«Իմ էրեխու աչքը լավցուն, իմ երեխեն թող էթա, ծառայե, գա...»

Գոտու մետաղական մասով հասցված հարվածից առաջացած տեսողական խնդիրները պարզելու համար ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով Լեռնային Ղարաբաղում ծառայող 18 ամյա Մայիս Աղաբաբյանը ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ տեղափոխեց, և այժմ չի բացառվում, որ մոտակա օրերի ընթացքում նրան նորից տեղափոխեն ծառայության։

Այդ մասին Աղաբաբյանի մոր՝ Ռոզա Կարապետյանի խոսքով, իր որդուն հայտնել են փետրվարի 16-ին՝ ասելով, որ իրականում աչքերը թեթևակի խնդիրներ ունեն, և նա նորից պետք է ծառայի։

Նշենք, որ բժիշկները շարունակում են պնդել, որ Աղաբաբյանը չունի տեսողական լուրջ խնդիրներ և պիտանի է ոչ շարային ծառայության, ծնողները չեն հավատում բժիշկներին, քանի որ իրենց տղան ասում է, որ խավար է տեսնում ձախ աչքով, երբեմն այդ աչքը նաև ամբողջությամբ կուրանում է։

«Աչքս այսպես սովորական տեսք ունի, բայց ավտոյի ֆանարիկը կա՞ չէ , հոսանքը պետք է գա, որ լամպուշկան վառի, հոսանքը չի գալիս»,- այսպես է իր տեսողությունը hra.am-ին բնութագրում Աղաբաբյանը։

Աղաբաբյանը նաև նշում է, որ թեև փաստացի գրել են, որ պիտանի է ոչ շարային ծառայության համար, բայց բանակ տանելուց հետո ծառայել է ինչպես ցանկացած ծառայող ու չի բացառում, որ այս անգամ էլ նույնը կլինի։

«Իմ էրեխու աչքը լավցուն, իմ երեխեն թող էթա ծառայե գա»,- ասում է զինվորի մայրը։
Տղան վնասվածքը ստացել է համածառայող Շահեն Աղասյանի կողմից 2010թ. օգոստոսի 11-ին, 1,5 ամիս ծառայությունից հետո։ Օգոստոսի 12-ին զինվորը տեղափոխվել է Մարտունու զինհոսպիտալ, որից հետո նույն օրը նրան տեղափոխել են Ստեփանակերտի զինհոսպիտալ, իսկ հաջորդ օրը ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, որտեղ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Հարուցվել է քրեական գործ ՀՀ ՊՆ քննչական ծառայության առաջին կայազորային քննչական բաժնում Քրեական օրենսգրքի 359 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով, և Աղաբաբյանը ճանաչվել է տուժող։ Այնուհետև գործը 359 հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով մեղադրական եզրակացությամբ 22.10.10թ. ուղարկվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան։

ՀՀ ՊՆ քննչական ծառայության պետ Արմեն Հարությունյանը հոկտեմբերի 9-ին N193-դ պատասխան դիմումով պարզաբանել է, որ դեպքը տեղի է ունեցել 23։00-ի սահմաններում։
«Զորամասի շարահրապարակում շարքով վազելու ընթացքում, խախտելով զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում, ստորացնելով համածառայող, շարքային Մայիս Մելիքի Աղաբաբյանի պատիվն ու արժանապատվությունը, հայհոյել է նրան և զինվորական գոտիով հարվածել վերջինիս դեմքին` պատճառելով մարմնական վնասվածք ձախ աչքի շրջանում»,- ասված է Հարությունյանի պատասխան նամակի մեջ։

Հետագայում արդեն դեկտեմբերի 9-ին ստացած պատասխան նամակում ՀՀ ՊՆ կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի նախագահ Ա.Պետրոսյանը նշել է առաջին փորձաքննության արդյունքները։

«ՕՏ մնացորդային երևույթներ ակնագնդի 2-րդ աստիճանի կոնտուզիայից հետո՝ եղջերաթաղանթի հարկենտրոնական թույլ ինտենսիվության պղտորում, բբային եզրի թույլ արտահայտված ճեղքեր(ժ.4-ժ.5)։ OD առողջ (vis OD=0.5, vis OS=0.2-0.3) Անամնեզում տարած իրավիճակային տագնապային ռեակցիա ախտորոշմամբ հետազոտվողը կրկին ճանաչվել է պիտանի ոչ շարային ծառայության»։

