ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Լույս է տեսել «Պայքար խոշտանգումների դեմ» հայալեզու ձեռնարկը

Դեկտեմբերի 16-ին տեղի ունեցավ «Պայքար խոշտանգումների դեմ. դատավորների և դատախազների համար նախատեսված ձեռնարկ»-ի հայերեն տարբերակի շնորհանդեսը: Ձեռնարկը պատրաստել է Էսեքսի համալսարանի մարդու իրավունքների կենտրոնը. այն հայերեն է թարգմանվել «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հասարակական կազմակերպության կողմից Խոշտանգումների կանխարգելման ասոցիացիայի օժանդակությամբ:
Ձեռնարկի շնորհանդեսին հաջորդեց խոշտանգումների դեմ պայքարին ուղղված հարցերի վերաբերյալ քննարկումը: Միջոցառումը վարեցին միջազգային փորձագետներ Մեթյու Փրինգլը (Շվեյցարիա) և Մայքլ Քելլեթը (Մեծ Բրիտանիա), ինպես նաև «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ նախագահ Արման Դանիելյանը (Հայաստան):
«Խոշտանգումների հիմնական պատճառն այն է, որ իրավապահ մարմինները բավականաչափ պրոֆեսիոնալիզմ չունեն համապատասխան հետաքննություններ իրականացնելու, և հաշվի առնելով, որ նրանց վրա ճնշում է գործադրվում արդյունքներ ներկայացնելու համար, նրանք խոստովանություն ստանալու, հանցագործությունը հայտնաբերելու և իրենց ղեկավարներին երջանկացնելու համար ամենահեշտ ճանապարհն են համարում խոշտանգելը»,- ասում է միջազգային փորձագետ Մայքլ Քելլեթը, որը 30 տարի աշխատել է Մեծ Բրիտանիայի իրավապահ համակարգում որպես ոստիկան:
«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ նախագահ Արման Դանիելյանի խոսքերով՝ խոշտանգումների դեմ պայքարը խիստ արդիական է մեր երկրի համար. այն չի կատարվում այն ծավալով, որով պետք է կատարվի:
«Այս ամոթալի երևույթը Հայաստանում ծաղկում է: Եվ, ցավոք սրտի, այն մարդիկ, ովքեր պետք է պայքարեն դրա դեմ, չեն պայքարում այնպես, ինչպես պետք է պայքարեն, ինչն էլ խրախուսում է խոշտանգումը մեր երկրում»,- ասաց Արման Դանիելյանը:
Աննա Բարսեղյան
Աղբյուրը՝ www.hra.am
