ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Սերժ Սարգսյան. «Արմեն Հարությունյանի գործունեությունը կարևոր ազդեցություն է ունեցել»
Նախագահ Սերժ Սարգսյանի գնահատմամբ, օմբուդսմեն Արմեն Հարությունյանին իր հնգամյա գործունեության ընթացքում հաջողվել է «ամրացնել Մարդու իրավունքի պաշտպանի ինստիտուտը»:
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը փետրվարի 1-ին հրաժարական է ներկայացրել այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ և այսօր հանդես եկավ ամփոփիչ ասուլիսով:
«Անկախ այն բանից, որ տարբեր հարցերում պարոն Հարությունյանի հետ եղել են կարծիքների ու դիրքորոշումների սկզբունքային տարբերություններ, նրա գործունեությունն, անշուշտ, կարևոր ազդեցություն է ունեցել մեր երկրում մարդու իրավունքների երաշխավորման ու պաշտպանության մակարդակի բարձրացման հարցում», - ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանի գրավոր հարցմանը փոխանցել է նախագահ Սարգսյանի մամուլի խոսնակ Արմեն Արզումանյանը:
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի պաշտոնավարման 5 տարիներին նրա հասցեին քննադատություն են հնչեցրել թե՛ իշխանությունները, թե՛ ընդդիմությունը:
Հայաստանի նախագահի պաշտոնը 10 տարի զբաղեցրած Ռոբերտ Քոչարյանը 2008 թվականի մարտի 1-ի դեպքերից հետո հայտարարել էր, թե Արմեն Հարությունյանն իր ամենաանհաջող կադրն է եղել: Հարությունյանը մի շարք հարցեր է առաջադրել Հայաստանի իշխանություններին մարտի 1-ի դեպքերի կապակցությամբ:
Ընդդիմությունը մարտի 1-ի դեպքերից որոշ ժամանակ անց Արմեն Հարությունյանի գործունեությունից դժգոհելով` հայտարարում էր, թե նա կողմնակալ է և իշխանություններին հաճո գործունեություն է ծավալում:
Հայաստանի մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը, ով այժմ ընդդիմադիր «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության անդամ է, նաև գնահատելով Արմեն Հարությունյանի գործունեությունը, ասում է` «մարդու իրավունքների պաշտպանության ինստիտուտը Հայաստանում գտնվում է բավականին տխուր վիճակում»: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Ալավերդյանը, մասնավորապես, անդրադարձավ այն փաստին, որ Արմեն Հարությունյանը մինչև պաշտոնավարման ավարտը խուսափեց 2008-ի հետընտրական զարգացումների առնչությամբ կալանավորված ընդդիմադիրներին «քաղբանտարկյալ» տերմինով բնորոշելուց:
«Չափազանցված է այն հիմնավորումը, որ եթե դու դա ասում ես, որպես այդ բարձր պաշտոնատար անձ [օմբուդսմեն], Հայաստանը կարող է ընկնի այն ցուցակի մեջ, որի դեպքում քաղբանտարկյալների հարցով հատուկ զեկուցող պետք է լինի», - պարզաբանեց նախկին օմբուդսմենը` ընդգծելով. - «Ես, փաստորեն, ավելի ազատ մարդ էի այն առումով, որ երբևիցե չէի ներկայացնում իշխանություն»:
Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի Քաղաքական բանտարկյալների և հալածյալների պաշտպանության կոմիտեի համակարգող Վարդան Հարությունյանի կարծիքով արդեն հրաժարական ներկայացրած օմբուդսմենի գործունեությունը պետք է բաժանել 3 փուլի. - «Դա մինչ «Մարտի 1», երբ նա եղել է Ռոբերտ Քոչարյանի ամենահաջող կադրը, «Մարտի 1» և դրանից հետո, երբ նա Ռոբերտ Քոչարյանի ամենաանհաջող կադրն էր այլևս, և 2009-ի ամառվանից հետո, երբ նա նորից փորձում էր վերածվել հաջող կադրի»:
Վարդան Հարությունյանը նաև կարծիք հայտնեց, որ «Մարտի 1»-ին և դրան հաջորդող շրջանում Արմեն Հարությունյանը իրեն դրսևորել է «բավականին լավ» և այդ ընթացքում կարողացել է մարդու իրավունքների ինստիտուտին հաղորդել «ե՛ւ միս, ե՛ւ արյուն», սակայն վերջին շրջանում փորձում էր «հստակ չարտահայտվել Հայաստանում ընթացող դեպքերի մասին, որը էլ իրավապաշտպանություն չէ»:
Արմեն Հարությունյանի գործունեությունը նորմալ գնահատեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ, Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Սաֆարյանը:
Դաշնակցություն խորհրդարանական խմբակցության ներկայացուցիչ Լիլիթ Գալստյանը վկայակոչեց միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների զեկույցները, համաձայն որոնց, Հայաստանը շարունակաբար քննադատության է արժանանում:
«Ես որևէ առարկայական և շոշափելի փաստեր չեմ տեսնում, որ կարողանամ բարձր գնահատական տալ նրա գործունեությանը, և դա ես տեսնում եմ ընդհանրապես մեր իրականության համատեքստում, որտեղ ավաղ մարդու իրավունքները շարունակում են մնալ խոցելի», - ասաց պատգամավորը:
Աղբյուր՝ www.azatutyun.am