Այս բարդ բժշկական տերմինները ծնողները, բժիշկների բացատրությամբ, հասկացել են այսպես, որ իրենց տղայի աչքը 7մմ ճեղքվածք է ստացել, որից միայն 2 մմ-ն է փակվել, իսկ ներկայումս իրենց տղան ասում է, որ խավար է տեսնում ձախ աչքով։

Ս.Վ.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն ՓԲԸ-ի տնօրեն Ալեքսանդր Մալայանը, ում կենտրոնում իր խոսքերով Աղաբաբյանը մոտ 2000 դոլարի փորձաքննություն է անցել, www.hra.am-ին հայտնում է, որ իրենց կարծիքով տղան ու ծնողները չափազանցնում են ամեն ինչ։

Մալայանը նշում է, որ «ճեղքվածք» տերմին որպես այդպիսին չկա, կա թափանցող վերք հասկացություն, որը, եթե 1մմ էլ լինի անհապաղ վիրահատություն չիրականացնելու դեպքում մարդուն կարող է հասցնել կուրության, բայց նա բացառում է դա Աղաբաբյանի պարագայում։

«Այդ երեխան ռազմաբժշկական ոլորտի կեսը և մի քանի կլինիկաներ պարացնում է... Աչքերը տեսնում են , բավականին լավ, աչքերի կողմից տեսանելի փոփոխություններ չկան»,- www.hra.am-ին հայտնում է Մալայանը։

Բայց նա հրաժարվում է ցույց տալ փաստացի տվյալներ, որոնք ապացուցում են իր խոսքերը, չնայած խոստովանում է, որ այդ տեղեկությունները գաղտնիք չեն։

«Ես աստծուց ներողություն եմ խնդրում, բայց եթե հիմա, եթե ես իր մոտ հիվանդություն գտնեմ, ես չեմ գրի»,- ասում է Մալայանը՝ զայրանալով, որ զինվորի մայրը բողոքում է բոլոր պետական կառույցներին։

Այս գործով փաստաբան Սեդա Սաֆարյանը www.hra.am-ին հաղորդեց, որ Ստեփանակերտի դատարանը չի բավարարել գրության պահանջը, որով խնդրել է իրեն տրամադրել քրեական գործի նյութերը, որտեղ էլ գտնվում են նաև բժշկական փաստաթղթերը։

Թեև ծնողները նշում են, որ Ս.Վ.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի բժիշկներից Սոֆյա Կասյանը իրենց որդուն զննելուց հետո ասել է, որ տղայի տեսողությունը գտնվում է վատ վիճակում, Կասյանը այժմ հրաժարվում այդ խոսքերից։

www.hra.am-ը պարզաբանումներ ստանալու համար դիմեց նաև ՀՀ Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանին, ով նշեց, որ պետք չէ ամեն մի զինվորականի առողջական խնդիրներ ունենալու պարագայում դիմել նախարարություն։

«Տասնյակ հազարավոր զինվորների մեջ բնական է ու անխուսափելի է, որ կլինեն հիվանդներ, որոնք բուժվում են, ու ամեն օր 4 անգամ նույն մարդու մասին տեղեկատվություն խնդրեմ մի՛ հարցրեք։ Որը աբսուրդ է ու անհեթեթություն է ու խայտառակություն է, միայն Հայաստանին է բնորոշ դա։ Ոչ մի նորմալ երկրում ինչ-որ զինվորի առողջական վիճակի մասին տեղեկություն չկա։ Ամերիկյան բանակում էլ, ռուսական բանակում էլ կան հիվանդ զինվորներ, բայց դա թերթերի առաջին էջերում չի»,- ասաց Կարապետյանը՝ ավելացնելով, որ տեղեկությունը հասանելի կլինի միայն, երբ կավարտվի հետազոտությունը, և մասնագիտական եզրակացություն կտրվի։

Զինվորի ծնողները համոզված են, որ բժիշկները սխալ եզրակացություն են տալիս, քանի որ իրենց տղային հարվածող Շահեն Աղասյանը ԼՂՀ քաղաքացի է, և նրա հայրը պատերազմի մասնակից է և ունի մեծ հարգանք։ Ասում են, որ Շահեն Աղասյանը անձամբ է Մայիս Աղաբաբյանին հայտնել, որ իրեն բանտ կնստեցնեն, եթե պարզվի, որ Աղաբաբյանը ունի տեսողական լուրջ խնդիրներ։

Կարինե Իոնեսյան

Աղբյուրը՝ www.hra.am