Ներկա և ապագա մայրերի պայքարի սկիզբն ու ընթացքը (video)

Վերջին մոտ մեկ ամսվա ընթացքում մի խումբ հղի կանայք, ի պաշտպանություն իրենց իրավունքների, կոչերով հեղեղեցին հեռուստատեսությունն ու ինտերնետային կայքերը` պահանջելով պետությունից արդար փոխհատուցում ինչպես իրենց` պետությանը վճարած հարկերի դիմաց,  որը գանձվում է տարիների ընթացքում իրենց աշխատավարձից և նախատեսվում է, որ պետք է վերադարձվի կանանց նպաստի տեսքով երեխա ունենալիս, այնպես էլ պահանջում էին որպես նպաստ ստանալ իրենց աշխատավարձերի հնգապատիկը, ինչպես և նախատեսվում էր հին օրենքով:

Այդ կապակցությամբ գրվեցին նամակներ ՀՀ նախագահին, վարչապետին, ԱԺ-ի նախագահին, կազմակերպվեցին խաղաղ ցույցեր:  Եվ կարծես թե կարելի է դրական փոփոխություններ ակնկալել, թեև վաղ է վերջնական եզրակացություններ անելու համար:  Նախ ներկայացնենք, թե ինչպես այս ամենն սկսվեց, քանի որ շատերն էին ցույցերի ժամանակ մոտենում և հարցնում, «Գիտենք, որ այսօր հղիները ցույց են անում, բայց չենք հասկանում ի՞նչն է պատճառը, ի՞նչ փոփոխություններ կան»:

Դեռևս հոկտեմբեր ամսվա վերջին դժգոհություններ էին սկսվել «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» օրենքի նախագծի շուրջ: Դժգոհությունները, ի սկզբանե, նախածննդյան ու հետծննդյան արձակուրդի չափը կրճատելու մասին առաջարկի կապակցությամբ էր:

Համաձայն օրենքում նոր փոփոխությունների (որը այն ժամանակ դեռ նախագիծ էր), եթե մինչ օրենքում կատարված փոփոխությունների ուժի մեջ մտնելը մայր դարձած կանայք 140 օրացուցային ազատ օրվա հնարավորություն ունեին, որոնց համար պետությունը նրանց տալիս էր նպաստ, ապա փոփոխությունների ուժի մեջ մտնելուն պես նրանց պիտի վճարվեր  ընդամենը 100 օրվա համար, քանի որ ոչ աշխատանքային օրերի համար նպաստ չէին ստանալու:

Հավանաբար կառավարությունում մտածում էին, որ կանայք երեխա մեծացնելու բարդ աշխատանքում ևս հանգստյան օրերի կարիք ունեն:

Հանգստյան օրերի դիմաց չվճարելով, սակայն, սահմանափակվում էր նաև նպաստը. այսինքն, եթե կնոջ աշխատավարձը 150.000 դրամից (մոտ 420 դոլար) ավելի էր (դե իսկ հունվարից սկսած 162.500 դրամ, քանի որ, ըստ ԱԺ-ում առաջին ընթերցմամբ ընդունված «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին օրենքի, նվազագույն աշխատավարձը, որ այսօր կազմում է 30 000դրամ, 2011թ-ի հունվարի 1-ից կկազմի 32 500 դրամ), ապա նպաստները հաշվարկելու համար հիմք էր լինելու 150.000 դրամ գումարը:

Սա նշանակում է, որ եթե կինը, ով ստանում է ասենք 170.000 դրամ աշխատավարձ և, ըստ հին օրենքի, երեխա ունենալուց հետո որպես նպաստ պիտի ստանար իր աշխատավարձի հնգապատիկը` 850.000դրամ` հինգ ամիս  տանը նստելու և երեխային խնամելու համար, նոր օրենքով պիտի ստանար միայն 750.000 դրամ:

Սա իհարկե չէր կարող չառաջացնել դժգոհություն կանանց շրջանակներում, հատկապես այն կանանց, ովքեր ստանում են միջինից բարձր աշխատավարձ և ովքեր, իրենց իսկ խոսքերով, ունեցել են հնարավորություն մեկնելու արտերկիր իրենց ընտանիքներով, սակայն նախընտրել են շարունակել բնակվել Հայաստանում:

Արդյունքում, տեղի ունեցան ստորագրահավաքներ, գրվեցին նամակներ, որոնցից ՀՀ նախագահին ուղղված նամակի մի հատված ներկայացվում է ստորև:

«Օրենքը ոտնահարում է սոցիալական արդարության սկզբունքները և ոտնահարում է սոցիալական պաշտպանության իրավունքները: Չնայած ՀՀ աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարությունը պնդում  է, որ ժամանակավորապես անաշխատունակ ճանաչված` ՀՀ նվազագույն աշխատավարձի հնգապատիկից առավել բարձր վարձատրվող անհատներին ժամանակավորապես զրկելով իրենց աշխատավարձին համարժեք դրամական փոխհատուցումից` օժանդակություն է ցուցաբերվելու ՀՀ սոցիալապես առավել անապահով քաղաքացիներին և փաստարկում է իբրև թե օրենքում կատարված փոփոխությունները բխում են ՀՀ կառավարության կողմից հաստատված «Կայուն զարգացման ծրագրի» դրույթներից` օրենքն ինքնին հակասում է աղքատության հաղթահարման որևէ տրամաբանությանը:

