Անվտանգության ելակետը մարդն է

Հայկական զինված ուժերում տեղի ունեցող միջադեպերը կրկին հայտնվել են հասարակության ուշադրության կենտրոնում: Վերջին օրերին մամուլում հայտնվեց տեղեկություն հերթական զոհի, ինչպես նաև ծեծի հերթական դեպքի մասին, որի հետևանքով զինծառայողներից մեկը գտնվում է կուրացման վտանգի առաջ: Կարծես թե նկատելի է, որ աղմկոտ միջադեպերի առատությամբ աչքի ընկած 2010 թվականից չեն արվել պատշաճ հետևություններ, և զինված ուժերում շարունակում է գերիշխել նույն մթնոլորտը, որը հանգեցնում է մարդկային ողբերգությունների:

Այդ իմաստով ակնհայտ է, որ խնդրի լուծումը երկու հարթության վրա է: Առաջինը գտնվում է իրավակազմակերպական տիրույթում, երբ իրապես բացահայտվում և պատժվում են բոլոր հանցագործությունները, այդպիսով դառնալով նաև դրանց հետագա կրկնության կանխարգելիչ լուրջ գործոն: Բացի այդ, նաև կատարվում է վերահսկողական լուրջ աշխատանք, որպեսզի այդ առումով չլինեն չարաշահումներ:

Մյուս տիրույթն արժեքներն են, այն սկզբունքները, որոնց վրա կառուցվում են, ձևավորվում, կայանում և գործում զինված ուժերը: Ընդ որում, այդ տիրույթը շատ ավելի կարևոր է, քանի որ այդտեղ թերացումների պարագայում, իրավակազմակերպական աշխատանքը լինելու է խիստ անարդյունավետ:

Գաղտնիք չէ, որ հայկական զինված ուժերը գտնվում են այսպես ասած խորհրդա-ռուսական արժեհամակարգում: Հայկական բանակում գործում են սպա-զինվոր, զինվոր-զինվոր, սպա-սպա փոխհարաբերությունների խորհրդա-ռուսական արժեքներն ու կանոնները: Այդ արժեքների և կանոնների շրջանակում բանակային մթնոլորտում նորմալ է դիտվում ստորադասի, թույլի, համեստի, պարկեշտի, գրագետի նվաստացումը: Խորհրդային գաղափարախոսական պատյանի վերացումից հետո այդ արժեքներին ու կանոններին ազատորեն խառնվեցին նաև գողական հասկացությունները, բանակային մթնոլորտը մոտեցնելով սրբապղծության աստիճանի: Բանն այն է, որ այդ մթնոլորտում սկսեց պղծվել մարդ հասկացությունը:

Այդ մթնոլորտում հայտնվող օրինապահ, պարկեշտ, համեստ, զուսպ, գազանությունից հեռու մարդը կանգնում է դրանից կամ հոգեպես կամ ֆիզիկապես հաշմանդամ դուրս գալու իրական վտանգի առաջ: Այդպես է ոչ միայն հայկական, այլ բոլոր այն բանակներում, որտեղ մթնոլորտային հիմքի կարգավիճակում խորհրդա-ռուսական համակարգն էլ: Դրանում մարդը ընդամենը գործիք է ինչ-ինչ հասկացությունների սպասարկման համար, իսկ հասարակությունն ընդամենը արդարացման սուբյեկտ, երբ բանակային արատները վերագրվում են հանրային արատներին, փոշիացնելով, լղոզելով պատասխանատվությունը:

Թեև Հայաստանի զինված ուժերի ղեկավարությունը, ինչպես նաև երկրի քաղաքական ղեկավարությունն արդեն քանի տարի է սերտ գործակցության մեջ է ՆԱՏՕ-ի հետ, թեև զինված ուժերի կառուցվածքում և գործունեության մեջ ավելի ու ավելի զգալի տեղ է գրավում այսպես ասած ՆԱՏՕ-ական մեթոդիկան, այդուհանդերձ հայկական զինուժը դեռևս դրան առնչվում է միայն դե յուրե, իսկ փաստացի առումով այդ ամենը որևէ ազդեցություն չի թողնում բանակային մթնոլորտի, բանակային արժեհամակարգի վրա:

Մինչդեռ դա կարևոր խնդիր է, որովհետև ի տարբերություն խորհրդա-ռուսական համակարգի, ՆԱՏՕ-ական բանակային համակարգում մարդը ունի առանցքային արժեք: Խոսքը իրավիճակի իդեալականացման մասին չէ: Իհարկե, ՆԱՏՕ անդամ երկրների բանակներում էլ զինծառայողը հանդիպում է բարդությունների թե ծառայության բերումով, թե ծառայակիցների բնավորության և տեսակի բերումով: Սակայն խնդիրն այստեղ այն չէ, որ ՆԱՏՕ-ի արժեհամակարգը բացառում է այդպիսի երևույթները: Խնդիրն այն է, որ ՆԱՏՕ-ի բանակային արժեհամակարգում այդպիսի երևույթների պարագայում իրենց թերևս ավելի պաշտպանված են զգում տուժողները, քան մեղավորներն ու պատասխանատուները:

Դա թերևս ելակետային տարբերություն է, ինչը խոշոր հաշվով հանգեցնում է մթնոլորտային լուրջ տարբերության: Իսկ հասարակությանն այդ ամենում վերապահվում է վերահսկողի, ոչ թե պատասխանատվությունն ակամ իր վրա վերցնողի դերը: Կրկնում եմ, պատրանքների և իդեալիզացիայի կարիք չկա: Որևէ բանակային համակարգ հրեշտակների դպրոց կամ ջենթլմենների ակադեմիա չէ: Բայց ամբողջ հարցն այն է, թե ինչ արժեքներ են հայտարարվում առաջնահերթ և ինչքան է այդ առաջնահերթությունների հետևողական պաշտպանության աստիճանը:

ՆԱՏՕ անդամ երկրների բանակները, իհարկե խոսքը ՆԱՏՕ-ի հնաբնակ երկրների մասին է, համարվում են տեխնոլոգիապես ամենազարգացած, ամենամարտունակ բանակները, որտեղ գնահատվում է զինվորի կյանքը, որտեղ ամեն ինչ արվում է անգամ պատերազմական գործողություններում ամեն մի զինվորի անվտանգության մակարդակը հնարավորինս բարձր պահելու համար: Այդ արդյունքը ձեռք է բերվում հենց արժեքային առաջնահերթությունների հնարավորինս օպտիմալ, ամեն մի մարդուն, անհատին հնարավորին մոտ և հոգեհարազատ ընտրություն կատարելու շնորհիվ:

Բանն այն է, որ չի կարող հասարակության, պետության պաշտպանության, անվտանգության ապահովման գրավական լինել մի կառույց, որտեղ առանձին վերցված մարդիկ իրենց պաշտպանված չեն զգում: Հետևաբար, թերևս հենց այդտեղ է կայանում անվտանգության, անվտանգության ապահովման մեխանիզմների հանդեպ արևմտյան և խորհրդա-ռուսական պատկերացումներ, արժեհամակարգերի առանցքային տարբերությունը` անվտանգ հասարակություն և անվտանգ էլիտա կարող է լինել այնտեղ, որտեղ անվտանգ է մարդը` առանց խտրականության:

Հակոբ Բադալյան

Աղբյուր՝ http://lragir.am