2011թ-ից Արմենիկումը ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդների համար անվճար է

Կառավարությունը վերջերս իր 2006թ. ընդունած «Անվճար կամ արտոնյալ պայմաններով դեղեր ձեռք բերելու իրավունք ունեցող բնակչության սոցիալական խմբերի և հիվանդությունների ցանկերը հաստատելու մասին» որոշման ցանկ ներառեց ՄԻԱՎ/ ՁԻԱՀ-ը և Արմենիկում և (կամ) համարժեք այլ դեղերը: Ելնելով այս որոշումից Հայաստանի պետական բյուջեի 2011թ. նախագծում 50 մլն դրամ (մոտ 140.000 դոլար) է նախատեսված ՄԻԱՎ/ ՁԻԱՀ-ով հիվանդ մարդկանց Արմենիկում դեղամիջոցը տրամադրելու համար:

Բայց, քանի որ Հայաստանում, ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, 2009թ. հաշվառվել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով 1200 հիվանդ, որոնցից 310-ը` կանայք, ապա նախատեսված 50 մլն դրամը բավարար կլինի միայն 157 հիվանդի համար, որովհետև «Արմենիկումի» մեկ միավորի միջին շուկայական գինը 31.900 դրամ է (մոտ 90 դոլար):
Այն հարցին, թե այս անհավասար թվաբանական հաշվարկում, ի՞նչ չափանիշներով է ընտրվելու և նախապատվությունը ո՞ր հիվանդներին է տրվելու, Առողջապահության նախարարության` Դեղերով և տեխնոլոգիաներով ապահովման, դեղագործական գործունեության կազմակերպման բաժնի պետ Մարինե Հարությունյանը նշեց, որ նախապատվությունը տրվելու է այն հիվանդներին, ովքեր սոցիալապես անապահով են և գտնվում են առողջական ծանր վիճակում. «Համապատասխան կարգ կիջեցվի համապատասխան դեղորայքով ապահովող բուժհաստատություններին, որպեսզի առաջնությունը տրվի հենց այդ մարդկանց, ովքեր ունեն բուժման կարիք և դեղի ձեռք բերման խնդիր»:
Կամա, թե ակամա ընտրության սկզբունքը հակասություն է առաջացնում նաև «Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ կետով, որտեղ ասվում է` վարակված անձինք իրավունք ունեն ստանալ ոչ խտրական վերաբերմունք:
Ու, քանի որ մեր երկրում կոռուպցիոն ռիսկերը առկա են բոլոր ոլորտներում, կարևոր է նաև, թե ԱՆ-ը ի՞նչ մեխանիզմներով է վերահսկելու այս գործընթացը, ինչին ի պատասխան տիկին Հարությունյանը պարզաբանեց. «Ան-ի կողմից դեղը տրամադրելուց հետո եռամսյակային հաշվետվություններ կարվեն դեղի հատկացումների, մնացորդների վերաբերյալ: Անուններով, սոցիալական հիմքերով պահանջվելու է փաստաթուղթ, որից պարզ կդառնա, թե անհատը ունի՞ սոցիալական այդ հիմքը, թե՞ ոչ: Բացի այդ տարվա մեջ մի քանի անգամ ուսումնասիրություններ կկատարվեն հենց տեղում»:
Այն հարցին, թե ընտրությունը ինչպե՞ս է կատարվելու, հաշվի են առնելու «Սպիդ» կենտրոնի թվերը, թե՞ «Արմենիկում» կլինիկական կենտրոնում բուժվողների թիվը, Մարինե Հարությունյանը նշեց, որ բոլոր կենտրոններից կկատարվի տվյալների հավաքագրում, կիրականացվեն հարցումներ և կներկայացվեն առավել ծանր վիճակում գտնվող հիվանդները: Իսկ 2011 թ. համապատասխան կարգ կներդրվի, թե Արմենիկումը սոցիալական որ խմբերին է տրվելու: Նա նշեց, որ նախնական մի փոքր ուսումնասիրություն է արվել, ըստ որի, մոտ 200 հիվանդ հաջորդ տարի կօգտվի անվճար Արմենիկում ստանալու հնարավորությունից:
Տիկին Հարությունյանը նշեց, որ վերջնականապես 2011 թ-ին կորոշվի և կներդրվի նաև այն կարգը, թե ինչ փաստաթղթեր պիտի ներկայացնեն հիվանդները անվճար Արմենիկում ստանալու ցանկում ընգրկվելու համար. «Դրանք հավանաբար կլինեն նպաստի, անաշխատունակության, ընտանեկան վիճակի մասին խոսող և մի շարք այլ փաստաթղթեր»:
Այն հարցին, թե հնարավո՞ր է, որ նույն մարդը օգտվի և՛ պետպատվերի շրջանակում բուժվելու հնարավորությունից, և՛ անվճար Արմենիկում ստանալու իրավունքից, Մարինե Հարությունյանը նշեց, որ դա ընդամենը տեխնիկական հարց է, որը արագ կկարգավորվի համապատասխան տեղեկանքների միջոցով. «Մենք կուսումնասիրենք և կճշտենք, եթե հիվանդը տվյալ բուժհաստատությունում հաշվառված է, ապա տեղեկանք կներկայացնի դրա մասին», նրա խոսքերով կարևոր չէ նաև այն հանգամանքը, որ հիվանդները կարող են նույն ընտանիքից լինել, որովհետև այս դեպքում նրանք առանձին հիվանդ են հանդես գալիս և ոչ թե մեկ ընտանիքից:
