ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Ավետիք Իշխանյան. «Մարդու իրավունքների առումով անկախ հանձնաժողովները հակասահմանադրական և հակամարդկային են»
Լևոն Գևորգյան
ՀՀ նախագահի 2006 թ. հուլիսի 31-ի հրամանագրով ստեղծվեցին «պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով» երեք անկախ հանձնաժողովներ: Յուրաքանչյուր հանձնաժողով բաղկացած էր 8 անդամից' ներառյալ հանձնաժողովի նախագահը: Դրանց անհատական կազմերը, ըստ սպասարկող քրեակատարողական հիմնարկների ցանկի, հաստատում էր ՀՀ նախագահը: Այդպիսով փորձ էր արվում փոխել կալանավայրերում իրենց պատիժը կրող անձանց վաղաժամկետ ազատման գործընթացի «երկօղակ» համակարգը, երբ քրեակատարողական հաստատության /ՔԿՀ/ ղեկավարության որոշումը ներկայացվում էր դատարան, վերջինս էլ հասատում կամ չէր հաստատում այն:
«Մինչ այս հանձնաժողովների ստեղծումը Հայաստանում գործում էր նախկին ԽՍՀՄ-ից որդեգրած համակարգը, այն է' դատապարտյալն իր ազատազրկման ժամկետի 1/3-ը կամ 2/3-ը կալանավայրում անցկացնելուց հետո կարող էր վաղաժամկետ ազատվել, եթե տույժեր չուներ, և դրա համար ՔԿՀ-ը նրա ազատման գործը ներկայացնում էր դատարան, վերջինս էլ որոշում էր' համաձայնել, թե ոչ: Հասկանալի է, թե ինչքան մեծ էին այստեղ կոռուպցիոն ռիսկերը, ինչ պարզ մեխանիզմով կաշառքը կարող էր «կիսվել» երկու տեղ, ու դատապարտյալը սուբյեկտիվ որոշման արդյունքում հայտնվեր ազատության մեջ,- բացատրում է Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը:
Նորաստեղծ անկախ հանձնաժողովները կոչված էին վերացնելու կամ գոնե նվազագույնի հասցնելու կոռուպցիոն ռիսկերը: Սակայն հանձնաժողովների գործունեությունը, կապված կայացրած որոշումների հետ, խիստ վիճահարույց և հակասական գնահատականների է արժանանում:
«Ինձ համար անհասկանալի է'կոռուպցիոն մեխանիզմին հակակշիռ ստեղծելիս մի՞թե ավելի արդյունավետ համակարգ, քան այս հանձնաժողովներն էին, չէր կարելի ստեղծել: Իմ գնահատմամբ, այս անկախ կոչվող հանձնաժողովները ոչ միայն հարցի լուծում չեղան, այլ ստեղծեցին նոր խնդիրներ, որոնք է'լ ավելի բարդացրին մեր դատաիրավական համակարգում առկա հիմնախնդիրները:
Նախ' այն փաստը, որ հանձնաժողովը, որպես օրենք, մերժում է ՔԿՀ-ի հայցը, այսինքն' դատապարտյալը վաղաժամկետ չի ազատվում, առաջ է բերում վերջինիս մոտ խթանների վերացում, այսինքն' եթե նախկինում նա գոնե հույս ուներ, որ իր լավ պահվածքը կարող է նպաստել վաղաժամկետ ազատության մեջ հայտնվելուն, ապա այժմ նա գրեթե համոզված է, որ իրեն, միևնույն է, ժամկետից շուտ չեն ազատի, ուրեմն էլ ինչու՞ պետք է «իր վրա աշխատի»:
Պարզ չէ, թե ինչ սկզբունքով, ինչ չափորոշիչով է հանձնաժողովն իր որոշումը կայացնում: Ակնհայտ է, որ սուբյեկտիվ գործոնը շատ մեծ է, առավել ևս, որ նախագահները «ուժայիններ» են, որոնք շահագրգռված են իրենց իսկ կողմից բռնված ու մեղադրված մարդուն որքան հնարավոր է երկար պահել կալանավայրում»,- ասում է Ա. Իշխանյանը:
Հանձնաժողովի կազմում ութ անդամից 5-ը ներկայացնում են պետական կառույցներ, իսկ հանձնաժողովների նախագահները ՀՀ ոստիկանության պետի տեղակալներն են, և միայն 3-ն են համեմատաբար անկախ մարմինների (ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, փաստաբան, ԵՊՀ դասախոս-հոգեբան) ներկայացուցիչներ:
