Նոր Նորքի շրջանի ղեկավարությունը չի մասնակցել «Վիշապի կոթողներ» այգու հասարակական լսումներին

Հայաստանի բնապահպանության նախարարության կողմից նշանակված «Վիշապի կոթողներ» այգու կառուցապատման վերաբերյալ հասարակական լսումները կարելի է համարել չկայացած: Այդ մասին հայտնում է «Էկոլուր» կազմակերպությունը։ Դեկտեմբերի 18-ին` 10:30-ին, քննարկման համար «Վիշապի կոթողներ» այգի էին եկել շրջակա տների բնակիչներ, բնապահպանության նախարարության, հասարակական կազմակերպությունների, քաղաքական կուսակցությունների («Ժառանգություն» և Կանաչների կուսակցություն) ներկայացուցիչներ: Սակայն քննարկմանը չհայտնվեցին ոչ «ԿԱԷՌ Քոնսթրաքշն» ՍՊԸ-ի, որ սկսել էր այգու կառուցապատումը, ոչ էլ Նոր Նորքի վարչական շրջանի ղեկավարության ներկայացուցիչները:
Հիշեցնենք, որ ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը բնակիչների և հասարակայնության պահանջով «Վիշապի կոթողներ» այգում կանգնեցրեց բազմահարկ կառույցի ապօրինի շինարարությունը և հայտարարեց. «Մենք կանցկացնենք հասարակական լսումներ այն մարդկանց հետ, ովքեր այստեղ ապրում են, կլսենք նրանց, իսկ դուք կպատմեք, թե ինչ եք ուզում կառուցել, ինչ փաստաթղթեր ունեք: Եթե ստանաք փորձաքննության դրական եզրակացություն, ապա կշարունակեք շինարարությունը»:
Վիշապի կոթողներ» այգու համար հասարակայնության պայքարը մեկ ամսից ավելի է` շարունակվում է: «Այս քարե վիշապը 4 հազարից ավելի տարեկան է: Նրանք (ընկերությունը) գերեվարել էին այն, ահա և մենք նրան ազատ ենք արձակում»,- «Էկոլուր»-ին ասել է բնակիչներից մեկը: Մյուսն էլ ավելացրել է. «Իսկ ծառերը կտրել են ու այրել»: Իսկապես, այգու բարեկարգման ակցիայի ժամանակ տնկված ծառերի միջև նկատելի էին ծառերի մնացորդներ և այված արմատներ:
Փաստաթղթերը, որոնց հիման վրա ընկերությունը սկսել է շինարարությունը, վկայում են, որ թույլտվությունը տրված է այգու բարեկարգման, այլ ոչ թե բնակելի շենքի կառուցման համար: Ինչպես նշեց ճարտարապետ Մարինա Փափազյանը, 2002թ. Երևանի քաղաքապետի որոշմամբ, հանրային տարածքը մրցույթի է հանվել և փոխանցվել է ոմն Զադոյանի: Հետո այդ տարածքը վերավաճառվել, է և, վերջապես, վերջին սեփականատերը որոշել է բնակելի շենք կառուցել` չունենալով դրա համար օրինական հիմք: «Օրինական հիմք չի եղել նաև տարածքը օտարելու որոշման համար»,- կարծում են բնակիչները և հասարակական կազմակերպությունները:
«Բնապահպանության փորձաքննության ներկայացուցիչներն այստեղ ներկա էին և պետք է ամրագրեն, որ մենք դեմ ենք»,- այսպիսին էր հավաքվածների կարծիքը: Ավելի քան 200 հոգի ստորագրեց կառուցապատման դեմ: Անօրինական որոշումը հետ կանչելու դիմումով բնակիչներն ու ակտիվիստները մտադիր են դիմել Երևանի նոր քաղաքապետ Կարեն Կարապետյանին, ինչպես նաև` ՀՀ կառավարությանը:
Աղբյուր՝http://news.am