ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Լրատվամիջոցներ. ինչպես աշխատել նեղ պայմաններում

Փետրվարի 9-ին, Սիվիլիթաս հիմնադրամը կազմակերպել էր քննարկում` «Լրատվամիջոցներ. ինչպես աշխատել նեղ պայմաններում» թեմայով: Հյուրերն էին` «Գալա» հեռուստաընկերության գործադիր տնօրեն Կարինե Հարությունյանը, ԼՂՀ-ում լույս տեսնող «Անալիտիկոն» հանդեսի գլխավոր խմբագիր Գեղամ Բաղդասարյանը և Epress ինտերնետային պարբերականի համահիմնադիր Արմեն Մելիքբեկյանը:
Քննարկման էին դրվել այնպիսի հարցեր, ինչպիսիք են Հայաստանում որակյալ լրատվամիջոցների կայացման խնդիրները, արդյո՞ք քաղաքական անկախության բացակայության պատճառը ֆինանսական անկախության պակասն է, ի՞նչ են շահում իշխանությունները հեռարձակվող լրատվամիջոցների ազատությանը խոչընդոտելով, ի՞նչ մակարդակի վրա է լրագրությունը, և արդյոք կա՞ն հնարավորություններ ստեղծված պայմաններում ավելի որակյալ լրատվություն մատուցելու:
Գալա հեռուստաընկերության գործադիր տնօրեն Կարինե Հարությունյանը նշեց, որ իրականում այն, որ փակել են Գալա հեռուստաընկերությունը, ոչ միայն նպատակ էր հետապնդում պատժելու Գալային իրենց ակտիվ գործունեության համար, այլև պարզապես Գալայի փակումը ազդանշան էր մյուս ալիքների համար, որ նույնը կարող է վաղ թե ուշ տեղի ունենալ իրենց հետ ևս, եթե չափազանց շատ ակտիվություն ցուցաբերեն, օրինակ, քաղաքական ոլորտում: Տիկին Հարությունյանը նշեց, որ իրականում հեռուստաընկերություններն ու մամուլը պետք է ուղղակի իրենց գործն անեն և անեն դա լավ, և հույս չդնեն երբևիցե որևէ ուժի վրա, կլինի դա իշխանությունը, թե ընդդիմությունը, հատկապես, երբ դրանց միջև սահմանները շատ «լղոզված են»: Այնուամենայնիվ, տիկին Հարությունյանը շատ դրական էր տրամադրված այն առումով, որ ինչպես ինքը նշեց` հավատում է, որ կգա ժամանակ, երբ լրատվամիջոցները կհասկանան, որ չկա այլընտրանք, կա միայն մի ճանապարհ` անկախ գործունեություն:
Պարոն Բաղդասարյանը իր հերթին նշեց, որ այսօր լրատվամիջոցների խնդիրներից մեկն այն է, որ հանրապետության բնակչության ճնշող մեծամասնությունը ինֆորմացիա ստանում է հեռուստացույցից, իսկ թերթերը, որոնք ավելի ուժեղ ազդեցություն կարող են ունենալ բնակչության վրա, ինչպես այլ երկրներում, իրականում բացարձակապես կախված չեն ընթերցողից: Եթե կա գումար, թերթը հրատարակվում է, եթե չկա` ոչ: Տպագրվելուց հետո էլ տեղադրվում են նյութեր ոչ թե ըստ պահանջարկի, այլ ըստ խմբագիրների «նախասիրության»: Բայց չէ՞ որ ճաշակը ձևավորում է հանրությունը:
Հատկանշական է, որ ինչպես պարոն Բաղդասարյանը նշեց, ունենալ անկախ մամուլի ինստիտուտ իրականում շատ թանկ հաճույք է, քանի որ այդ դեպքում լրատվամիջոցները նախևառաջ պիտի ինքնուրույն կարողանան իրենց ֆինանսավորել, իսկ դա մեր պայմաններում դժվար է: Ուստի կախվածություն է առաջանում պետությունից, իսկ այս պարագայում էլ, ով վճարում է, նա էլ պատվիրում է:
Եվս մեկ հետաքրքիր փաստ, որի մասին խոսեց պարոն Բաղդասարյանը, այն էր, որ տեղեկատվական դաշտը չի կարող սպասել, մինչև որ կկայանա պետությունը, և նոր միայն սկսել լուսաբանել այն ամենը, ինչ տեղի է ունենում այդ ոլորտում: Միևնույն ժամանակ էլ պետությունը չի կարող համարվել կայացած առանց անկախ մամուլի: Ուստի միգուցե պետությունը մտածի այն հարցի շուրջ, որ նրանք պիտի միասի՞ն կայանան:
Ինչ վերաբերում է համացանցին և, մասնավորապես, Epress ինտերնետային պարբերականին, ապա ինչպես պարոն Մելիքբեկյանը նշեց, էլեկտրոնային մամուլը ավելի լայն հնարավորություններ ունի լուսաբանման առումով, ինչը, սակայն, մի կողմից լավ է, իսկ մյուս կողմից էլ վատ է այնքանով, որքանով հաճախակի են տեղադրվում լուրեր, որոնք իրականությանը չեն համապատասխանում: Այնուամենայնիվ, էլեկտրոնային մամուլի դաշտը ևս քիչ թե շատ իշխանությունների ուշադրության կենտրոնում է, և լինում են դեպքեր, երբ որոշ լուրեր չեն լուսաբանվում: Օրինակ, ինչպես նշեց պարոն Մելիքբեկյանը, ադրբեջանական ֆիլմերի փառատոնի մասին իրադարձությունները թերևս նախնական շրջանում լուսաբանվում էին միայն Epress ինտերնետային պարբերականի կողմից, և նույնիսկ կային լրագրողներ, ովքեր իրենց գոհունակությունն էին հայտնում այդ առումով, քանի որ իրենց արգելված էր այդ թեմայով գրել:
Պարոն Մելիքբեկյանը նշեց նաև, որ թեև 2008թ-ից հետո շատ բան է փոխվել համացանցի դաշտում, և օգտվողների քանակն ավելացել է, այնուամենայնիվ, դեռ շատ ժամանակ կա, որպեսզի գոնե կիսով չափ համացանցը փոխարինի հեռուստացույցին ողջ ՀՀ տարածքում:
Ի հավելումն նշվեց, որ, այնուամենայնիվ, պետք չէ հենվել համացանցի վրա և հույս ունենալ, որ ինչպես այլ երկրներում, այնպես էլ Հայաստանում, ինտերնետը կարող է հեղափոխել հասարակությունը և քաղաքական դաշտը, քանի որ միայն այն փաստը, որ, օրինակ, միայն Epress ինտերնետային պարբերականի կայքէջ 1000 այցելողներից 920-ը Երևանից են, ինչպես նաև ինտերնետի դեռևս թանկ լինելը վկայում են այն մասին, որ դեռ 10 տարի էլ պետք կլինի, որպեսզի համացանցը որևէ շարժ մտցնի հասարակության մեջ և դրդի փոփոխությունների համար պայքարի:
Ինչ վերաբերում է անկախ լրատվական դաշտ ստեղծելուն, ապա ևս մեկ ճիշտ կարծիք հնչեց, այն է`բիզնեսը ևս կարող է այս հարցում մեծ դեր խաղալ, եթե ևս չլինի պետությունից կախյալ վիճակում: Իրականում այսօր գովազդները տեղադրվում են կայքերում ոչ թե ըստ կայքի առավել շատ ընթերցողներ ունենալու համար, այլ կայքի քաղաքական կողմնորոշվածության հիման վրա: Քանի որ, եթե լիներ հակառակը, ապա ըստ տրամաբանության, այնպիսի կայքեր ինչպիսիք են www.a1plus.am, www.azatutyun.am, որոնք մեծ քանակությամբ ընթերցող ունեն, պիտի ավելի շատ գովազդներ ունենային իրենց կայքերում, քան, օրինակ, www.tert.am կայքը:
Սոֆյա Մանուկյան
Աղբյուր՝ www.hra.am