2007-ին հանրապետության բոլոր ՔԿՀ-ների վարչական հանձնաժողովի կողմից անկախ հանձնաժողովին վաղաժամկետ ազատման է ներկայացվել ընդհանուր առմամբ 1714 հայց, 2008-ին' 1798, իսկ 2009-ին' 1629, որոնցից վաղաժամկետ ազատման հավանություն է տրվել համապատասխանաբար 501, 587 և 569 դատապարտյալի:
Ըստ հանձնաժողովի անդամ, փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի' «խնդիրը ոչ թե հանձնաժողովի կայացրած որոշման սուբյեկտիվության կամ ուժային կառույցների ներկայացուցիչների առկայության մեջ է, դա այդպես էլ պետք է լիներ, այլ Հայաստանում համապատասխան չափորոշիչների ու չափանիշների բացակայության մեջ: Եթե դրանք բացակայում են, էլ ինչի՞ հիման վրա հանձնաժողովը պետք է իր որոշումը կայացնի»:
«Առաջնայինը կատարած հանցանքի ծանրության աստիճանն է: Եթե մարդն անզգույշ կամ մանր հանցանք է կատարել, նրան չես կարող նույն կերպ վերաբերվել, ինչ թմրանյութ վաճառողին, որն ազատության մեջ հայտնվելով' նորից շարունակելու է նույն գործով զբաղվել»,- պարզաբանում է ԵՊՀ ընդհանուր հոգեբանության ամբիոնի վարիչ, հանձնաժողովի անդամ Հրանտ Ավանեսյանը:
Լրագրող Տիգրան Նաղդալյանի սպանությունը պատվիրելու համար 15 տարի ազատազրկման դատապարտված Արմեն Սարգսյանը ընդամենը 5 տարի և 6 ամիս կալանավայրում գտնվելուց հետո հայտնվեց ազատության մեջ, այսինքն' նրա վաղաժամկետ ազատման հարցը լուծվեց դրական, այն էլ' նման ժամկետներով ու նման ծանր հանցանքի առկայության դեպքում, մինչդեռ քաղաքական ենթատեքստով անազատության մեջ գտնվող «Ժամանակ Երևան» օրաթերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանի վաղաժամկետ ազատման հայցը նույն հանձնաժողովի կողմից մերժվել է: Ընդ որում, գաղտնի քվեարկության արդյունքում նրա ազատման օգտին, կազմված արձանագրության համաձայն, քվեարկել է 4 և դեմ' 3 անդամ, սակայն հրապարակվել է, թե նրա վաղաժամկետ ազատման միջնորդությունը մերժվել է 2 կողմ և 5 դեմ ձայներով: Արդյունքում, Արման Բաբաջանյանի' դատարանի որոշմամբ իրեն հասանելիք 4 տարվա ազատազրկումը կարճվեց ընդամենը 40 օրով:
Արման Բաբաջանյանի վերաբերյալ կայացված որոշման առիթով 2009 թ. մարտի 25-ին հայաստանյան հինգ իրավապաշտպան հ/կ-ներ' Հայաստանի հելսինկյան կոմիտեն, Քաղաքացիական հասարակության ինստիտուտը, «Ընդդեմ իրավական կայականության» կազմակերպությունը, «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոնը և Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հանդես եկան հայտարարությամբ, որում իրենց մտահոգությունն էին հայտնում «պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով անկախ հանձնաժողովների գործունեության վերաբերյալ»: Ըստ արված հայտարարության' ստեղծված իրավիճակը հաստատում է հանձնաժողովների ոչ թափանցիկ ու կողմնակալ գործելակերպը, քանի որ «Արման Բաբաջանյանի վաղաժամկետ ազատման վերաբերալ կայացրած հանձնաժողովի որոշման մեջ առկա էր միտումնավորություն»:
Մտահոգություն էին առաջացնում, մասնավորապես, հետևյալ խնդիրները.
