Սեփական անտարբերության զոհերը

2010 թ. նոյեմբերի 9-ին Սևանում տեղի էր ունեցել ողբերգություն: 23-ամյա երիտասարդը իրենց բնակարանում առանձնակի դաժանությամբ՝ խոշտանգելով սպանել էր հարազատ ծնողներին: Հարևանների ահազանգով եկած ոստիկանության աշխատակիցները շենքի մուտքի մոտ նկատել էին փախչել փորձող, արնաթաթախ հագուստով երիտասարդին և ձերբակալել:

Իրավապահները բնակարանում հայտնաբերել էին ամուսիններ Խաչիկ Բաբայանի (1946թ. ծ.) և Մարիետա Թորոսյանի (1953 թ. ծ.) խոշտանգված դիակները և պարզել, որ սպանությունը կատարել է նրանց որդի Արման Խաչիկի Թորոսյանը:

Քննիչները բնակարանում հայտնաբերել էին առարկաներ, որոնց վրա առկա էին արյան հետքեր, ինչպես նաև 3 կգ-անոց գազի բալոն, որով որդին հարվածներ էր հասցրել կենսաթոշակառու ծնողներին: Դեռևս մինչև հանցագործություն կատարելը Արմանը հարևաններին հայտնել էր, որ իրեն համարում է «Եհովայի վկա», մշտապես վիճել էր ծնողների հետ, իսկ սպանությունը կատարելուց հետո հարևանները լսել էին, թե ինչպես բնակարանից փախչելիս Արմանը ասել էր. «Ես կատարում եմ Եհովա Աստծու հրամանները: Իմ հայրը Եհովա Աստվածն է: Ես նրա հրամանով սպանում եմ սատանաներին և առաջին սատանաներին արդեն սպանել եմ»:
Հարևանները նշել էին նաև, որ եթե ոստիկանները ժամանակին չժամանեին՝ հնարավոր էր, որ երիտասարդը մի քանի «սատանայի» ևս սպաներ (նկատի ունեին հարևաններին):
Սևանի ոստիկանության քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրօրի 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (սպանություն):

Հիմա տեսնենք, թե ինչու և ինչպես է կատարվել ողբերգությունը և հնարավո՞ր էր այն կանխել:
«Շիզոֆրենիա» կոչվող հոգեկան հիվանդությունը սկսվում է հիմնականում պատանեկան կամ երիտասարդական տարիքում, զարգանում է դանդաղ կամ արագ ընթացքով և բնորոշվում այդ ընթացքում դիտվող հիվանդի վարքագծի տարաբնույթ շեղումներով: Հիվանդը աստիճանաբար դառնում է մենակյաց, ինքնամփոփ, մեկուսացած, մտազբաղ, կասկածամիտ, բռնկվող, ագրեսիվ և այլն:

Հիվանդության զարգացմանը զուգահեռ, ի հայտ են գալիս տարօրինակություններ, անհասկանալի հետաքրքրություններ (օրինակ, կրոնամոլություն, այդ թվում նաև՝ հակում դեպի աղանդները), հակասական ռեակցիաներ և այլն: Այս հիվանդությանը շատ բնորոշ են նաև զառանցական մտքերն ու ցնորքները: Զառանցական մտքերը հաճախ լինում են մեծամոլական բնույթի. «Իմ հայրը Եհովա Աստվածն է»: Հիվանդին թվում է, թե ինքը աշխարհ է եկել ինչ-որ կարևոր առաքելություն կատարելու նպատակով:
Լսողական ցնորքները հաճախ լինում են հրամայողական բնույթի («Ես կատարում եմ Եհովա Աստծու հրամանները»), իսկ տեսողական ցնորքները արտահայտվում են ծռմռված, այլանդակված, սատանայակերպ կերպարանքներ տեսնելով («Նրա հրամանով սպանում եմ սատանաներին և առաջին սատանաներին արդեն սպանել եմ»):

