Հայցը բավարարվել է

2 տարի առաջ առավոտյան «Զվարթնոց» Միջազգային Օդանավակայանի (ՄՕ) Սանիտարական կարանտինային կետ աշխատանքի գնալիս բժիշկ-համաճարակաբան Եպրաքսյա Գրիգորյանը օգտվել է «Զվարթնոց» ՄՕ-ի ծառայողական ավտոբուսից, որը հարվածել է գովազդային սյանը: Եպրաքսյան ընկել է նստատեղից և ստացել է ողնաշարի գոտկատեղային հատվածի կոտրվածք: «Արմենիա» բժշկական կենտրոնում վիրահատվելուց (մետաղական կառուցվածք են տեղադրել) 3 ամիս անց Բժշկասոցիալական փորձաքննության գործակալության Երևանի թիվ 4 Բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի (ԲՍՓՀ) կողմից ճանաչվել է I խմբի հաշմանդամ:ում հաշմանդամության պատճառը նշվել է ընդհանուր հիվանդություն, ոչ թե խեղում դժբախտ դեպքի պատճառով:

Եպրաքսյան դիմել է 4-րդ ԲՍՓՀ հաշմանդամության պատճառը ճշտելու համար: Գրավոր պատասխան է եկել՝

[... Համաձայն «ՀՀ-ում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 6.1-րդ հոդվածի «ե» կետի՝ բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմինները չունեն ընդհանուր աշխատունակության կորստի աստիճան որոշելու գործառույթ, այլ միայն որոշում են անձի մասնագիտական աշխատունակության կորստի աստիճանը:

Օրենքի նույն կետի համաձայն՝ մասնագիտական աշխատունակության կորստի աստիճանը որոշվում է ՝աշխատանքային պարտականությունների կատարման հետ կապված խեղման, մասնագիտական հիվանդության կամ առողջությանը հասցված այլ վնասի դեպքում: Հետևաբար մասնագիտական աշխատունակության կորստի աստիճանը կարող է որոշվել միայն հաշմանդամություն առաջացնող վնասվածքի վերաբերյալ համապատասխան դժբախտ դեպքի ակտի առկայության դեպքում:]

 «Դիմեցի նաև գործատուիս՝ Առողջապահության նախարարություն (ԱՆ)՝ դժբախտ դեպքի ակտ ստանալու ակնկալիքով: Նախարարությունը մերժեց՝ պատճառաբանելով, որ ավտոբուսը, որով գնացել եմ այդ օրն աշխատանքի, պատկանում է «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ին, որի հետ նախարարությունը պայմանագիր չունի կնքած, որ ես չպետք է նստեի այդ ավտոբուսը, ուստի գործատուիս իրավասություններից դուրս է դժբախտ դեպքի ակտ տրամադրելը»,- ասում է Եպրաքսյան:

2010 թվականի փետրվարին գործատուն բժիշկ-համաճարակաբանին ազատել է աշխատանքից: Նա 2010թ. մարտին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան հայց է ներկայացրել ընդդեմ Առողջապահության նախարարության՝ անվավեր ճանաչելու աշխատանքից ազատելու հրամանը, վերականգնելու իր պաշտոնում՝ վճարելով հարկադիր պարապուրդի ողջ ժամանակաշրջանի համար, միջին ամսական աշխատավարձի չափով, սկսած 27.02.2010թ.-ից մինչև աշխատանքի վերականգնելը:

Երկրորդ հայցով Եպրաքսյա Գրիգորյանը դիմել է  Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ Երևանի թիվ 4-րդ ԲՍՓՀ-ի՝ հաշմանդամության պատճառահետևանքային կապը ճիշտ նշելու (հաշմանդամություն դժբախտ դեպքի, ոչ թե ընդհանուր հիվանդության պատճառով) և  Առողջապահության նախարարության՝ դժբախտ դեպքի ակտ տրամադրելու պահանջով:

2010 թվականի սեպտեմբերի 17-ին դատարանը հայցը բավարարել է, վճիռ է կայացրել.

[ ... Պարտադրել ՀՀ Առողջապահության նախարարությանը Եպրաքսյա Գրիգորյանի հետ տեղի ունեցած դժբախտ դեպքի /աշխատանքի վայր փոխադրվելիս տեղի ունեցած ավտովթարի/ կապակցությամբ իրականացնել ծառայողական քննություն, դժբախտ դեպքը հաշվառել և ձևակերպել՝ տրամադրելով դժբախտ դեպքի քննության համապատասխան ակտեր:

ՀՀ Առողջապահության նախարարությունից, ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության Երևանի թիվ 4 ԲՍՓՀ-ից համապարտությամբ հօգուտ պետ. Բյուջեի բռնագանձել 8000 /ութ հազար/ ՀՀ դրամ որպես չվճարված պետ.տուրքի գումար:]

Հ.Գ. Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան ներկայացված գործը դեռ ընթացքի մեջ է:

Աննա Բարսեղյան

Աղբյուր՝ www.hra.am