ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
4 ամսում՝ 2 նիստ. Ինչի՞ն է սպասում հանձնաժողովը

Ժամկետային զինծառայող Տիգրան Օհանջանյանը մահացել է 2007 թվականին, Վարդենիսի զորամասերից մեկում։ Առաջին դատաբժշկական փորձաքննության արդյունքում մահվան պատճառ է ներկայացվել էլեկտրահարումը, որը սակայն լիովին հերքվել է երկրորդ դատաբժշկական եզրակացության արդյունքում, և վերաքննիչ դատարանը գործը ուղարկել է նոր նախաքննության։
Առողջապահության նախարարի 10.09.2010թ. հրամանով ձևավորվել է 10 փորձագետից բաղկացած հանձնաժողով։ Հանձնաժողովը պետք է ուսումնասիրի դատաբժշկական երկու եզրակացությունները և գործով եղած մյուս ապացույցները, որպեսզի հայտնաբերի մահվան իրական պատճառը։ Սակայն Տիգրանի ծնողներն ասում են, որ 4 ամսվա ընթացքում հանձնաժողովն ընդամենը 2 նիստ է գումարել և կասկածելիորեն ձգձգում է եզրակացությունը։
«Տասը բարձրակարգ մասնագետների հրավիրել են, 4 ամիս է չեն կարողանում մահվան պատճառ պարզել։ Նոյեմբերի 16-ի նիստին մենք ներկա ենք եղել։ Մենք ունեինք 16 հարց, որը ներկայացրեցինք հանձնաժողովին։ Նրանք խուսափեցին պատասխանել, ոչ մի հարցի չպատասխանեցին, որովհետև կային բաներ, որ մենք չգիտեինք և ուզում էինք պարզել»,- ասում է Տիգրանի մայրը՝ Գոհար Սարգսյանը։
Իսկ Տիգրանի հայրը՝ Սուրեն Օհանջանյանը պատմում է, որ դեկտեմբերի 14-ին, երբ գնացել էին ՊՆ քննչական ծառայություն իրենց որդու գործի ընթացքի մասին տեղեկություններ ստանալու նպատակով, հանդիպել են հանձնաժողովի անդամներից մեկին՝ Հանրապետական դատական բժշկության գիտագործնական կենտրոնի դատաբժիշկ Ղամբարյանին։ «Ես կանգնեցրեցի նրան, հարցրեցի՝ մեր գործից ի՞նչ նորություն կա։ Ասաց՝ «ես տեղյակ չեմ, ոչ մի բան չեմ կարող ասել»։ Ասեցի, բա դուք էստեղ ի՞նչ եք անում, ասաց՝ «քննիչն է կանչել»։ Քանի դեռ գործը ավարտված չի, չեն տվել վերջնական եզրակացությունը, քննիչը իրավունք չունի ոչ մեկին առանձին կանչելու, առանձնազրույցներ ունենալու։ Հաջորդ օրը մենք հանդիպեցինք վարչության պետին, նրան տեղյակ պահեցինք, նա քննիչին կանչեց, հարցրեց, քննիչն ասաց՝ «ես նրան չեմ կանչել»։ Եթե քննիչը նրան չի կանչել, ինչո՞ւ պիտի դատաբժիշկը գա, որ քննիչին տեսնի։ Մի խոսքով, մենք այնպիսի բաներ ենք տեսել և տեսնում, որ չենք հավատում, որ մեր երեխայի գործը կբացահայտվի»,- ասում է Ս.Օհանջանյանը։
«Ես պահանջել եմ, որ ինձ պետք է 100 տոկոսանոց դատաբժշկական եզրակացություն, ես լղոզված, կեղծ, թերի դատաբժշկական եզրակացություն չեմ ուզում։ Մենք պահանջում ենք Հայաստանի իշխանություններից՝ բացահայտե՛ք մեր երեխաների սպանությունները, ինչքա՞ն կարելի է տանջել ծնողին։ Հայաստանի Հանրապետությունում պատիժ չկա, միայն կա ոճիր»,- հայտարարում է Գոհար Սարգսյանը։
«Հանձնաժողովը սպասում է քննիչների հրահանգին, թե նրանք ի՞նչ կասեն, ի՞նչ ցուցումներ կտան, որ ընդհանուր հայտարարի գան, նույն բանը ասեն,դրա համար են այսքան ձգձգում։ Մեր ենթադրությունը այդպիսին է»,- այսպիսի եզրակացության են եկել Տիգրանի ծնողները։
Մերի Ալեքսանյան
Աղբյուրը՝ www.hra.am
