Դատարանը կարճեց «Ա1+»-ի հայցը

Այսօր`հունվարի 20-ին, Հայաստանի վարչական դատարանը կարճեց «Ա1+» հեռուստաընկերության հիմնադիր «Մելտեքս» ՍՊԸ-ի հայցն ընդդեմ Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի (ՀՌԱՀ):

Հայցով, հիշեցնենք, թվային հեռարձակման մրցույթում հեռուստակապուղու արտոնագիր չստացած «Ա1+» հեռուստաընկերությունը դատարանից պահանջել էր պարտավորեցնել ՀՌԱՀ-ին իրեն տրամադրել «Արմնյուզ» և «Արմենիա» հեռուստաընկերությունների մրցութային փաթեթների կրկնօրինակները:

«Մելտեքս»-ի շահերի պաշտպան Ալեքսանդր Սահակյանը դատական նիստի սկզբում հայտարարեց, որ հայցվոր կողմը իր պահանջը չի պնդում, հայցը հետ է վերցնում և խնդրում է գործը կարճել, քանի որ պահանջը կատարվել է. նախորդ նիստին ձեռք բերված պայմանավորվածության համաձայն' այսօր կեսօրին ՀՌԱՀ-ը «Ա1+»-ին է տրամադրել այդ փաթեթները:

«Այս ամենը կարելի էր անել 1 ամիս առաջ, սակայն մենք ստիպված եղանք դատարանի միջոցով վերցնել այդ փաթեթները»,- «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց «Մելտեքս» ընկերության սեփականատեր Մեսրոպ Մովսեսյանը:

«Կուսումնասիրենք [փաթեթները] և մեր վերլուծությունը կանենք արդեն այդ առումով», - փոխանցեց Մովսեսյանը' շարունակելով. - «Լուրջ կասկածներ կան, լուրջ խնդիրներ կան: Հիմա մնում է հաստատել [այդ կասկածները] փաստաթղթերով»:

Ի պատասխան իրենց հետագա քայլերին վերաբերող հարցին, Մովսեսյանը ասաց, որ ՀՌԱՀ-ի կայացրած որոշումը պետք է բողոքարկեն մի քանի ուղղություններով, վիճարկելու են նաև հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանի անգործությունը. - «Անօրինական մրցույթ է եղել, և պարոն Ամալյանի անգործությունը, որ փոխանակ մրցույթներով զբաղվի, քաղաքական որոշումներ կայացնելով է զբաղված: Եվ հիմնական հարվածը երևի մենք պետք է հասցնենք այդ ուղղությամբ' անգործության ուղղությամբ»:

«Դատական ատյաններում զարգացումները միանշանակ ի վնաս ՀՌԱՀ-ի են լինելու», - համոզված է Մեսրոպ Մովսեսյանը' ակնհայտ միտում  տեսնելով, որ դեկտեմբերի 16-ին կայացած մրցույթում հանձնաժողովի 7 անդամներ 0, և միայն մեկ անդամ' 2 միավոր գնահատեցին «Ա1+»-ի հայտը: 

«Եթե փաթեթը թույլատրվել էր մրցույթի, ինչո՞ւ էր որակավորվել որպես չմասնակցող' 0-ով: Անհասկանալի հակասություն է: Ես միտում եմ տեսնում: Միտումը նա է, որ հանձնաժողովի հիմնական խնդիրը եղել է ապացուցել և ցույց տալ Եվրոպային և ի լուր աշխարհի, որ «Ա1+»-ը խարդախ է», - հավելեց նա:

Մրցույթից հետո ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյանը հայտարարել էր, թե «Ա1+»-ի պարտվելու պատճառը ընկերության' ֆինանսական օժանդակության վերաբերյալ ներկայացրած կեղծ փաստաթղթերն են: 

«Ա1+»-ը այս ուղղությամբ ևս աշխատանքներ է տանում և պատրաստվում է պատասխանատվության կանչել արտոնագիր չստանալու պատճառ հանդիսացած բոլոր կողմերին: 

«Պատժվելու են բոլոր մեղավորները», - ասում է Մեսրոպ Մովսեսյանը' հավելելով. - «Ես ենթադրում եմ, որ երկու կողմն էլ մեղավոր են' և' փաթեթի մեջ տեղ գտած նամակները, և' պարոն Ամալյանը»:

Աղբյուր' www.azatutyun.am