1. Հանձնաժողովների գործունեությունը չի ուղեկցվում հստակ չափորոշիչներով:
2. Հանձնաժողովների որոշումները բողոքարկման ենթակա չեն:
3. Հանձնաժողովների անդամներից շատերը, այդ թվում հանձնաժողովների բոլոր նախագահները ներկայացնում են ուժային կառույցներ:
«Կարող եմ վստահ ասել, որ այս երեք տարիների ընթացքում որևէ ճնշում մեր որոշման վրա, նաև որևէ միջնորդություն չի եղել: Միակ դեպքը, որ ակնհայտ կողմնակալ, նույնիսկ քվեարկության արդյունքների խախտմամբ որոշում է կայացվել, Արման Բաբաջանյանի դեպքն էր: Եթե անգամ ուժայինը իր դիրքորոշումն ունի, այն է' հանցագործին որքան հնարավոր է երկար պահել անազատության մեջ, նա մեր որոշման վրա ազդեցություն չի ունեցել»,- ասում է հանձնաժողովի անդամ Հրանտ Ավանեսյանը:
«Հանձնաժողովի գործունեության մեջ կան մեխանիզմներ, որոնք առավելագույնս նպաստում են կոռուպցիայի կանխմանը կամ նվազեցմանը: Թեկուզ այն, որ դատապարտյալին հանդիպում ենք երկուսով (կազմը ընտրվում է ռոտացիոն սկզբունքով), երկուսս էլ մեր օբյեկտիվ տպավորությունն ենք ստանում, մեր որոշումը կայացնում ու դնում քվեարկության, արդեն իսկ բացառվում է ճնշման կամ միջնորդության առկայությունը: Իսկ հետո թե ձայների մեծամասնությունն ինչպե՞ս կբաշխվի, դա այլ հարց է: Կարող եմ ասել, որ մերժումները միանշանակ վերաբերում են ծանր հանցանքներին: Ամեն դեպքում, ես պարտավոր եմ վստահել ուժային կառույցի ներկայացուցչի որոշմանը, քանի որ հանցագործ աշխարհը նա ամենից լավ է ճանաչում»,- եզրահանգման է գալիս Հրանտ Ավանեսյանը:
«Չեմ կարծում, որ ուժային կառույցի ներկայացուցիչը այդպես բացահայտ կարող է ճնշում գործադրել մյուս անդամների վրա: Նա ուղղակի իր ուղղագիծ, «կոշտ» դիրքորոշումն է արտահայտում: Եվ բացի բացառիկ դեպքերից, երբ, ասենք, «վերևից» պատվեր կա, և պետք է «բավարարել» իրենցից ավելի բարձրաստիճանի «խնդրանքը», մյուս դեպքերում նա, որպես օրենք, մերժողական դիրքորոշում ունի: Ամեն դեպքում, ուժայինի առկայությունն արդեն ապացուցում է, որ անկախ հանձնաժողովն անկախ լինել չի կարող»,- հակառակ տեսաակետ է հայտնում պրն Իշխանյանը:
Նա շեշտում է մի կարևոր հանգամանք, որն իրավապաշտպանների համար ամենամտահոգիչն է. «Հանձնաժողովի գործունեության մեջ մի հակասահմանադրական կետ կա' այն, որ մերժվելուց հետո դատապարտյալը չի կարող որոշումը բողոքարկել դատարան, այսինքն' նա զրկվում է իր իրավունքները պաշտպանելու սահմանադրական իրավունքից: Սա ոչ միայն հակաիրավական է, այլև հակամարդկային»: «Ձեր տեղեկություններով, այս առումով դժգոհություններ կա՞ն ՔԿՀ-ներում»,- հարցնում ենք իրավապաշտպանին: «Հանձնաժողովների հանդեպ դժգոհություն կա ինչպես դատապարտյալների, այնպես էլ ՔԿՀ-ի աշխատողների շրջանում: Ի վերջո, վերջիններս իրենց զգում են վիրավորված ու անարժանապատիվ վիճակում, երբ իրենց որոշումը մերժվում է, կարծես իրենց կարծիքն ամենևին էլ բանի տեղ չեն դնում: Կարծում եմ, որ բոլոր դժգոհություններն էլ իրենց բնույթով օբյեկտիվ են»:
