ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
«ԱՎՈ ՖՀՄ»-ից տուժածները շարունակելու են պայքարել
«ԱՎՈ ՖՀՄ» կառուցապատող ընկերությունից դժգոհ և դատարան դիմած քաղաքացիների տառապանքները և նրանց նկատմամբ անարդարացի վերաբերմունքը շարունակվում է: Մեր թերթում համառոտ գրել էինք այդ ընկերության ձեռք բերած' իրացման գոտում բնակվող բնակիչներից երկուսի նկատմամբ ցուցաբերված ապօրինությունների մասին, որոնք ստիպված դիմել են դատարան:
Հիշեցնենք: Աբովյան փողոցի 4/6, բնակարան 3-ի սեփականատեր Ալբերտ Բաբաջանյանը մեզ էր ներկայացրել իր բնակարանի իրացման վերաբերյալ «ԱՎՈ ՖՀՄ» կառուցապատող ընկերության կողմից պայմանագրի մի քանի խախտումները: Ընկերությունը չէր պահպանել Ալբերտ Բաբաջանյանին առաջնահերթության սկզբունքով նոր շենքում բնակարան հատկացնելու կարգը, պայմանագրով նշված ժամկետից ուշ հատկացնելով բնակարանը: Համաձայն պայմանագրի, կառուցապատողը պետք է յուրաքանչյուր ուշացած օրվա համար վճարեր կառուցվող բնակարանի տվյալ պահի շուկայական արժեքի 0,1 տոկոսը, ինչը նույնպես չի արել, կուտակելով 16,7 մլն դրամ տույժ, բայց հրաժարվում է նաև դա վճարել: Նախագծային փաստաթղթերից էական շեղումներ կան: Օրինակ՝ նախագծով բաց պատշգամբը կառուցապատողը հետագայում փակել է և բնակարանի ապագա սեփականատիրոջ վրա հաշվարկել որպես բնակելի մակերես, մինչդեռ բաց պատշգամբը գնահատվում է որպես ոչ բնակելի մակերես և ավելի ցածր արժեքով:
«ԱՎՈ ՖՀՄ»-ի դեմ բողոք ներկայացնող մյուս բնակիչը Նալբանդյան 5, տուն 6 հասցեի սեփականատեր Մարինե Ղազարյանն է, որի դժգոհությունը հիմնականում պայմանավորված է նորակառույց՝ Նալբանդյան 7 շենքում իր ստացած բնակարանում աղաղակող շինարարական նորմերի խախտումներով: Մատնանշենք դրանցից մի քանիսը՝ բնակարանը զուրկ է հողակցումից, լոգարանում և զուգարանում բացակայում են օդանցքերը, իսկ զուգարանի դուռն ընդհանրապես բացակայում է, լուսամուտագոգերի փոխարեն սալիկներ են դրված, ջրատար խողովակների սանտեխնիկական դռնակները բացակայում են և այլն: Տարօրինակ է, թե ինչպե՞ս է Երևանի քաղաքապետարանի համապատասխան վարչությունը ընդունել այդ շենքը: Տեսնես ի՞նչն է քաղաքապետարանի չինովնիկների աչքերն այդպես կուրացրել:
Ինչպես նշեցինք վերևում, անարդար վերաբերմունքը նոր շենքում բնակարան ստացածների նկատմամբ շարունակվում է, ընդգրկելով արդեն դատական ատյանները: Ալբերտ Բաբաջանյանն ու Մարինե Ղազարյանը խմբագրությունում պատմեցին դատարանում տեղի ունեցած զավեշտալի իրավիճակի մասին: Հուլիսի 1-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ առաջին ատյանի դատարանում լսվում էր Ալբերտ Բաբաջանյանի հայցն ընդդեմ «ԱՎՈ ՖՀՄ»-ի: Սակայն ընկերության փաստաբան Սեյրան Գրիգորյանը բացակայում էր, տեղեկացնելով դատարանին, որ գտնվում է գործուղման մեջ: Փոխարենը եկել էին շենքի շինարարները, որոնք անգամ անձը հաստատող փաստաթուղթ չունեին և չէին հասկանում, թե իրենց ինչու են ասել, որ ներկայանան դատարան: Այս հանգամանքերից ելնելով, դատավոր Գագիկ Խանդկարյանը դատը հետաձգեց ... մինչև օգոստոսի 31-ը: Կարելի էր ենթադրել, որ ընկերության փաստաբանը շատ երկարատև գործուղման էր: Սակայն անմիջապես հաջորդ օրը նշանակված Մարինե Ղազարյանի դատի ժամանակ, որի դատավորը, զարմանալի զուգադիպությամբ, նույն Գագիկ Խանդկարյանն էր, «ԱՎՈ ՖՀՄ»-ի փաստաբան Սեյրան Գրիգորյանը ներկայացավ: Սակայն դա էլ չխանգարեց, որ «արադարադատ» դատավորը այս դատն էլ հետաձգի դարձյալ երկու ամսով՝ մինչեւ սեպետմբերի 1-ը:
Բնականաբար, և՛ Ալբերտ Բաբաջանյանը, և՛Մարինե Ղազարյանը դատավորի օբյեկտիվության հետ մեծ հույսեր չեն կապում, բայց վճռական են պայքարելու Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված իրենց իրավունքները մինչև վերջ պաշտպանելու համար՝ անկախ վերոնշյալ անարդարություններից և «ԱՎՈ ՖՀՄ»-ի տնօրեն Ավետիս Կարագուլյանի՝ նրանց երեսին շպրտած «Գնա քո Հայաստանի Հանրապետության օրենքներով ուր ուզում ես ...» արտահայտությունից:
Աղբյուր' www.azgdaily.com
