ՀԿ-ները հայտարարություն են տարածել

2010 թվականի մայիսի 31-ին իր մասնագիտական պարտականությունները կատարելիս բերման է ենթարկվել, ապա եւ ձերբակալվել «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Անի Գեւորգյանը: Վերջինիս նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ՝ «Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը» հոդվածի 1-ին մասով: Թե ինչպես է 23-ամյա աղջիկը բռնություն գործադրել ոստիկանների նկատմամբ, անհայտ է մնում:

Նույն օրը ոստիկանները խոչընդոտել են նաեւ «Հայկական ժամանակի» մեկ այլ լրագրողի՝ Սյուզաննա Պողոսյանի եւ «Հայք» թերթի թղթակից Լիլիթ Թադեւոսյանի մասնագիտական գործունեությունը: Նրանց նույնպես բերման են ենթարկել, ապա ժամեր անց ազատ արձակել:

Մենք՝ ներքոստորագրյալներս, հայտարարում ենք՝  

- լրագրողների դեմ կիրառվող նման բռնի մեթոդները անընդունելի են ժողովրդավարական հասարակության համար:  

Հիշեցնում ենք՝ 

  • ըստ «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի՝ «Լրագրողն իր մասնագիտական օրինական գործունեության ընթացքում, որպես հասարակական պարտք կատարող անձ, պաշտպանվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ»,
  • ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ՝ «Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը» հոդվածի 2-րդ մասը պատիժներ է նախատեսում պաշտոնատար անձանց կողմից նման արարքներ թույլ տալու համար:

Պահանջում ենք ՀՀ ոստիկանության ղեկավարությունից՝  

  • անհապաղ ազատ արձակել «Հայկական ժամանակ» թերթի  լրագրող Անի Գեւորգյանին ,
  • դադարեցնել նրա նկատմամբ քրեական հետապնդումը եւ պատժել իրենց լիազորությունները գերազանցած ոստիկաններին:

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե

Երեւանի մամուլի ակումբ

ԶԼՄ-ների աջակցության «Ինտերնյուս» ՀԿ

Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ-Հայաստան

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ

Գորիսի  մամուլի ակումբ

Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

Հայաստանի հելսինկյան կոմիտե