ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Ավարտվել է Վահան Խալաֆյանի գործով նախաքննությունը

Հունիսի 14-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տարածել է հետևյալ հաղորդագրությունը.
«ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է ՀՀ ոստիկանության Չարենցավանի բաժնում Վահան Խալաֆյանի ինքնասպանության դեպքի առթիվ քննվող քրեական գործի նախաքննությունը:
Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա' ՀՀ ոստիկանության Չարենցավանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Ա. Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 3-րդ մասով, նույն բաժանմունքի ավագ օպերլիազորներ Գ.Դավթյանին, Գ.Ղազարյանին և օպերլիազոր Մ. Հայրապետյանին' ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով:
Քրեական գործի նյութերն օրենքով նախատեսված կարգով տրամադրվել են կողմերին՝ ծանոթանալու համար:
Բացի այդ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 200-րդ հոդվածի հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունը միջնորդագիր է ներկայացրել ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության պետ Ա.Սարգսյանին՝ ՀՀ ոստիկանության Չարենցավանի բաժնում հիշյալ դեպքի հետ կապված խախտումները և հանցանքի կատարմանը նպաստող հանգամանքները վերացնելու ուղղությամբ:»
