Քրեական օրենսգրքով անչափահասների նկատմամաբ սեռական հանցագործությունների պարագայում նախատեսվող պատիժները վիճարկում են

Անչափահաս զոհերի նկատմամբ սեռական հանցագործությունների դեմ պայքարող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները համոզված են, որ ՀՀ քրեական օրենսգիրքն իր հոդվածներով ավելի շատ «հող է նախապատրաստում» նման հանցագործությունների զարգացման համար:

2011թ. փետրվարի 2-ին «Սեռական հանցագործությունների անչափահաս զոհերի պաշտպանության խնդիրները ՀՀ-ում» թեմայով մամուլի ասուլիս է անցկացվել "People in Need" չեխական ընկերության հայաստանյան ներկայացուցչության կողմից:

ՀՀ քրեական օրենսգիրքը սեռական անձեռնմխելիության և սեռական ազատության դեմ ուղղված հանցագործությունների վերաբերյալ 5 հոդված է նախատեսում, որոնցից բովանդակությամբ անընդունելին, "People in need" կազմակերպության, «Կանանց ռեսուրսային կենտրոն», «Հույս և օգնություն» հ/կ-ների ներկայացուցիչների կարծիքով, 141-րդ հոդվածն է:

Նշենք, որ, համաձայն այդ հոդվածի՝ տասնութ տարին լրացած անձի կողմից սեռական հարաբերությունը կամ սեքսուալ բնույթի այլ գործողություններ կատարելն ակնհայտ տասնվեց տարին չլրացած անձի հետ ՝ բռնաբարության, սեքսուալ բնույթի գործողությունների, և այդ գործողությունները հարկադրելու բացակայության դեպքում՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկու հարյուր հիսնապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

Սա նշանակում է, որ հանցագործին կարող է որպես պատիժ նշանակվել 100.000- 250.000 դրամ տուգանք:

«Մինչև այսօր դատական պրակտիկայում հիմնականում կիրառում են մինիմալ տուգանքը և հազվադեպ են ենթարկում ազատազրկման»,- ասում է ՀՀ գլխավոր դատախազության իրավական ապահովման և եվրաինտեգրման բաժնի ավագ դատախազ Արթուր Ղամբարյանը:

Նա, ինչպես նաև դատական դեպարտամենտի քրեական գործերի մասնագետ Հայկ Հարությունյանը, համաձայն են «Կանանց ռեսուրսային կենտրոն» հ/կ-ի կողմից առաջարկված ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու փաթեթի այն դրույթի հետ, որի համաձայն պետք է հանվի տուգանքը որպես պատժամիջոց և կիրառվի միայն կալանքը, որն էլ իր հերթին պետք է խստացվի`հասնելով 3-6 տարվա:

Հիշեցնենք, որ 141 հոդվածով էր, որ Երևանի Նուբարաշենի թիվ 11 հատուկ դպրոցի աշակերտների նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու մեջ մեղադրվող նույն դպրոցի հայոց լեզվի ուսուցիչ Լևոն Ավագյանը նախորդ տարի 1,5 տարվա ազատազրկման դատապարտվեց:

Ղամբարյանի հավաստմամբ 2009թ. 18 նման դեպք է արձանագրվել, որոնցից միայն 3-ի դեպքում է մեղավորը ազատազրկվել, իսկ մնացած դեպքերում կիրառվել է 100.000 դրամ տուգանքը: 2010թ. տվյալները պարզ չեն, բայց ամեն դեպքում Ղամբարյանը հավաստում է, որ նման հանցագործություններն ավելի շատ թաքնված բնույթ են կրում:

«Եթե մենք նմանատիպ գործողություններով շարունակենք դատական քաղաքականության նկատմամբ նման ներողամտություն ցուցաբերել, մենք վաղը չէ մյուս օրը կունենանք մեծ պարարտ հող եվրոպացի պեդոֆիլների համար Հայաստանի հանրապետության տարածք ժամանելու համար և ամերիկացի»,- համոզված է Ղամբարյանը:

Այսինքն՝ մասնագետը կարծում է, որ արտասահմանյան երկրների բնակիչները, ում համար ավելի խիստ պատիժներ են սահմանված իրենց երկրում, կգան Հայաստան, որտեղ ավելի «մեղմ» են վերաբերվում նման հանցագործություններին:

«Երեխաների թրաֆիքինգի կանխարգելումը Հայաստանում» ծրագրի ղեկավար Տաթևիկ Բեժանյանը մտահոգություն հայտնեց, որ սեռական հանցագործությունները անչափահասների նկատմամաբ շարունակվում են` անդրադառնալով հունվարի 31-ին www.hetq.am-ի հրապարակմանը:

«Համոզված եմ, որ առաջին հերթին Հայաստանում պետք է դադարեն հանցագործին պաշտպանելը և զոհին մեղավոր դարձնելը»,- համոզված է Բեժանյանը:

Կարինե Իոնեսյան

Աղբյուր՝ www.hra.am