ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
«Ա1+»-ը դատի կտա ՀՌԱՀ-ին և Գրիգոր Ամալյանին

«Ա1+» հեռուստատեսությունը առաջիկա օրերին 2 հայց կներկայացնի դատարան` որոնք ուղղված են Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի (ՀՌԱՀ), ինչպես նաև հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանի դեմ:
«Մեկով բողոքարկում ենք մրցույթի անցկացման արդյունքները. մեծ խախտումներ ենք ֆիքսել «Արմնյուզ»-ի փաթեթի մեջ, որը կարող եմ ասել` քրեական գործ է արդեն դառնում», - երեքշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց «Ա1+» հեռուստաընկերության ղեկավար Մեսրոպ Մովսեսյանը:
«Մյուս հայցը, որը ներկայացնելու ենք, Գրիգոր Ամալյանի դեմ է` պահանջում ենք Ամալյանի հրաժարականը և ցրել ՀՌԱՀ-ի ամբողջ կազմը», - հավելեց Մովսեսյանը` պարզաբանելով, որ իրենք Ամալյանին մեղադրում են անգործության և պաշտոնեական լիազորությունների չարաշահման մեջ:
Անցած տարվա դեկտեմբերի 16-ին Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը հրապարակեց թվային հեռարձակման ցանցի միջոցով հեռուստածրագրերի եթերային հեռարձակում իրականացնելու մրցույթի արդյունքները: Ըստ այդմ, «Ա1+»-ը պարտվեց նույն հաճախականության համար հայտ ներկայացրած «Արմնյուզ» հեռուստաընկերությանը:
ՀՌԱՀ-ի նախագահ Գրիգոր Ամալյանը և հանձնաժողովի 6 անդամները 0 միավոր գնահատեցին «Ա1+»-ի հայտը:
Ավելի քան 8 տարի առաջ եթերազրկված «Ա1+»-ը 13-րդ անգամ էր մասնակցում հեռուստահեռարձակման լիցենզավորման մրցույթին:
ՀՌԱՀ-ի հայտարարած լիցենզավորման մրցույթին ներկայացված 18 հաճախություններից միայն 2-ի դեպքում էր, որ կար մրցակցություն. Միևնույն հաճախականությունների համար էին պայքարում ԱԼՄ-ն և «Երևան»-ը, «Ա1+»-ը և «Արմնյուզ»-ը։
Նույն մրցույթում ԱԼՄ-ն նույնպես պարտություն կրեց և հունվարի 20-ին եթերազրկվեց: ԱԼՄ-ի ղեկավար Տիգրան Կարապետյանը ևս ՀՌԱՀ-ին մեղադրում է իր հեռուստաընկերության նկատմամբ անարդար վարվելու մեջ և հունվարին մի շարք բողոքի հանրահավաքներ և ակցիաներ է անցկացրել:
Աղբյուր՝ http://www.azatutyun.am
