ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Պատիժ անհատական ցանկությամբ

Դատախազությունը չի ուզում հրապարակային քննություն կատարել, որպեսզի չտեսնեն, թե ինչպես են մարդուն պատժում անհատական ցանկությամբ և ոչ թե օրենքի դաշտում,- այսօր վերաքննիչ դատարանում սկսվող արցախյան պատերազմի հերոս, ՀՀ Զինված ուժերի փոխգնդապետ Գևորգ Հայրապետյանի և Իրանի Իսլամական հանրապետության քաղաքացի Բեհնամ Ջաֆար Սադեխ Բաղերիի բողոքի քննության առնչությամբ հայտարարեց Սեդա Սաֆարյանը:
Փաստաբաններ Սեդա Սաֆարյանի և Ինեսսա Պետրոսյանի, ինչպես նաև նրանց պաշտպանյալների ներկայացրած վերաքննիչ բողոքի առանցքային պահանջներից մեկը բաց, հրապարակային դատաքննության անցկացումն է:
Սակայն մինչ դատաքննության նշանակված օրը Ազգային անվտանգության ծառայության մեկուսարանում պահվող Գևորգ Հայրապետյանը և նրա շահերի ներկայացուցիչը դատական նիստին մասնակցելու ծանուցագրեր են ստացել, որտեղ նշվում է, որ դատական նիստերն ընթանալու են դռնփակ:
Փաստաբանները հայտարարում են, որ պայքարելու են հրապարակային դատաքննություն անցկացնելու համար և արդեն իսկ բազմաթիվ միջնորդություններ են պատրաստել դատարանին ներկայացնելու համար: Նախապես հայտարարված դռնփակ դատաքննությունն, ըստ Սեդա Սաֆարյանի, այս գործով իրավունքի հերթական խախտումներից մեկն է, իսկ գաղափարը գլխավոր դատախազությանն է, ով և ճնշում է գործադրում դատարանի վրա:
- Դատարանը փոքրիկ մի տրյուկ է արել, ինքն իր համար սահմանելով վճռաբեկության կարգ և առաջնորդվել վճռաբեկ դատարանի կանոներով' նախապես սահմանելով ոչ հրապարակային քննության կարգ,-ասում է փաստաբանը,- դատաքննությունը պետք է սկսվեր, և եթե դատարանը կողմերի դիրքորոշումները լսելուց հետո ունենար համոզմունք, նոր միայն պիտի որոշեր այդ հարցը:
Փաստաբանը համոզված է, որ դատարանը հայտարարելով դռնփակ դատական նիստերի մասին, փորձում է պատրանք ստեղծել Գևորգ Հայրապետյանի անձի շուրջ' հաշվի առնելով ՀՀ քաղաքացիների ցածր իրավագիտակցությունը:
- Փակ նիստի գաղափարը տպավորություն է ստեղծում, թե հավանաբար Գևորգ Հայրապետյանը ահավոր մի բան է արել, որ դատական նիստերը փակ են: Իրականում այս գործը չի պարունակում այնպիսի ապացույցներ, որոնք պետական գաղտնիքի հատկանիշներ են պարունակում, այն էլ ՀՀ քաղաքացու համար պարսիկի ներկայությամբ պետական գաղտնիքի մասին գործ են քննում: Ղարաբաղյան պատերազմի մասին ինչ գաղտնիք պիտի լինի, որ չեն ուզում հրապարակայնացնել,- ընդվզում է Սեդա Սաֆարյանը:
Փաստաբանը պնդում է, որ այս հանգամանքը պատճառաբանված և հիմնավոր չէ: Հայտարարելով փակ նիստ, դատարանը ընդունում է մի շարք ապացույցների գերապատվությունը' խախտելով իր անաչառությունն ի սկզբանե:
- Դատարանը կանխակալ հակված է մեղադրանքի կողմով: Ասինքն դատարանն անվերապահորեն ընդունել է այն, ինչ թելադրում է մեղադրանքի կողմը,- ասում է փաստաբանը:
Հիշեցնենք, որ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը դատաքննություն անցկացրել էր դռնփակ կարգով և անցած տարվա հոկտեմբերի 25-ին դատավոր Մարտին Կարապետյանի նախագահությամբ հրապարակել Գևորգ Հայրապետյանի և Իրանի քաղաքացի Բեհնամ Ջաֆար Սադեխ Բաղերիի գործով մեղադրական դատավճիռ, որով վերջիններս դատապարտվեցին համապատասխանաբար 12 և 10 տարվա ազատազրկման:
Ըստ մեղադրանքի, լինելով արցախյան պատերազմի հրամանատարներից մեկը և ծառայելով ՊՆ համակարգում, փոխգնդապետ Գևորգ Հայրապետյանը հայտնվել է Ադրբեջանի հատուկ ծառայությունների տեսադաշտում և Հայաստանի միջազգային հեղինակությունը վարկաբեկող, այդ թվում նաև պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ տարածել: Իսկ Իրանի քաղաքացի Բեհնամ Բաղերին դատապարտվել է լրտեսության մեղադրանքով:
Աղբյուր' www.lragir.am