Արմանը իր զառանցական մտքերը առանձնակի պաթոսով կրկնեց նաև ոստիկանությունում՝ հեռուստախցիկի առաջ:
Զառանցանքների ու ցնորքների առումով «Եհովայի վկաների» աղանդին հարելը (կամ չհարելը) ունի զուտ բովանդակային բնույթ: Դեռևս մինչև եհովականների մուտքը Հայաստան, հոգեկան հիվանդները նման հանցագործությունները կատարում էին «Աստծո հրամանով», «Քրիստոսի պատգամով», «ԿԳԲ-ի հանձնարարությամբ», «այլմոլորակայինների ուղարկած ռադիոալիքների» կամ «անդրշիրիմյան աշխարհից եկող ձայների» ազդեցության տակ:

Հիվանդության խորացմանը զուգընթաց, վերանում է սեփական մտքերի ու վարքի նկատմամբ քննադատական վերաբերմունքը: Հիվանդը դառնում է խիստ վտանգավոր ինչպես ընտանիքի անդամների ու շրջապատի մարդկանց, այնպես էլ սեփական անձի համար, ընդհուպ մինչև ինքնասպանությունը:
Շիզոֆրենիայի առաջացման հիմնական պատճառը ժառանգական նախատրամադրվածությունն է, իսկ զանազան հոգեկան ցնցումները (վախ, անպատասխան սեր, դավաճանություն, վիշտ, «սթրես» և այլն), ուղեղի վնասումներն ու թունավորումները (ալկոհոլիզմ, թմրամոլություն) ուղղակի խթանում են հիվանդության առաջացումը, արագացնում կամ ծանրացնում ընթացքը:

Շիզոֆրենիան ունի զանազան կլինիկական ձևեր, որոնցից յուրաքանչյուրն իր հերթին ունի տեսակներ ու ենթատեսակներ, որոնք էլ յուրաքանչյուր մարդու պարագայում ընթանում է յուրովի: Հիվանդությունը կարող է ընթանալ անընդմեջ, նոպայաձև, ալիքաձև: Երկու նոպաների միջև ընկած լավացման շրջանը՝ ռեմիսիան, կարող է տևել ամիսներ կամ տարիներ:

Փսիխոզի հետևանքով առաջացած ինքնաքննադատության բացակայության պատճառով հիվանդները սովորաբար խուսափում են բժշկի դիմել: Սակայն դա չպետք է խոչընդոտի, որպեսզի հարազատները զբաղվեն նրա բուժումով:
Ուստի, սիրելի ընթերցող, ձեր հարազատի վարքում տարօրինակ շեղումներ նկատելիս, անձամբ (անգամ առանց հիվանդի) այցելեք հոգեբույժին կամ բժիշկ-հոգեթերապևտին, մանրամասն պատմեք հիվանդի հոգեբանական կամ վարքային շեղումների մասին և ստանալով համապատասխան խորհուրդներ ու հրահանգներ, սկսեք ավելի ուշադիր լինել նրա նկատմամբ և նրան նախապատրաստել բուժման գնալու մտքին:

Ներկայումս կան արդյունավետ դեղեր, որոնց մի քանի օրյա ընդունումը բավական է, որ հիվանդի վիճակը բարելավվի այնքան, որպեսզի նա սկսի գիտակցել սեփական հիվանդությունը և շարունակի բուժվել կամովին:
Արման Թորոսյանի և նրա ծնողների հետ կատարվածը ողբերգական լինելով հանդերձ, նաև ցավալի է այնքանով, որ ծնողները նկատելով, որ որդին տառապում է լուրջ հոգեկան հիվանդությամբ, տարիներ շարունակ չեն դիմել բժշկի, չեն կազմակերպել նրա բուժումը ստացիոնար կամ ամբուլատոր պայմաններում և թույլ են տվել, որ հիվանդությունն այնքան խորանա, որ որդին խելագարության գագաթնակետին դաժանորեն սպանի հարազատ ծնողներին:

Մինչդեռ հնարավոր էր խուսափել նման ճակատագրից...

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԻՆԱՍՅԱՆ
«Նոր Արաբկիր» ԱԿ-ի հոգեբույժ-հոգեթերապևտ