Ե՞րբ կվերականգնվի արհմիությունների նախկին «փառքը»

Խորհրդային տարիներին աշխատավորների կյանքում մեծ դեր էր խաղում արհեստակցական միությունը, որն այն ժամանակ հայտնի էր որպես «պրոֆմիություն» կամ «պրոֆկոմ»։ Այն հանդիսանում էր աշխատողներին միավորող և կազմակերպող օղակ, որի գործունեությունն ուղղված էր աշխատավորների իրավունքների և շահերի պաշտպանությանը։

Խորհրդային Հայաստանում արհմիությունների մասին առանձին օրենք չկար։ Ոլորտը կարգավորվում էր այդ ժամանակվա աշխատանքային օրենսգրքով ու ողջ ԽՍՀՄ-ի համար մեկ ընդհանուր կանոնադրությամբ։
Հայաստանում «Արհեստակցական միությունների մասին» առանձին օրենք ընդունվեց և ուժի մեջ մտավ միայն 2001թ.-ին, այն ժամանակ, երբ 90-ականների ճգնաժամի հետևանքով մեծ վնաս էր հասցվել տնտեսությանը, շատ հիմնարկներ ու գործարաններ այլևս չէին գործում և բարձր էր գործազրկության մակարդակը։
Մինչ օրս մեզ չի հաջողվել վերականգնել արհմիության նախկին հեղինակությունը։ Ներկայումս շատ հիմնարկներում չկան արհմիություններ կամ կան, բայց ձևական բնույթ են կրում և չեն կատարում իրենց առաքելությունը։ Ո՞րն է սրա պատճառը։
Հայաստանի արհեստակցական միությունների կոնֆեդերացիայի (ՀԱՄԿ) փոխնախագահ Բորիս Խառատյանը առանձնացնում է մի քանի պատճառներ։ Նրա կարծիքով՝ պատճառներից մեկը, հավանաբար, այն է, որ աշխատանքային հարաբերությունները ծագում և ձևավորվում են անհատական սկզբունքով, այսինքն՝ միջնորդություններով։ Հետևաբար, խնդիրներ, բողոքներ կամ առաջարկություններ ունենալու դեպքում աշխատողը դրանք գործատուին է հասցնում ոչ թե արհմիության միջոցով, այլ այն միջնորդի, ում շնորհիվ աշխատանքի է ընդունվել։
Նա կարևորում է նաև աշխատողի իրավագիտակցությունը։ «Իհարկե, դա էլ է կարևոր, բայց դա շաղկապված է իմ նշած նախորդ պատճառի հետ։ Եթե մեկը միջնորդով է ընդունվել աշխատանքի, ինքը մտածում է, որ իրեն պետք չէ օրենքներ իմանալ, որովհետև գիտի, որ եթե գործատուի հետ խնդիրներ ունենա, նույն միջնորդի միջոցով կհարթի, այսինքն՝ կփորձի խնդիրները լուծել կամ ինչ-որ պահանջմունքներ բավարարել անձնավորված ճանապարհով, այլ ոչ թե օրենքի օգնությամբ»,- նշում է արհմիությունների կոնֆեդերացիայի փոխնախագահը։
Ըստ Բորիս Խառատյանի՝ մյուս պատճառն այն է, որ մենք չունենք խոշոր արտադրական-արդյունաբերական ձեռնարկություններ, քանի որ ի սկզբանե հենց արդյունաբերական ձեռնարկություններում են ստեղծվել արհմիությունները՝ որպես աշխատավորների շահերը պաշտպանող կազմակերպություններ։

Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան ստեղծվել 1992-ին։
Կազմակերպությանն անդամակցում են 24 ճյուղային արհեստակցական միություններ, որտեղ միավորված են շուրջ 250.000 արհմիության անդամներ։
Բ.Խառատյանը խոստովանում է, որ իրենց կազմում եղող արհմիութենական կազմակերպություններից բոլորը չէ, որ ակտիվ են և բարձր արդյունավետությամբ են գործում։ Կան և՛ շատ ակտիվ, և՛ պասսիվ կազմակերպություններ։
Իսկ ի՞նչ աշխատանքներ է տանում ՀԱՄԿ-ը աշխատողների շահերը պաշտպանելու համար, և ի՞նչ խնդիրներով են իրենց դիմում աշխատողները։
Կոնֆեդերացիայի իրավաբանական բաժնի պետ Միքայել Փիլիպոսյանի հավաստմամբ՝ իրենց մատուցած բոլոր ծառայությունները անվճար են և հիմնականում կրում են խորհրդատվական բնույթ։ Հարկ եղած դեպքում կազմակերպության իրավաբանը օգնում է նաև դատարան դիմելու հետ կապված փաստաթղթերի ձևակերպման հարցում, մատուցում փաստաբանական ծառայություններ։
2010թ. սկզբից մինչ օրս, ըստ Մ.Փիլիպոսյանի, ՀԱՄԿ-ի մատուցած գրավոր խորհրդատվությունների թիվը մոտ 120 է, իսկ հեռախոսով մատուցած խորհրդատվությունների թիվը, որոնք մատյանում չեն գրանցվում, անցնում է 1000-ից։ Ընդ որում, իրավաբանն ասում է, որ հարցերով դիմում են ոչ միայն աշխատողները, այլև գործատուները, հաշվապահները, իրավաբանները՝ օրենքի և տարբեր փաստաթղթերի ձևակերպման հետ կապված հարցերով։
Խնդիրները, որոնցով ՀԱՄԿ-ին են դիմում աշխատողները, բազմազան են, ասում է Մ.Փիլիպոսյանը։ Սակայն, կարելի է ասել, որ ավելի շատ խախտվում են աշխատողների իրավունքները կապված աշխատանքային պայմանագրի կնքման և լուծման հետ, ինչպես նաև արտաժամյա աշխատանքի ու աշխատավարձի, արձակուրդի տրամադրման կարգի և արձակուրդայինի հաշվարկման հետ։
«Եթե աշխատողները ցանկանում են իրենց շահերը պաշտպանել, պետք է առաջին հերթին իրենք նախաձեռնողական լինեն։ Այսօր ամեն ինչ թողնված է անձի ինքնագիտակցության, ակտիվության վրա։ Բայց, կարծում եմ, պետք է նաև նրան սովորեցնել, թե որոնք են իրավունքների, շահերի պաշտպանության ճանապարհները, ձևերը, հնարավորությունները։ Սովորեցնելու գործընթացը շատ պասսիվ է Հայաստանում, և այս հարցում թերացումներ կան»,- ասում է ՀԱՄԿ փոխնախագահ Բորիս Խառատյանը։ Իսկ կոնֆեդերացիայի իրավաբանական բաժնի պետ Միքայել Փիլիպոսյանը հավելում է, որ զանգվածային լրատվամիջոցները լսարանին քիչ են տեղեկատվություն տալիս աշխատանքային իրավունքների և օրենսդրության վերաբերյալ, չկան իրավունքներ ուսուցանող առանձին հաղորդաշարեր։
Բորիս Խառատյանը ևս մեկ անգամ հորդորում է, որ լինել ակտիվ, ստեղծել արհմիություններ և պաշտպանել սեփական շահերն ու իրավունքները։ Իսկ արհմիություն ստեղծելու համար բավարար է 3 աշխատողի առկայությունը և ցանկությունը, ովքեր հրավիրում են հիմնադիր ժողով, հաստատում կազմակերպության կանոնադրությունը, ընտրում ղեկավար և վերահսկողություն իրականացնող մարմիններ։ Միությունը գրանցվում է պետական ռեգիստրում՝ համապատասխան ընթացակարգով։
Վերջում հավելենք, որ ըստ «Արհեստակցական միությունների մասին» ՀՀ օրենքի՝ արհմիությունը անկախ է գործատուներից, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, հասարակական և քաղաքական կազմակերպություններից և նրանց կողմից ենթակա չէ վերահսկման։

Մերի Ալեքսանյան
Աղբյուրը՝ www.hra.am