իրենց որոշումներում անկախ չեն Քրեակատարողական հիմնարկների վարչակազմից: Քրեակատարողական հիմնարկներում բուժսպասարկումն ու նրա վերահսկողությունը կազմակերպում է Քրեակատարողական վարչության բուժսպասարկման բաժինը: Բժշկի ցանկացած որոշում հաստատում կամ մերժում է վարչակազմը, իսկ այդ մեխանիզմը գործում է բյուրոկրատական սկզբունքներով: Այնինչ բժիշկը գործ ունի մարդու առողջության հետ, և յուրաքանչյուր որոշում պետք է իրագործվի արագ և համապատասխան իրավիճակին: Բազմաթիվ են դեպքեր, երբ բժշկի որոշումը` հիվանդ ազատազրկվածին «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ կամ որևէ քաղաքացիական հիվանդանոց տեղափոխել համապատասխան մասնագիտացված բժշկական օգնություն/հետազոտություններ կամ բուժում ստանալու համար պահանջվել է երկար ժամանակ, առանձին դեպքերում մինչև մեկ ամիս, որի պատճառով ազատազրկված դատապարտյալի առողջական վիճակը է՛լ ավելի է բարդացել կամ անդառնալի հետևանքներ ունեցել: Ուշագրավ է նաև այն փաստը, որ երբ քրեակատարողական հիմնարկներում պահվող ազատազրկվածների նկատմամբ ուժ է կիրառվում աշխատակիցների կողմից, բժիշկը կաշկանդված է ազատազրկվածի վնասվածքները գրանցելու գործում: Վնասվածքները հիմնականում չեն գրանցվում կամ նկարագրվում են մակերեսորեն: Ըստ ՀՀ քրեակատարողական ծառայության մասին օրենսգրքի (գլուխ 2, հոդված 4-րդ, կետ 7-րդ)՝ քրեակատարողական ծառայության հիմնական խնդիրներից է` կալանավորվածների և դատապարտյալների կյանքի ու առողջության պահպանման ...պատշաճ պայմանների ապահովելը։ Ցանկալի է, որ վարչակազմը միայն կազմակերպի և ապահովի համապատասխան անհրաժեշտ բուժօգնություն կամ բժշկական խորհրդատվություն: Դժվարություններ են առաջանում քրեակատարողական հիմնարկներից համապատասխան բժշկական հիմնարկ տեղափոխման ժամանակ, քանի որ հստակ կանոնակարգված չէ, թե ինչպես կամ ինչ միջոցներով պետք է այն կազմակերպել, այդ պատասխանատվությունը ուղղակի դրված է ՔԿՀ պետի վրա:
Երկրորդը բուժաշխատողների հաստիքները անհրաժեշտ մասնագետներով համալրելու խնդիրն է: Նախորդ տարիներին կային քրեակատարողական հիմնարկներ, որտեղ նույնիսկ բժիշկ մասնագետ չկար, այսօր այդ հարցը փոքրինչ լուծված է, բայց դեռևս կան թափուր տեղեր: Բժիշկներից ոմանք ունեն նեղ մասնագիտացում (օրինակ, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ կամ վիրաբույժ), որոնց մասնագիտական ունակությունները կիրառելի չեն ՔԿՀ-ներում, ավելին՝ նրանց վերապատրաստումը քրեակատարողական հիմնարկներում ծառայելու համար պարտադիր և կանոնակարգված չէ:
Երրորդ խնդիրը ՔԿՀ-ների բուժսպասարկման բաժինների դեղորայքով ապահովումն է, որը կատարվում է կենտրոնացված մատակարարման մեխանիզմով: Այն է՝ յուրաքանչյուր տարի կազմվում է անհրաժեշտ գնումների ցանկ, որի հիման վրա Պետական գնումների գործակալության միջոցով կազմակերպվում է մրցույթ մատակարարների միջև: Կարծում ենք, միայն կենտրոնացված մեխանիզմով լիարժեք չի կազմակերպվում դեղորայքի մատակարարումը, քանզի դժվար է կանխատեսել ազատազրկվածներին անհրաժեշտ դեղորայքի քանակ և տեսականին: Օրինակ, չեն կարող իմանալ՝ տվյալ տարում կունենա՞ն հղի ազատազրկված, թե՞ ոչ, կամ ի՞նչ դեղորայքի կարիք կունենա նա, կամ որևէ քրեակատարողական հիմնարկում որքան հիպոտենզիվ դեղամիջոցների անհրաժեշտություն կլինի մինչև տարեվերջ: Ավելին՝ հեռավոր քրեակատարողական հիմնարկներում լիարժեք չի գործում դեղորայքի կենտրոնացված մատակարարումը, այն է՝ եթե դեղորայքի որևէ մեկ կամ երկու տեսակ վերջանում է, ուղղակի