ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
«Ժառանգություն» կուսակցության հայտարարությունը «Ա1+»-ին կապուղի չտրամադրելու և «ԳԱԼԱ»-ին կապուղուց զրկելու կապակցությամբ

Չանսալով հայասատանյան և միջազգային հասարակության հորդորներին և պահանջներին, իշխանություններն իրենց կամակատարների միջոցով դեկտեմբերի 16-ին կայացած «մրցույթի» արդյունքում «Ա1+» անկախ հեռուստաընկերությանն այդպես էլ չվերադարձրին նրանից տարիներ առաջ ապօրինաբար խլված եթերը, իսկ դեկտեմբերի 23-ին եթերից զրկեցին նաև վերջին անկախ հեռուստաընկերությանը` «ԳԱԼԱ»-ին:
Իշխանությունների այս անխոհեմ և ակնհայտորեն ապօրինի քայլերը «Ժառանգությունը» գնահատում է որպես Հայաստանի Հանրապետության հեռուստաեթերում խոսքի ազատության ոչ միայն վերջին նշույլները, այլև անգամ մոտ ապագայում դրա վերականգնման հույսն իսկ ոչնչացնելուն ուղղված հակաժողովրդավարական գործողություն:
Նման գործերի լույսի ներքո երկրի տարբեր ոլորտներում բարեփոխումներ իրականացնելու, կոռուպցիայի դեմ պայքարելու մտադրության մասին իշխանությունների` վերջերս հաճախացած հայտարարությունները դառնում են կեղծ և անհամոզիչ: Ազատ խոսքի հանդեպ գործող իշխանությունների անսքող վախը ցույց է տալիս, որ վարչախումբը որևէ հետևություն չի արել ո՛չ 2008-ի մարտի 1-ից և ո՛չ էլ Հայաստանի վրա համաշխարհային տնտեսական ճգնաժամի թողած շեշտակի բարձր ազդեցությունից:
Մինչդեռ ազատ հեռուստաընկերություններն այն իրական և ազդեցիկ խողովակները պետք է լինեին, որոնցով ժողովուրդը ոչ միայն կտեղեկանար երկրում առկա խնդիրների իրական պատկերի մասին, այլև վերահսկողություն կիրականացներ իշխանություների գործունեության հանդեպ` իրացնելով սահմանադրությամբ իրեն տրված իրավունքը:
«Ժառանգությունն» իր վճռականությունն է հայտնում` շարունակելու պայքարը հեռուստաեթերում ազատ խոսքի վերականգնման ուղղությամբ և բոլոր ջանքերը գործադրելու իշխանությունների կողմից կայացված այս քաղաքական ու ապօրինի որոշումների վերանայմանը հասնելու համար:
«Ժառանգություն» կուսակցություն
