Ցուրտ Ամանոր. նոյեմբերի հրդեհից տուժածները չգիտեն, թե Նոր տարին ինչ կբերի իրենց

Անցյալ տարվա վերջին Երևանի' վերջին տարիներին ամենախոշոր հրդեհներից մեկի պատճառով տուժած բնակիչները մտահոգություն ունեն, որ իրենք էլ կարժանանան Բուզանդի փողոցի բնակիչների ճակատագրին, այսինքն' իրենց տների տեղում կկառուցեն բազմաբնակարան շենք և թանկ կվաճառեն՝ թողնելով նրանց առանց բնակարանի:

Խոսքը նախորդ տարվա նոյեմբերի 24-ին Մաշտոցի պողոտայի թիվ 52 և 54 շենքերի և Կորյունի փողոցի թիվ 21 և 21ա շենքերի միջև գտնվող սեփական տների հրդեհվելուց հետո անօթևան մնացած բնակիչների մասին է, ովքեր միայն տարվա ավարտին ապահովվեցին դրամական օգնությամբ, մինչև խնդրի վերջնական լուծումը: 

Երևանի նոր քաղաքապետ Կարեն Կարապետյանը հրամայել է դրսում վրանային պայմաններում ապրող հինգ ընտանիքներին 4 ամիս հատկացնել ամսական 150.000 դրամ (մոտ 415 դոլար) օգնություն:

«Քաղաքապետը եկավ, նույնիսկ խոսակցություն եղավ, որ հնարավոր է գարնանն այստեղ բազմաբնակարան շենք կառուցեն ու մեզ էլ ներկայացնեն պայմանները, որ այնտեղ բնակվենք, բայց թե դա որքանո՞վ է ճիշտ, կլինի՞ նման բան, թե՞ չէ' չգիտենք»,- «ԱրմենիաՆաուին» իր մտահոգությունը հայտնեց 35-ամյա Աղավնի Հակոբյանը, որը և իր ընտանիքի չորս անդամները կորցրել են նոր վերանորոգված բնակարանը:

«Միայն վախենում ենք Բուզանդի փողոցի բնակիչների օրը չընկնել, որ շենք կառուցեն ու բարձր գներով բնակարաններ վաճառեն»,- հավելում է նա' նկատի ունենալով այն բազմաթիվ ընտանիքները, որոնք մնացին առանց սեփական բնակարանի, քանի որ քաղաքի կենտրոնում ունեցած իրենց բնակարանների համար ստացած փոխհատուցմամբ չկարողացան Երևանի կենտրոնում և նույնիսկ ծայրամասերում գնել նախկին պայմաններին համարժեք բնակարան:

Հակոբյանի ամուսինը՝ Գևորգ Սարգսյանը, նախկինում աշխատում էր որպես վարորդ, բայց այժմ չի կարողանում գործի գնալ, քանի որ քաղաքապետարանից հատկացված գումարը չի բավարարում, որ հրդեհի ժամանակ այրված հագուստի փոխարեն նորը գնի, բայց հավանաբար այս ամսից կսկսի աշխատել:

«Մենք չենք հավատում, որ մեզ բնակարան կտան, դրա համար 6000 դոլար տոկոսով վերցրել ենք ու մեր տան պահպանված հատվածները վերանորոգում ենք, որ մեզ այնտեղից չկարողանան հանել»,- ասում է Հակոբյանը:

Սեփական միջոցներով իրենց բնակարաններն են վերանորոգում նաև 2002 թ. կառուցված եռահարկ շենքի բնակիչները, որոնց շենքը միակն էր, որ փոքր ի շատե պահպանվել է ամբողջությամբ այրված մեկ տասնյակից ավելի տների մեջ:

Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության պետ Ֆրունզ Բասենցյանը «ԱրմենիաՆաուին» ասում է, որ դեռ որոշակի ծրագրերի մասին տեղյակ չէ ու չգիտի, թե ապագայում ինչ կլինի:

Աղբյուր' www.armenianow.com