Զինվորը մահացել է բռնության արդյունքում

Փետրվարի 6-ին ԼՂ-ի Հադրութի զորամասերից մեկում զինծառայողների կողմից ծեծի ու խոշտանգման արդյունքում մահացել է 1992 թվականին ծնված ժամկետային զինծառայող Գևորգ Անդրանիկի Կոտինյանը: Վանաձորցի Գևորգ Կոտինյանը բանակ էր զորակոչվել 2010-ի մայիսի 12-ին: Ծառայության 9 ամիսները, հարազատների ասելով, խաղաղ են անցել: Ինքը բանակային կյանքից դժգոհություն չի ունեցել:

Դեպքը տեղի է ունեցել փետրվարի 6-ի երեկոյան` ժամը 19-ի սահմաններում:
«Ինչ-որ 6 հոգի են էղել, 1-ի ծնունդն ա էղել, խմած վիճակում էն էղել: Էս էրեխեն էլ ա գնացել: Պապիրոսը վառել ա պեչկից ու ձեռները գրպանը դրել: Թե` էդ խի ես ձեռներդ դրել գրպանդ, ասել ա` դուք էլ դրեք: Էդ ա էղել»,- պատմում է Գևորգի պապը` Զալիկոն:

«Դեպքը կապտյորկում ա եղել: Գևորգը եղել ա կազարմի տարածքում: Խոսակցությունը գալիս ա էսպես, որ չի կարելի կազարմում ծխել, ինչը որ առաջացրել ա քաշկռտուք. 4-ը` խմած, ինքը` լուրջ»,- ասում է Գևորգի քեռին` Բորիսը:
Դրանից հետո հարբած զիվորները դաժանաբար ծեծել են Գևորգին: Արդյունքում երիտասարդը մահացել է: Գևորգի մահը հարազատներին սկզբում որպես հանկարծամահություն է ներկայացվել. սպաների պատմելով` «էկել ա մտել կազարմա ու բերնի վրա ընկել»:

«Զանգել են կամանդիրին, ասել են` տոչնին ասա, թե` ընկել ա, ինֆարկտ ա տվել»,-ավելացնում է Զալիկո պապը: Բայց մարմնի վրայի բռնության հետքերից պարզ է դարձել, որ զինվորը մահացել է ոչ բնական մահով:
«Էրեխուս էրեսը որ տեսա, պաչեցի, ձախու կողմը կապտած էր: Ասին, թե ընգնելուց ա: Ասի` ընգնելուց թող պլոկված ըլի, մի բան ըլի, ոնց կըլի տենց բան: Հետո էկան, թե` ոտքերի կողքերից հետ սաղ կապտած ա»,- պատմում է Զալիկո պապը:
«Մարմնի յուրաքանչյուր հատվածում կային արյան զեղման հետքեր, յուրաքանչյուր հետք հարվածի հետք էր` սկսած գլխի մասից, վերջացրած գոտկատեղով: Կային հետքեր արմունկի մասում, թիկունքի մասում: Առողջ էին միայն ոտքերը: Նրա նկատմամբ դաժան բռնություն է գործադրվել: Զինվորի նկատմանբ գործադրվել է դաժան բռնություն: Մահվան վկայականի մեջ գրված է` մահը վրա է հասել կրծքավանդակի բութ հարվածի և սրտի սալջարդի հետևանքով»,- ասում է դիահերձմանը ներկա գտնված Բորիսը:
Գևորգին սպանած զինվորները բացահայտված են ու ձերբակալված: Նրանցից երկուսը խոստովանել է իր հանցանքը, մյուս երկուսը դեռ ժխտում են:
Ի դեպ, Գևորգ Կոտինյանի ընտանիքը սոցիալապես վատ պայմաններում է ապրում. 7 հոգով միսենյականոց տնակում են ապրում: Տանը աշխատող չկա: Գևորգի եղբայրը` Կարենը, երկու անչափահաս երեխաների հայր է:
«Շատ համեստ էր, զիջող, իրա ոտքը չտրորեին, ոչ մեկի ոչ մի բան չէր ասի: Էդ ձևի դեպք չի եղել, որ կռիվների մեջ ընկնի»,- եղբոր մասին ասում է Կարենը:

«Ծիծաղն էրեսին, ջանով, քաղցր խոսքով, սաղի հոգին մտնող, սաղի դեմ սիրվող, իրա հարևանն եմ, իմ ըրեխու պես սիրել եմ»,- ասում է հարևանը:
Քեռին էլ է անհնար համարում, որ Գևորգը ինքը կռիվ հրահրած լինի: «Խմիչքի ազդեցության տակ համեստ երեխուն ուզեցել են «կոտրեն»».- ասում է նա:
«Մենակ մի բան կասեմ. գնդի հրամանատարից, օֆիցերներից ա գալիս: Տայգայում ծառայել եմ, 100 ազգի հետ, մի մարդու պես ծառայել ենք, էկել,- ասում է Զալիկո պապը:-Արի դե պահի մեծացրու, բանակ ղըրգի. ու՞մ հըմար»:

Աղբյուր՝ www.hetq.am