ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Ֆրանսիական համալսարանի դասախոսներն ընդդեմ ռեկտորի

Փետրվարի 7 -ին ` ժամը 14 -ին ,Արաբկիր -Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ տեղի ունեցավ Ֆրանսիական համալսարանի նախկին դասախոսներն ընդդեմ ռեկտորի գործով սույն թվականի առաջին նախնական նիստը: Նախորդ տարվա վերջին նիստի ժամանակ (դեկտեմբերի 8 -ին) հայցվոր կողմի պահանջով դատավոր Արմեն Դանիելյանը նյութերն ուղարկել էր դատահաշվապահական փորձաքննության` ՀՀ արդարադատության նախարարության փորձագիտական կենտրոն: Հունվարի 14 -ին կազմվել էր դատահաշվապահական փորձաքննության եզրակացությունը, որն իբրև ապացույց` գործի վարույթի վերսկսման հիմք դարձավ: Ըստ այդ եզրակացության` Ֆրանսիական համալսարանից պիտի բռնագանձվի 4 մլն 154 հազ 58 դրամ:
Անդրադառնալով հարկադիր պարապուրդի և պետբյուջեի համար գանձվելիք գումարին` հայցվոր կողմի փաստաբան Անահիտ Հակոբյանը նշեց. «Այդ մասով, համալսարանում սահմանված միջին աշխատավարձի չափով պիտի համապատասխանաբար գանձում կատարվի: Այստեղ նշված չէ, բայց հետևաբար, մոտավորապես 3 մլն դրամ էլ պիտի պետբյուջե փոխանցվի իբրև հարկ` 12 դասախոսների համար»:
Պատասխանող կողմի փաստաբան Հրանտ Գրիգորյանը հրաժարվեց մեկնաբանություններից:
Նախնական նիստն ավարտվեց: Կողմերին մինչև նոր դատական նիստը`փետրվարի 17_ը, ժամանակ տրվեց ծանոթանալու դատահաշվապահական փորձաքննությանը:
Հիշեցնենք, որ Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր Ժոել լը Մորզելեկը 2010 թվականին Ֆրանսիական համալսարանի 29 դասախոսների ազատել էր աշխատանքից: Աշխատանքից ազատված դասախոսները պնդում են, որ ֆրանսիական համալսարանն իրենց հետ պայմանագիր էր կնքել 2007 թվականին` 1 տարի ժամկետով։ Այդ պայմանագիրը չի խզվել, իսկ աշխատանքային օրենսգրքի 111-րդ հոդվածի համաձայն՝ եթե որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետը լրանալուց հետո պայմանագիրը չի լուծվում, և աշխատանքային հարաբերությունները շարունակվում են, ապա պայմանագիրը համարվում է կնքված անորոշ ժամկետով: Սույն գործով դատարան դիմել են ընդամենը 12 դասախոս: Հայցվոր կողմի ներկայացուցիչներից Նարինե Կոխտիեվան ասաց, որ մնացյալները չեն դիմել, որովհետև վախեցել են կորցնել այլ հիմնարկներում իրենց զբաղեցրած աշխատատեղերը:
Ինչպես նշեցին դատական նիստին ներկա դասախոսները, դատական գործընթացի մասին հայցվոր կողմը ծանուցել է նաև ՀՀ նախագահին, որի ուղարկած համապատասխան աշխատանքային տեսչությունը պարզել է, որ հայցվոր կողմի աշխատանքային պայմանագրերը լուծվել են սխալ հիմքով:
Զարուհի Դիլանյան
Աղբյուր՝ www.hra.am