անհնարին է անմիջապես կազմակերպել նրա մատակարարումը կենտրոնացված մեխանիզմով, մինչդեռ քրեակատարողական հիմնարկում դեղորայքի անհրաժեշտությունը պահպանվում է: Կան դեպքեր, երբ նախատեսված դեղորայքի որոշ մասը չի ծախսվել, և ականատես ենք եղել ժամկետանց դեղորայքի առկայություն քրեակատարողական հիմնարկներում: Չկա ժամկետանց դեղորայքի ոչնչացման մեխանիզմ, որի պատճառով երբեմն դուրս գրված դեղորայքը պահպանվում է քրեակատարողական հիմնարկներում: Չի բացառվում նաև դրա օգտագործումը:
Արդիական է նաև բժշկական սարքավորումներով հագեցվածությունը քրեակատարողական հիմնարկներում: Օրինակ, բացի «Նուբարաշեն» ՔԿՀ-ից, ոչ մի այլ քրեակատարողական հիմնարկներում չկան լաբորատորիաներ, կամ «Աբովյան» ՔԿՀ-ում, որտեղ պահվում են կանայք, համապատասխան գինեկոլոգիական հետազոտություններ կամ տարրական միջոցառումներ անհնար է կազմակերպել: ՔԿՀ-ում հանդիպում են հնամաշ բժշկական գործիքներ, որոնցով բժիշկը ստիպված է բժշկական միջամտություն կատարել: Կան դեպքեր, երբ երկար ժամանակ (մոտ 3 ամիս) ՔԿՀ չի կարողացել ձեռք բերել գլյուկոմետրի ստրիպներ, որոնցով պետք է առնվազն ամիսը 2 անգամ չափվեն շաքարային դիաբետով տառապող հիվանդների արյան մեջ գլյուկոզայի քանակը:
Լուրջ բացթողում է բուժանձնակազմի կողմից բժշկական փաստաթղթերի ոչ պատշաճ լրացումը, հաճախ նաև համապատասխան փաստաթղթերի բացակայությունը: Կան դեպքեր, երբ հիվանդ ազատազրկվածը գտնվում և բուժում է ստանում ՔԿՀ-ի բուժմասում, բայց չեն բացվում նրա համար հիվանդության պատմագիր, չի նշվում ազատազրկվածի առողջական վիճակի մասին կամ կազմակերպված բժշկական օգնության մասին, դեղորայքի ցանկն ու չափաբաժինը: Տեղին է հիշել 2010թ. Եվրադատարանի վճիռներից մեկը` Աշոտ Հարությունյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության, այն մասով, որ նա ազատազրկման վայրում չի ստացել համապատասխան բուժօգնություն (դատարանը դա դիտել է որպես Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների մասին եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում), և ՀՀ պարտավորեցրել է վճարել 16000 եվրո գումար նրա ընտանիքին:
Խնդիր է նաև ազատազրկվածների ՔԿՀ ընդունվելիս և ազատվելիս նրանց առողջական վիճակի համալիր հետազոտությունը: Ըստ ՀՀ կառավարության 825-ն որոշման կետ 28՝ ազատազրկված անձը ՔԿՀ ընդունվելիս պետք է ենթարկվի բուժ զննման, բայց այն լիարժեք և համալիր չի կազմակերպվում, հիմնականում գրառվում են ազատազրկվածի գանգատները, ճնշումը, պուլսը կամ արտաքին զննման արդյունքները, քանի որ ՔԿՀ-ներում չկան համապատասխան պայմաններ և միջոցներ տեղում կազմակերպելու ամբողջ անհրաժեշտ հետազոտությունները: Էլ ավելի խրթին է պատկերը ազատազրկվածների ազատման ժամանակ: Կարելի է ասել, որ չգիտենք՝ ի՞նչ առողջական վիճակում է ազատազրկվածը վերադառնալու հասարակություն:
Այսպիսով, կարող ենք ասել, որ բժշկական ծառայությունը ՔԿՀ-ներում դեռ բավականին անելիքներ ունի, ազատազրկվածների առողջության պահպանման կազմակերպման և իրականացման գործում: Հույսով ենք, որ մեր բարձրացրած խնդիրները մեկ անգամ ևս պատկան մարմինների ուշադրությանը կարժանանան և կստանան իրենց համապատասխան լուծումները: Չէ՞ որ առողջությունը ամենաթանկն է կյանքում:
Լաուրա Գասպարյան
«Գրիգոր Մագիստրոսի անվան բժիշկների միաբանության» անդամ, Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում
հասարակական վերահսկողություն իրականացնող
հասարակական դիտորդական խմբի փոխնախագահ
Աղբյուր՝ www.hra.am
