ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Գյումրիից Բավրա բողոքի ավտոերթը սկսել է. գյումրեցիներին միացել են նաև Ստեփանավանի ու Տաշիրի վարորդները
Գյումրիի Ժուռնալիստների Ասպարեզ ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը տեղեկացնում է, թե այսօր ժամը 12-ին սկսել է վրացական համարանիշերով մեքենաների վարորդների բողոքի երթը Գյումրիից Բավրա: Մինչ այդ, նրա տեղեկացմամբ, առավոտից ոստիկանությունը շրջափակել էր ակումբի գրասենյակի հարակից փողոցները: Լևոն Բարսեղյանն այդ կապակցությամբ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Շիրակի ոստիկանություն, սակայն դիմումը հրաժարվել են վերցնել: Նա դիմել է նաև ՄԻՊ արագ արձագանքման խմբի ղեկավար Արմեն մաշինյանին, ինչպես նաև Շիրակի մարզի դատախազին, հայտնելով, որ ոստիկանությունը սահմանափակում է քաղաքացիների ազատ տեղաշարժման իրավունքը:
Այս պահին Գյումրիից Բավրա է շարժվում մոտ 100 մեքենա: Լևոն Բարսեղյանը տեղեկացնում է, թե նմանատիպ ակցիա է սկսել նաև Ստեփանավանում և Տաշիրում:
Վարորդների բաղոքի էությունը հետևյալն է.
Մենք` Շիրակի մարզի` վրացական պետհամարանիշերով ավտոմեքենաների վարորդներս, ստիպված դիմում ենք ձեզ ներկայացնելով մեր խնդիրներն ու պահանջները:
Մեզ համար անընդունելի են մշակված և ընդունված այն օրենսդրական փոփոխությունները, որոնց համաձայն վրացական պետհամարանիշերով ավտոմեքենաները Հայաստանում ՀՀ քաղաքացին կարող է վարել միանվագ մուտքով առավելագույնը 15-օրյա ժամկետով, և, որոնցով մեզ ստիպում են մաքսազերծել այդ ավտոմեքենաները խայտառակ բարձր գներով, որ մենք ի վիճակի չենք: Տեղեկացնում ենք, որ մենք այդ ավտոմեքենաները վարում ենք վրացական պետական համարանիշերով այն հասարակ պատճառով, որ մեր ֆինանսական վիճակը հայաստանյան օրենսդրությամբ և ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի քմահաճորեն սահմանած առասպելական սակագներով թույլ չի տալիս մեզ մաքսազերծել, ավել գումար ունենալու դեպքում ավելի թանկարժեք մեքենա ձեռք կբերեինք, կամ եթե իմանայինք, որ հայրենի կառավարությունը նման դավադիր օրենսդրական փոփոխություն էր ընդունելու, այդ մեքենաները պարզապես չէինք գնի և ժամանակավոր ներկրի Հայաստան:
Մենք վստահ ենք, որ վերոհիշյալ փոփոխությունները ՀՀ օրենսդրության մեջ արվել են առանց տասնյակ հազարավոր հայաստանյան ընտանիքների շահերը հաշվի առնելու, առանց այդ փոփոխությունների տնտեսագիտական, սոցիալական և ժողովրդագրական հետևանքները հաշվարկելու, ունենալով, լավագույն դեպքում մեկ նպատակ` ամեն գնով բյուջե լցնել, իսկ վատագույն դեպքում` շարունակել հայաթափել Հայաստանը: Բացի վերոհիշյալը, այդ օրենսդրական փոփոխությունները խոչընդոտում են Ջավախքի մեր հայրենակիցների ազատ տեղաշարժը Շիրակի մարզում և Հայաստանի Հանրապետությունում:
Պարոնայք իշխանավորներ, խնդիրը խաղաղությամբ կարգավորելու համար դիմում ենք ձեզ, ներկայացնելով հետևալ պահանջները, առաջարկելով շուտափույթ կատարել դրանք.
Հայաստանում վրաստանյան պետհամարանիշերով ավտոմեքենաների երթևեկության համար վերականգնել այն օրենսդրական ռեժիմը, ինչ գործում էր մինչ 2010 թվի վերջը:
Հայաստանում վրաստանյան պետհամարանիշերով ավտոմեքենաների երթևեկության հին ռեժիմի վերականգնման հետ մեկտեղ, առաջարկում ենք ամսական մեկ անգամ սահման հատելու պարտադրանքի փոխարեն մտցնել ամսական վճար` 2000-ական դրամ, որը այդ մեքենաների վարորդներս պարտավոր կլինենք վճարել պետական բյուջե առանց սահմանը հատելու:
Արմատապես բարեփոխել ներկրվող ավտոմեքենաների մաքսազերծման վճարների հաշվարկի համակարգը, դրույքաչափերը և վճարները, այնպես, որ շարքային քաղաքացիներիս համար շահեկան լինի մեքենաներ ներկրել և մաքսազերծել:
ՀՀ գործող օրենսդրության մեջ այնպիսի փոփոխություններ կատարել, որ հնարավոր դառնա վրաստանյան պետհամարանիշերով ավտոմեքենաների վարումը լիազորագրով վստահել այլ անձանց:
Պարտավոր ենք ձեզ տեղեկացնել, որ մենք մեր շահերի և սահմանադրական իրավունքների պաշտպանության համար պայքարելու ենք վճռականորեն, հետևողականորեն, դիմելու ենք օրենքով չարգելված բոլոր միջոցներին, ժողովներ, երթեր և հանրահավաքներ ենք կազմակերպելու, դիմելու ենք հասարակության օժանդակությանը, այս խնդրի լուծման համար դիմելու ենք միջազգային հանրությանը, օտար երկրների իշխանություններին:
Ձեզ կոչում ենք ողջամտության, սեփական քաղաքացիների շահերն իսկապես և ոչ թե խոսքով ու ձևականորեն պաշտպանելու:
Շիրակի մարզի վրաստանյան պետհամարանիշերովավտոմեքենաների մի քանի հազար վարորդների անունից
Աղբյուր՝ http://lragir.am
