ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Միակ հույսը Եվրոդատարանն է

Վայքի զորամասերից մեկում 2001 թվականին սպանված Արայիկ Ավետիսյանի մայրը՝ Անահիտ Մկրտչյանը արդեն 9 տարի է պահանջում է ՀՀ իշխանություններից որդու սպանության մեջ մեղավորներին ըստ արժանվույն պատժել։ Հիշեցնենք, որ մոր պնդմամբ՝ որդուն սպանել է զորամասի հրամանատար Մհեր Ստեփանյանը, ով եղել է ոչ սթափ վիճակում և Արայիկի վրա կրակել է արձակուրդի համար ներքին կարգով սահմանված 100 դոլարի միայն կեսը բերելու համար։
«ՀՀ զինված ուժերում կատարված ցանկացած սպանության համար պատասխանատու է Հանրապետության նախագահը, մեր բանակի գերագույն գլխավոր հրամանատարը։ Իսկ նա մի անգամ չի ուզում որդեկորույս մորը լսել, չի ուզում հանդիպել այն դեպքում, երբ իմ տղայի սպանության օրոք ինքն է եղել պաշտպանության նախարար։ Շատ լավ գիտեն՝ ինչ է կատարվել։ Ինչի՞ համար են հովանավորում մարդասպանին, որ նա չգա՞ ասի «ես փողերը հավաքում էի, որ ուղարկեի պաշտպանության նախարարություն»։ Չորս տարի տվեցին, երկու տարի նստեց, դուրս եկավ, գնաց նորից նույն զորամասում աշխատում է շտաբի պետ։ Ի՞նչ իրավունք ունի սպանություն կատարած և կոծկած մարդը, ով երկու անգամ պաշտոնական դիրքի չարաշահման համար է պատժվել, նորից գնա, աշխատի բանակում, անփոխարինելի՞ է ինքը, հա՞»,- հռետորական հարց է հնչեցնում տիկին Անահիտը։ Նա ասում է, որ որդու մահից հետո հանդիպել է նրա հետ ծառայած շատ տղաների հետ, ովքեր գիտեն՝ ինչ է եղել իրականում, բայց վախենում են դատարանի առջև այդ մասին ասելուց, քանի որ չեն վստահում իրավական համակարգին և վախենում են հաշվեհարդարից։
«Ես մեր պետական բոլոր ատյաններով անցել եմ, բոլոր միջոցները սպառել եմ, Եվրոդատարան կդիմեմ։ Հարցնում են՝ «ի՞նչ է ասելու Եվրոդատարանը», ես կդիմեմ, կանի,կտեսնեն»,- սա է Անահիտ Մկրտչյանի վերջին հույսը։
Մերի Ալեքսանյան
Աղբյուրը՝ www.hra.am
