Խախտվում են նամակագրության, դիմումներ և բողոքներ հղելու իրավունքները

ՀՀ Արդարադատության նախարարության ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբը արձանագրել է, որ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի վարչակազմի կողմից խախտվում են «Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագիր Նիկոլ Փաշինյանի նամակագրության, դիմումներ և բողոքներ հղելու իրավունքները:

Այս մասին դիտորդական խումբը հրատապ հաշվետվություն է ուղարկել Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին, որին նախարարը պատասխանել է մամլո հաղորդագրություն տարածելով: Օրենքով սահմանված եռօրյա ժամկետում գրավոր պատասխան չստանալով՝ փետրվարի 17-ին դիտորդական խումբը ասուլիս է հրավիրել և հրապարակել հաշվետվությունը: Հաշվետվությունը նաև թարգմանվել և ուղարկվել է ԵԱՀԿ գրասենյակին և ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգին:

«Երեկ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունը իր նամակում նշում էր, որ 9 նամակ է հունվար ամսին Նիկոլ Փաշինյանի կողմից ներկայացվել: Մեկը՝ հունվարի 9-ին մեր ներկայությամբ գրանցամատյանով ընդունված նամակն է, մնացած 8-ը՝ ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգի ներկայությամբ ընդունված 8 նամակներն էին: Այսինքն՝ դուրս է գալիս, որ Նիկոլ Փաշինյանի նամակները ընդունվում են վարչակազմի կողմից կա՛մ դիտորդական խմբի ներկայությամբ, կա՛մ մարդու իրավունքների հանձնակատարի ներկայությամբ, բայց հիմա արդեն խմբի ներկայությամբ էլ չեն ընդունում»,- ասում է Դիտորդական խմբի ղեկավար Արթուր Սաքունցը:

Դիտորդական խմբի անդամ, իրավապաշտպան Էդմոն Մարուքյանի խոսքերով, ամեն անգամ, երբ Փաշինյանը պետք է հանդիպի իր փաստաբանի հետ, նրան խուզարկում են և թույլ չեն տալիս որևէ թուղթ վերցնել իր հետ և փոխանցել փաստաբանին: «Փաստաբանները իրավունք ունեն անարգել հանդիպելու, նրա պաշտպանության հետ կապված փաստաթղթեր փոխանակելու նրա հետ, և սա չի կարող որևէ կերպ միջամտվել պետության կողմից: Եվ նման միջամտությունը կլինի, ըստ էության, պաշտպանական իրավունքի խախտում, ինչպես նաև դատարանի մատչելիության իրավունքի խախտում»,- ասում է Մարուքյանը:

Արթուր Սաքունցը լրագրողներին փոխանցեց, որ դիտորդական խմբի վերջին այցելությունից հետո Նիկոլ Փաշինյանի խուցը խուզարկել են: Այս մասին նրան ասել է անձամբ Փաշինյանը վերաքննիչ դատական նիստի ընդմիջման ժամանակ: «Այսինքն, վարչակազմը մտածել է, որ դիտորդները փորձել են կամ կարող էին դատապարտյալին ինչ-որ բան փոխանցել: Սա շատ ճղճիմ գործելակերպ է, որով փորձում են ստվեր գցել դիտորդական խմբի գործունեության վրա, որի համար որևէ հիմք, որևէ կասկած չկա»,- եզրակացնում է Սաքունցը: Էդմոն Մարուքյանն էլ հավելեց, որ դիտորդական խմբի գործունեության 6 տարիների ընթացքում երբևէ նման դեպք չի արձանագրվել և նման գործելաոճը ուղղված է դիտորդական խմբի նկատմամբ վստահության խաթարմանը և խմբի կազմալուծմանը:

Իսկ ինչո՞վ է պայմանավորված նման վերաբերմունքը Փաշինյանի նկատմամբ: Լրագրողի այս հարցին Արթուր Սաքունցը պատասխանեց. «Պատճառը հոդվածներն են: Նիկոլ Փաշինյանը՝ որպես լրագրող, իր տեսակետն ունի, որը հրապարակում է: Եվ ըստ էության՝ նամակագրության իրավունքի խախտման միջոցով խախտվում է նրա արտահայտման ազատության իրավունքը: Նիկոլ Փաշինյանը ոչ սովորական դատապարտյալ է, որովհետև անհիմն դատապարտված անձը (դա կոնկրետ իմ անձնական կարծիքն է), քաղաքական հայացքների համար դատապարտված քաղբանտարկյալը չպետք է գտնվի քրեակատարողական հիմնարկներում, և ՔԿՀ-ները շատ անսովոր վիճակում են հայտնվում. նրանք չգիտեն՝ իրենց ինչպես պահեն նման դատապարտյալների հետ և տալիս են քաղաքական հրահանգներ, որը իրավական դաշտից դուրս է»:

Հիշեցնենք, որ տվյալ խնդրի հետ կապված ՀՀ արդարադատության նախարարությունը ևս հանդես էր եկել հայտարարությամբ։

Մերի Ալեքսանյան
Աղբյուրը՝ www.hra.am