Հղի կանանց հոգսերը. հայ օրենսդիրները մտադիր են փոխել մայրության քաղաքականությունը

Անցյալ շաբաթ տասից ավելի հասարակական կազմակերպություններ բաց նամակով դիմել են Ազգային ժողովի նախագահին` «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» օրենքի նախագծի վերաբերյալ: Կազմակերպություններն իրենց դժգոհությունն են հայտնել նախածննդյան ու հետծննդյան արձակուրդի չափը կրճատելու մասին առաջարկի կապակցությամբ:

Եթե ներկայումս մայր դարձած կանայք 140 օրացուցային ազատ օրվա հնարավորություն ունեն, որոնց համար պետությունը նրանց տալիս է նպաստ, ապա նոր օրենքով նրանք կվճարվեն ընդամենը 100 օրվա համար, քանի որ ոչ աշխատանքային օրերի համար նպաստ չեն ստանա:

Նախագծով սահմանվում է նպաստի սահմանափակում. եթե կնոջ աշխատավարձը 150.000 դրամից (մոտ 420 դոլար) ավելի է, ապա նպաստները հաշվարկելու համար հիմք է լինելու 150.000 դրամ գումարը:

Նախագահին ուղղված բաց նամակի նախաձեռնող «Երիտասարդության և ուսանողների միջազգային կապերի ու փոխանակման հայկական կենտրոն» ՀԿ նախագահ Արմեն Հայրումյանը «ԱրմենիաՆաուին» ասաց, որ սա ոտնահարում է ինչպես բոլոր հղի կանանց, այնպես էլ բարձր աշխատավարձ ստացողների իրավունքները:

«Բարձր աշխատավարձ ստացող կանայք մեծ գումարներ են վճարում սոցիալական ապահովության ֆոնդին հենց այդ նպատակով: Եվ իրենց ողջ կյանքի ընթացքում երևի ընդամենը երկու կամ երեք երեխա պիտի ունենան, ու նրանց գումարներն այդ դեպքում էլ չեն ուզում վերադարձնել»,- ասում է Հայրումյանը:

Նախագծի հեղինակների և մասնագետների հիմնավորումներից մեկն այն է, որ նման ձևով փորձ է արվում պայքարել գործատուների կողմից իրականացվող անօրինականությունների դեմ, երբ վերջիններս հղիության վերջին ամիսներին աշխատանքի են ընդունում կանանց` պետության հաշվին նպաստներ ստանալու նպատակով:

Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի նախագահ Ջեմմա Հասրաթյանն ասում է` այսպիսով պետությունն իր սոցիալական քաղաքականությունը բարդում է կանանց վրա:

«Գնացե´ք, ստուգե´ք, պատժե´ք անօրինականությունները: Չպետք է կանանց պատժել նրա համար, որ տասը գործատու դիմել է այդ քայլին»:

Աղբյուր՝www.armenianow.com