Իբրև թե նպատակ հետապնդելով` վերաբաշխել սոցիալական ապահովության վճարները «առավել ապահով» խմբերից «առավել խոցելի» խմբերին` օրենքը սպառնում է վտանգել Հայաստանի Հանրապետությունում գոյություն ունեցող սակավաթիվ միջին դասի գոյությունը: ՀՀ աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարությունը պնդում է, որ ինքն ի զորու չէ սոցիալական ապահովության համակարգի շրջանակներում որևէ այլ կերպ «արդարացիորեն վերաբաշխում» կատարել, որը ոչ միայն պետության կողմից սոցիալական անարդարության դրսևորում է, այլև չի համապատասխանում ճշմարտությանը:

Կարծում ենք, որ հիրավի արդարացի կլիներ այնպիսի սոցիալական քաղաքականությունը, երբ ՀՀ աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարությունը ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետ համագործակցաբար մշակեր և ներդներ հատուկ սոցիալական հարկ Հայաստանի խոշոր հարկատուների համար` թիրախային սոցիալական ծրագրեր իրականացնելու նպատակով` պետական բյուջեն  համալրելով զգալի եկամուտ ունեցող կազմակերպությունների, այլ ոչ թե իրենց քրտնաջան աշխատանքով իրենց ընտանիքի կարիքները հոգացող մայրերի և բոլոր այն անձանց հաշվին, ովքեր ժամանակավորապես ի վիճակի չեն աշխատել` ոչ միայն հղիության արձակուրդում գտնվող կանանց, այլ յուրաքանչյուր անձի, որ հիվանդության կամ այլ հարգելի պատճառով ժամանակավորապես չի կարող աշխատել:

Սակայն, օրենքը ոչ միայն նվազեցնում է միջին աշխատավարձի հնգապատիկից ավել վարձատրվող ժամանակավորապես անաշխատունակ ճանաչված անձանց փոխհատուցման չափը, այլև վճարվող գումարը դիտարկում է որպես եկամուտ ու ևս մի անգամ հարկում` նախկինում կնոջ միջին աշխատավարձի 100%-ի չափով վճարում կատարելու փոխարեն: Հավատացած ենք, որ առհասարակ անթույլատրելի է հարկել սոցիալական ապահովության վճարները»:

Հատկանշական է այն, որ բարձր աշխատավարձ ստացող կանայք մեծ գումարներ են վճարում սոցիալական ապահովության ֆոնդին և իրենց ողջ կյանքի ընթացքում երևի ընդամենը երկու կամ երեք երեխա պիտի ունենան, սակայն, փաստորեն, կառավարությունը  նրանց գումարներն այդ դեպքում էլ չի ուզում վերադարձնել:

Ընդ որում տարածված է մի տեսակետ, համաձայն որի նման ձևով փորձ է արվում պայքարել գործատուների կողմից իրականացվող անօրինականությունների դեմ, երբ վերջիններս հղիության վերջին ամիսներին աշխատանքի են ընդունում կանանց` պետության հաշվին նպաստներ ստանալու նպատակով: 

Այնուամենայնիվ, արդեն երեկ՝ դեկտեմբերի 9-ին, հղի կանանց և ընդհանրապես այս հարցով մտահոգ անձանց կազմակերպած երկրորդ ցույցի արդյունքում, կառավարության նիստը սկսելուն պես վարչապետը հայտարարեց. «Մտահոգությունները, որոնք հնչում են, մեր նախարարությունը և հանձնաժողովը կիսում են։ Այսօր պատրաստվել է մի նոր օրենքի նախագիծ և անհրաժեշտ է այդ նախագիծը քննարկել շահագրգիռ բոլոր կողմերի հետ և, անհրաժեշտության դեպքում, իսկ այդ անհրաժեշտությունը, ինձ թվում է` կա, մենք հանդես կգանք օրենսդրական նախաձեռնությամբ և օրենքում կկատարենք շտկումներ` նպատակ ունենալով ստեղծել այնպիսի միջավայր, որը խթանում է ծնելիությունը Հայաստանի Հանրապետությունում»։

Կառավարաության նիստից հետո աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանին կառավարության շենքի առջև դիմավորեցին բողոքի ցույց իրականացնող հղի կանայք։ Ըստ նախարարի՝ օրենքը ամենայն հավանականությամբ կբերվի այն տեսքի, որ եղել է մինչ փոփոխություն կատարելը։

Այսպիսով, կարելի է ենթադրել, որ կառավարությունը, այնուամենայնիվ, ուշադրություն է դարձրել քաղաքացիների բողոքներին: Հաջողության դեպքում սա կլինի փոխհատուցման կարևոր մաս հատկապես այն քաղաքացիների և մայրերի համար, ովքեր, մութ ու ցուրտ տարիներին իրենց կրթությունը ստանալով Հայաստանում, այնուամենայնիվ, շարունակում են իրենց մասնագիտական հմտությունները ներդնել իրենց հայրենիքում` այդպիսով կատարելով դժվար, բայց հայրենանվեր ընտրություն:

Սոֆյա Մանուկյան

Աղբյուր` www.hra.am