Ներառական կրթություն. Խնդիրը որակյալ մասնագետների ու ռեսուրսների պակասն է

Ներառական կրթությունը Հայաստանում արդեն ունի 10-ամյա փորձ։ «Դեպի կրթություն բոլորի համար» ծրագրի շրջանակներում, «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության ջանքերով և միջազգային դոնորների աջակցությամբ 2001 թվականից սկսած հանրակրթական տարբեր դպրոցներ սկսեցին իրականացնել ներառական կրթություն։ Հետագա տարիներին այդ գործընթացը ստացավ նաև պետական աջակցություն՝ ի դեմս ՀՀ կրթության և գիտության նախարարության։

Սկսենք նրանից, թե ի՞նչ է ներառական կրթությունը։ Դա հանրակրթության կազմակերպման այնպիսի ձև է, որը կարող է բավարարել բոլոր տիպի երեխաների կրթական պահանջները՝ անկախ նրանց ֆիզիկական, մտավոր, սոցիալական տարբեր խնդիրներից։ Այսինքն՝ ներառական կրթության սկզբունքը հետևյալն է. եթե որևէ երեխա, գտնվելով հանրակրթական դպրոցում, չի կարողանում լիարժեքորեն մասնակցել կրթական գործընթացներին, ապա խնդիրը ոչ թե նրա մեջ է, այլ կրթության կազմակերպման ձևի և մեթոդների, որոնք հիմնված չեն երեխայի կարիքների վրա։

Խորհրդային տարիներին կարծրատիպ կար, որ հաշմանդամ և կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաները «ոչ լիարժեք են» և պետք է կրթություն ստանան հատուկ դպրոցներում։ 21-րդ դարում մոտեցումներն ու վերաբերմունքն այլ է, համենայն դեպս, քաղաքակիրթ աշխարհում։ Հանրակրթական դպրոցներում պետք է ստեղծվեն հավասար պայմաններ բոլոր երեխաների համար, իսկ հատուկ դպրոցները խտրական և կողմնակալ վերաբերմունքի արդյունք են։

Հայաստանը վավերացրել է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիան, որն ուժի մեջ է մտել 2010թ.հոկտեմբերի 22-ից:

Կանվենցիայի 24-րդ հոդվածը սահմանում է. «Անդամ պետությունները ճանաչում են հաշմանդամություն ունեցող անձանց կրթության իրավունքը: Այս իրավունքը առանց խտրականության և հավասար հնարավորությունների պայմաններում իրացնելու համար անդամ պետությունները պետք է ապահովեն ներառական կրթական համակարգ` բոլոր մակարդակներում»: Ըստ կոնվենցիայի՝ պետությունները պետք է ապահովեն, որպեսզի հաշմանդամություն ունեցող անձինք չմեկուսացվեն համընդհանուր կրթության համակարգից կամ չբացառվեն անվճար ու պարտադիր տարրական կրթական համակարգից միայն այն պատճառով, որ հաշմանդամություն ունեն:

Պետությունները նաև պիտի հոգան, որ հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի լինի ներառական, որակյալ և անվճար տարրական և միջնակարգ կրթությունը: 

Ներկայումս Հայաստանում գործում է ներառական կրթություն իրականացնող 65 դպրոց և 24 հատուկ դպրոց։

«Կարելի՞ է ասել, որ պետությունը գնում է այն քայլին, որ բոլոր դպրոցները դառնան ներառական» հարցին կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության հատուկ կրթության բաժնի գլխավոր մասնագետ Անահիտ Մուրադյանը պատասխանեց. «Դա ցանկալի արդյունք է, բայց չափելիության և հնարավորությունների տեսանկյունից այսօր դա հեռավոր նպատակ է»։

Նրա խոսքերով՝ այսօր կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներն այսօր դպրոցների քանակի խնդիր չունեն։ Ըստ օրենքի՝ նրանք կարող են հաճախել ցանկացած հանրակրթական դպրոց։ Խնդիրը նրանց որակյալ կրթությամբ ապահովելն է, ինչի հնարավորությունը մեր պետությունն առայժմ չունի։ «Դպրոցները պետք է համալրվեն համապատասխան մասնագետներով, մեթոդներով, խնդիրներ կան դպրոցների շենքային պայմանների անմատչելիության հետ»,- նշում է Ա.Մուրադյանը։
Նա դժվարանում է ասել, թե Հայաստանում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող քանի երեխա կա։ ԿԳՆ-ի հաշվառման տակ է մոտ 3200 երեխա, իսկ իրական թիվն ավելին է։

«Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության ներառական կրթության պատասխանատու Շուշան Մաթևոսյանը կարծում է, որ ներառական կրթության ոլորտում այս պահին արդիական է ռեսուրսների խնդիրը և հատկապես որակյալ ուսուցիչների, մասնագետների պակասը։

«Առաջնային խնդիր է ոչ թե ուսուցիչների վերապատրաստումը, այլ արդեն աշխատող ուսուցիչները պետք է կարողանան կամ ցանկություն ունենան ինչ-որ բան անելու։ Որովհետև վերապատրաստվելով ոչ մի նոր, հատուկ բան չեն սովորում, նոր մասնագիտություն ոչ ոք ձեռք չի բերում, ոչ էլ նոր հմտություններ է ձեռք բերում, ուղղակի, ասում եմ, պետք է ցանկություն և կամք այդ ամենը անելու, ինչը, ցավոք սրտի շատ տեղերում բացակայում է»,- նկատում է նա։

Հետաքրքիր է, որ Շ.Մաթևոսյանը կարևորում է վերաբերմունքի և ցանկության առկայության խնդիրը, սակայն անտեսում է նոր հմտությունների և կրթական մեթոդների ձեռքբերման կարևորությունը։ Ի վերջո, այն մանկավարժները, ովքեր այսօր աշխատում են հանրակրթական դպրոցներում, բարձրագույն մասնագիտական կրթություն ստանալիս չեն սովորել, թե ինչպե՞ս է պետք աշխատել կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների հետ, օրինակ՝ մտավոր կամ տեսալսողական խնդիրներ ունեցող երեխայի։

Իսկ ինչպե՞ս նա պետք է ձեռքբերի այդ հմտությունները՝ կա՛մ վերապատրաստման դասընթացներ անցնելով, և կա՛մ պրակտիկ աշխատանքի ընթացքում փորձ ձեռքբերելով, որը կարող է երկար ժամանակ պահանջել։ Ուստի միայն ցանկությունը բավարար չէ, անհրաժեշտ են նաև հմտություններ և համապատասխան մեթոդոլոգիայի իմացություն։

Մյուս խնդիրն այն է, որ ներառական դպրոցների գերակշռող մասը կենտրոնացած է մայրաքաղաքում։ Ստացվում է, որ մարզերում դեռևս կան այնպիսի համայնքներ, որտեղ տարբեր տիպի հաշմանդամություն ունեցող երեխաները հնարավորություն չունեն ստանալու որակյալ կրթություն։

Շուշան Մաթևոսյանը նկատում է, որ, ի տարբերություն Երևանի, մարզերի գյուղական համայնքներում ներառման խնդիրը ավելի հեշտ է լուծել, քանի որ փոքր բնակավայրերում բոլորը ճանաչում են միմյանց և վերաբերմունքի կամ խտրականության խնդիր չկա։

Կրթության և գիտության նախարարությունը հասարակական կառույցների հետ նախատեսել է մինչև 2012 թվականը ամեն տարի ներառական կրթություն իրականացնող դպրոցների քանակն ավելացնել 15-ով։ «Դրանից հետո գուցե մեր ռազմավարությունը փոխենք»,- ասում է ԿԳՆ հատուկ կրթության բաժնի ավագ մասնագետը։

Պետք է ընդգծել նաև, որ եթե նախկինում ներառական դպրոցների ծրագիրն իրականացվում էր դրամաշնորհային ծրագրերով ՀԿ սեկտորի կողմից, ապա ներկայումս ՀՀ կառավարությունը նույնպես օժանդակություն է ցուցաբերում մասնագետների վերապատրաստման և դպրոցների ֆինանսավորման հարցում։

Մերի Ալեքսանյան
Աղբյուրը՝ www.hra.am