Մարինե Հարությունյանը նշեց, որ բուժման կուրսի վերաբերյալ հարցերը դեռ քննարկված չեն, բայց հավանաբար հիվանդը կապահովվի ոչ թե մեկ Արմենիկումով, այլ բուժման ամբողջական կուրսով. «Ճիշտ է՝ բուժենք 10 հոգի լիարժեք, քան 100 հոգի կիսատ, որովհետև դեղը չի կարելի ստանալ և ընդհատել, դա հետագայում ավելի վատ արդյունքների կբերի»:
«Արմենիկում» ՓԲԸ-ի տնօրեն Լևոն Գևորգյանի կարծիքով, բուժման արդյունքները կարող են տարբեր լինել հիվանդների մոտ, մեկին եթե մի կուրսն էլ կարող է բավարարել, ապա մյուսի մոտ փոփոխություն կարող է նկատվել 3 ցիկլից հետո: Իսկ բուժումը իրենից ներկայացնում է իմունային թերապիա, որը 7 օրերի ընթացքում, օրը մեջ հաճախականությամբ, ներարկվում է հիվանդին: Դրանից 18 օր հետո հիվանդը նորից գալիս է կլինիկա ու նույն թերապիան անցնում 3-4 անգամ:
Լևոն Գևորգյանը նշեց, որ արդեն 5 տարի է, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով 60 հիվանդ տարեկան պետպատվերի շրջանակում անվճար բուժվում է «Արմենիկում» կլինիկական կենտրոնում, իսկ պետբյուջեից նախատեսվող 50 մլն. դրամը հատկացվելու է ոչ միայն ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդներին, այլև իմունային անբավարարություն ունեցող հիվանդներին. «Արմենիկումը այն դեղն է, որը ակտիվացնում է իմունային համակարգը, այն ունի ավելի լայն կիրառում, դա և՛ գրիպի դեմ է, և՛ իմունային անբավարարությամբ հիվանդությունների դեմ»,- նշեց պրն. Գևորգյանն ու ավելացրեց, որ անցյալ տարի դեղորայքը փորձարկվել է նաև խոզի գրիպի դեմ և գրանցել լուրջ արդյունքներ: Նա տեղեկացրեց, որ այսօր արդեն կան Արմենիկումի հաբերը, որոնք գրիպի, իմունային անբավարարության համար են: Այն դեռ չի վաճառվում դեղատներում, բայց գրանցվել է Հայաստանում և արդեն օգտագործվել մարզիկների կողմից:
Լևոն Գևորգյանը նշեց, որ այսօր իրենք կլինիկական փորձարկումների համար ավելի շատ գումար են ծախսում, քան այդ 50 մլն. դրամն է, որը պետք է հաջորդ տարի հատկացվի: Բայցևայնպես, ուրախ է կառավարության այդ որոշման համար, որովհետև դրանով ի վերջո պետական մոտեցում է ցուցաբերվում Արմենիկումին ու քայլ արվում աշխարհում այդ դեղորայքի հեղինակության բարձրացմանը:
Լ.Գևորգյանը որևէ խնդիր չտեսավ 50 մլն. դրամով ձեռք բերած դեղորայքը հաշվառված 1200 հիվանդների միջև բաշխելու հարցում, որովհետև, ըստ նրա, այս հիվանդության առաջին փուլում կա վիրուսակիր հասկացությունը, որին այսօրվա դրությամբ բուժում պետք չէ: Իսկ իրենք սկսում են բուժել, երբ մարդու մոտ խնդիրներ են առաջանում:
Այն հարցին, թե տարեկան որքա՞ն Արմենիկում է արտադրվում և որքա՞նն է սպառվում ՄԻԱՎ, ՁԻԱՀ-ով հիվանդների կողմից, Լևոն Գևորգյանը նշեց. «Ինչքան որ պետք է, այդ քանակությամբ էլ արտադրում ենք, սա յուղի և շոկոլադի առևտուր չէ, այստեղ նախապես է ամեն ինչ պլանավորվում»:
Նա տեղեկացրեց, որ թե՛ ՁԻԱՀ-ի դեմ օգտագործվող և թե՛ գրիպի, ջերմության դեմ օգտագործվող Արմենիկումի բաղադրության մեջ տարբերություն չկա, միայն չափաքանակն է տարբեր. «Դեղորայքը գրանցված է տարբեր չափանիշներով. այն և՛ վիրուսային է, և՛ իմունային, և՛ բակտերիալ, օրինակ պինիցիլինով առաջ բուժում էին սիֆիլիս, գանակոկա, բայց այն օգտագործում էին նաև ջերմության դեմ: Նույնն էլ Արմենիկումի դեպքում է, այն նախատեսված է ավելի լայն սպառման համար»:
Հիշեցնենք, որ ՁԻԱՀ-ի դեմ Արմենիկում դեղամիջոցը գրանցվել է Հայաստանի դեղերի և բժշկական տեխնոլագիաների գործակալության կողմից 1999թ-ի փետրվարի 22-ին:

Սոնա Ադամյան
Աղբյուր՝ www.hra.am