ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Հիվանդ դատապարտյալին՝ փակ ռեժի՞մ

13, 7 տարվա ազատազրկման դատապարտված, ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի 40-ամյա կալանավոր Ահարոն Հակոբյանի մայրը՝ Նելլի Հակոբյանը դիմել է հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին, արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին և ԴՀ ՔԿՀ պետ Արամ Խաչատրյանին:
«Արթիկի գաղութից իմ որդուն, վատառողջ լինելու պատճառով, տեղափոխել են «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ:
Հիվանդասենյակ տեղափոխելու փոխարեն նրան պահում եք հիվանդանոցի տարածքում գտնվող մի սենյակում, որն ահավոր խոնավ է և ցուրտ, անկողինն այնքան խոնավ է, ասես, ջրից նոր հանած լինի: Երբ իմացա պայմանների մասին, հայտնեցի Ձեր աշխատակցին, որն ասաց, որ շենքը նոր է հանձնվել և դեռ լիարժեք չի չորացել: Ասացիք, չենք տեղափոխում հիվանդանոց, որովհետև հրամայված է Ահարոնին պահել փակ ռեժիմի տակ: Փակ ռեժիմ ասվածն ի՞նչ է նշանակում: Հիվանդ կալանավորին բուժե՞լ, թե՞ սպանել: Ահարոնին այդպես էլ չեք տեղափոխում հիվանդանոց, պահում եք մեկուսացված, անմարդկային պայմաններում: Իսկ Դուք չգիտե՞ք, որ այդ խոնավ պայմաններում նա ձեռք կբերի թոքերի բորբոքում և կհիվանդանա երիկամների նեֆրիտով»,- գրում է ԴՀ ՔԿՀ պետին Ն.Հակոբյանը:
Մոր կարծիքով՝ հիվանդ դատապարտյալին այդ պայմաններում պահելը նշանակում է նրան դատապարտել սպանության: Հետևաբար, նա հարցնում է. «Չեմ հասկանում, դատապարտյալների հիվանդանոցը հիվանդանո՞ց է, թե՞ համակենտրոնացման ճամբար»:
Ն.Հակոբյանը շեշտում է, որ դատապարտյալն ունի արժանապատվություն, ինքնասիրություն, և իր պատիժը կրող ազատությունից զրկվածին չի կարելի վերաբերվել ստրուկի պես:
«Տեսնելով ձեր վերաբերմունքը՝ մենք հրաժարվում ենք Ձեր բուժօգնությունից»,- գրում է մայրը, հորդորելով, որ վերաբերվեն իր որդուն և նրա բախտընկերներին՝ որպես մարդու, այլ ոչ թե՝ ստրուկի:
Աղբյուր՝ http://aravot.am