Որեւէ ՔԿՀ-ի պետի և վաղաժամկետ ազատման ներկայացված, սակայն մերժված դատապարտյալի հետ հանդիպելու մեր խնդրանքը' ուղղված ՀՀ ԱՆ ՔԿ վարչության պետ պրն Հարությունյանին, անպատասխան մնաց: Մոտ մեկ ամսվա ընթացքում այդ հանդիպման կազմակերպման պատասխանատու, ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության մամուլի քարտուղարԱրսեն Բաբայանը, չնայած բազմաթիվ զանգերին ու հիշեցումներին, այդպես էլ չընդառաջեց մեր խնդրանքին: Մի շարք պատճառաբանությունների հետ մեկտեղ, նա ասաց, թե առայժմ ոչ մի մերժված դատապարտյալ չի համաձայնում հանդիպել խնդիրը արծարծող լրագրողի հետ: Զարմանալի է, չէ՞որ նրանք առաջինը պետք է շահագրգռված լինեին իրենց բողոքը արտահայտելու լրագրողի միջոցով:
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի երեք անդամներ' գլխավոր իրավախորհրդատու Գեորգի Կուտոյանը, աշխատակազմի ավագ մասնագետներ Տիգրան Մարտիրոսյանն ու Ռուբեն Մարտիրոսյանը հանձնաժողովների անդամներ են: Գրասենյակի հանրային կապերի պատասխանատու Գրիշա Գրիգորյանցը տեղեկացրեց, որ վերոնշյալ երեք անձինք արդեն երեք ամիս է' հրաժարվել են հանձնաժողովների նիստերին մասնակցելուց' այդպիսով իրենց անհամաձայնությունն արտահայտելով հանձնաժողովի աշխատանքի վերաբերյալ:
2006-ին ստեղծված հանձնաժողովների գործունեության ժամկետը, նախագահի հրամանագրով, երեք տարի էր: Այս տարվա հունիսի 30-ին այդ ժամկետը լրացավ, եւ գործող հանձնաժողովները, փաստացիորեն, լուծարված են: Նոր հանձնաժողովների ձեւավորման հարցն առկախ է: Հավանաբար եղած դժգոհությունները հաշվի առնելով' իշխանությունները չեն շտապում հանձնաժողով ձեւավորել: Հունիսի 18-ին արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը «ՀԺ»-ին ասել էր, թե ներկայումս քննարկվում է դատապարտյալների պայմանական վաղաժամկետ ազատման գործընթացը փոխելու հարցը: «Այդ հարցը վաղուց է օրակարգում դրված, նաեւ Աժ պատգամավորներ են այն բարձրացրել: Անհրաժեշտ է կարգը հստակեցնել եւ մարդկանց համար գործընթացն ավելի կանխատեսելի դարձնել»:
«Միգուցե նոր հանձնաժողովը, չանվանենք այն հանձնաժողով, այն կարող է և այդպիսին չլինել, անվանենք ստեղծվելիք նոր կառույցը, իմ ենթադրությամբ, պետք է լինի ոչ թե անմիջապես որոշում կայացնելու լիազորություններ ունեցող մարմին, այլ ավելի շուտ մոնիթորինգ իրականացնող հանրային մի կառույց, որում կբացառվի ուժային կառույցների ներկայացուցիչների ներկայությունը: Իսկ դրա հիմնական գործառույթը լինի որոշակի ժամկետներում դատապարտյալի վարքագծին հետևելը և տարբեր տեսանկյուններից նրան գնահատելը, ինչն էլ արդեն որոշիչ կլինի նրա' վաղաժամկետ ազատման հարցի վերաբերյալ դրական կամ բացասական որոշում կայացնելիս»,- ասում է Ավետիք Իշխանյանը:
