ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
«Հասարակության մեջ անվստահություն կա»

Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի հայտարարությունը, որ այդ պաշտոնում իր ղեկավարման 5 տարիների ընթացքում կառույցը զգալի առաջընթաց է արձանագրել, նախկին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը իր դեմ ուղղված մարտահրավեր չի համարում: Հակառակը` նա գտնում է, որ Արմեն Հարությունյանը այնքան էլ մեծ փոփոխություններ չի իրականացրել. ոչ կառուցվածքային և անգամ կադրային փոփոխություններ չեն եղել:
«Ա1+»-ի հետ զրույցում նա նշեց, որ զգացնել է տվել Արմեն Հարությունյանի ներդրումը, մասնավորապես, արտահերթ զեկույցների հարցում:
«Կարծում եմ` նա Հայաստանում արել է մեծ գործ, և իրավագիտական առումով իր առաջարկությունները բավականին լավ են: Զգացվում է, որ ցանկացել է ավելի հետևողական լինել մարդու իրավունքների վերականգման, մասնավորապես սեփականության իրավունքի առումով: Սա բավականին մեծ բաց է հայաստանյան պրակտիկայում, ինչը Արմեն Հարությունյանը ևս չկարողացավ փոխել, թեև առանձին մարդկանց իրավունքների պաշտպանություն իրականացրել է իր գործունեության առաջին տարիներում»,-ասաց նա:
Նախկին օմբուդսմենը և ԱԺ ներկա պատգամավորը դրական գնահատեց այն, որ այսուհետ մարզերում ևս գործելու են օմբուդսմենի ներկայացուցիչները:
Ըստ Լարիսա Ալավերդյանի` 5 տարվա ընթացքում մոտ 9000 մարդու իրավունքի վերականգնումը դրական է միջազգային ցուցանիշներով, իսկ հայաստանյան չափանիշներով` ոչ բավարար: «Տարեցտարի պակասում են գրավոր դիմումները, ինչը նշանակում է, որ հասարակության մեջ անվստահություն կա: Հենց այս խնդիրն էլ, ըստ իս, պետք է լուծի նոր օմբուդսմենը»,-նկատեց նա:
Հայաստանի օմբուդսմենի ինստիտուտում Լարիսա Ալավերդյանը բաց օղակ է համարում այն,որ ՄԻՊ գրասենյակը որևէ կերպ չի արձագանքում արտասահմանում հայերի իրավունքների ոտնահարմանը: Թե ով կլինի ՀՀ երրորդ օմբուդսմենը, նա չցանկացավ կանխատեսել, բայց նշեց, որ իշխանությունները պետք է վերանայեն իրենց դիրքորոշումը պաշտպանի նկատմամբ:
«Ամեն տարի, բացառությամբ վերջին տարվա զեկույցի, փնովում էին զեկույցները` պնդելով, որ դրանք օբյեկտիվ չեն, մասնակի դեպքերի են վերաբերվում, որ որոշ առումներով անգրագետ են: Այսինքն` իշխանությունը շարունակում է հարձակվել ոչ միայն շարքային մարդկանց իրավունքների վրա, այլև ՄԻՊ-ի անձի վրա:Սա խնդիր է և կարծում եմ, որ իշխանությունը շատ բան ունի վերանայելու»,-նշեց Լարիսա Ալավերդյանը:
Ի դեպ, նշենք, որ մամուլում այսօր շրջանառվում էին լուրեր այն մասին, որ ՀՀ երրորդ օմբուդսմեն կարող է դառնալ իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը: Վերջինի հետ, սակայն մեզ չհաջողվեց կապվել, քանի որ հեռախոսազանգին պատասխանող անձը հայտնեց, որ Ավետիք Իշխանյանը այս պահին Հայաստանում չէ:
Աղբյուր՝ http://www.a1plus.am
