ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հրապարակել է Վահան Խալաֆյանի դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը

Մայիսի 14-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տարածել է հետևյալ հաղորդագրությունը.
«ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում շարունակվում է ՀՀ ոստիկանության Չարենցավանի բաժին բերման ենթարկված Վահան Խալաֆյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը տեղեկացնում ենք, որ մայիսի 14-ին ստացվել է Վ.Խալաֆյանի դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը, որի համաձայն փորձագետները հանգել են հետևյալ հետևության, մասնավորապես՝
- Ելնելով դիակի դատաբժշկական փորձաքննության տվյալներից, կարելի է ենթադրել, որ մահը վրա է հասել դիակի դատաբժշկական փորձաքննությունը կատարվելուց 24 ժամից ավելի առաջ: Վ.Խալաֆյանի մահը վրա է հասել ներքին սուր արյունահոսությունից՝ որովայնի առաջային պատի աջ կեսի ծակված-կտրված թափանցող վիրավորման՝ (վերք թիվ 1) զստաղու միջընդերքի անոթների՝ զարկերակի և երակի վնասումների հետևանքով։ Վ.Խալաֆյանի դիակի դատաբժշկական փորձաքննությամբ հայտնաբերվել է ևս մեկ ծակած-կտրած թափանցող վիրավորում (վերք թիվ 2) որովայնի առաջային պատի աջ կեսին՝ առանց ներքին օրգանների վնասման։ Նշված երկու ծակած-կտրած թափանցող վնասվածքները պատճառվել են կենդանության օրոք՝ մահվանից առաջ՝ մի քանի րոպեից մինչև տասնյակ րոպեների ընթացքում, միակողմանի սուր կտրող եզր ունեցող սուր կտրող-ծակող գործիքով, այդպիիք ունեն կենդանության ժամանակվա առողջությանը ծանր վնասի պատճառման հատկանիշներ, որոնցից պայմանականորեն համարակալված թիվ 1-ին վիրավորումը մահվան պատճառի հետ գտնվում է անմիջական պատճառական կապի մեջ և բերել է մահվան, իսկ թիվ 2-րդ վերքը մահվան պատճառի հետ չի գտնվում պատճառական կապի մեջ։
Թիվ 1-ին վերքից սկսվող վերքային խողովակը մարմնի նորմալ անատոմիական դիրքի պայմաններում մարմնի երկայնական առանցքի նկատմամբ ունեցել է առաջից հետ, թեք՝ աջից ձախ և աննշան վերևից ներքև ուղղություն, իսկ թիվ 2-րդ վերքից սկսվող վերքային խողովակը մարմնի երկայնական առանցքի նկատմամբ ունեցել է առաջից հետ, թեք՝ աջից ձախ և վերից վար ուղղություն: Վնասվածքները՝ ծակած-կտրած վերքերը ստանալու պահին Վ.Խալաֆյանը գտնվել է որովայնի առաջային մակերեսով ուղղված դեպի սուր ծակող-կտրող գործիքի ծայրը»:
Դիակի դատաբժշկական փորձաքննությամբ հայտնաբերվել են նաև հետևյալ մարմնական վնասվածքները՝ թվով երկու ճանկռվածքներ որովայնի առաջային պատին, քերծվածքներ քթի հիմի շրջանում, աջ սրունքի միջին երրորդի առաջային մակերեսին, աջ ծնկափոսային շրջանում, աջ սրունք-թաթային հոդի շրջանի ներսային մակերեսին, ձախ սրունքի վերին երրորդի առաջադրսային մակերեսին, ձախ սրունքի միջին երրորդի առաջային մակերեսին՝ շուրջը արյունազեղմամբ և աջ արմնկային հոդի շրջանի հետին մակերեսին, արյունազեղումներ՝ գլխի մաշկի տակ գագաթային շրջանում, վերին շրթունքի լորձաթաղանթի տակ՝ բերանի ձախ անկյան շրջանում, ձախից ստորկզակային շրջանում:
Նշված վնասվածքները, բացի աջ արմնկային շրջանի քերծվածքից, պատճառվել են կենդանության օրոք, մահվանից ոչ շատ առաջ, իսկ աջ արմնկային հոդի շրջանի հետին մակերեսի շրջանի քերծվածքները ունեն մահվանից մոտ մինչև 2-3 օրվա վաղեմություն, որովայնի առաջային մակերեսի շրջանի ճանկռվածքները պատճառվել են սրածայր գործիքով, իսկ արյունազեղումները և քերծվածքները պատճառվել են սահմանափակ մակերես ունեցող բութ առարկայով /ներով/: Ճանկռվածքները, արյունազեղումները, քերծվածքները և միասին, և առանձին-առանձին վերցված իրենց սովորական ընթացքի դեպքում կենդանի անձանց մոտ առողջության թեթև վնասի հատկանիշներ չեն պարունակում և մահվան պատճառի հետ չեն գտնվում պատճառական կապի մեջ:
- Հաշվի առնելով դիակի դատաբժշկական փորձաքննությամբ հայտնաբերված որովայնի առաջային պատի շրջանի ծակած-կտրած վերքերի և փորձաքննությանն ներկայացված սուր ծակող-կտրող գործիքի՝ դանակի շեղբի չափային տվյալները, հնարավոր է այդ վնասվածքների առաջացումը ներկայացված գործիքով՝ դանակով։
- Հաշվի առնելով վնասվածքների՝ ծակած-կտրած վերքերի բնույթը և նրանց անատոմիական տեղակայությունները, ինչպես նաև վերքերի և փորձաքննությանն ներկայացված դանակի չափային տվյալները, հնարավոր է դրանց պատճառումը Վ.Խալաֆյանի կողմից՝ ինքն իրեն փորձաքննությանը ներկայացված դանակով։
- Վ.Խալաֆյանի դիակի դատաբժշկական փորձաքննությամբ հայտնաբերված բոլոր մարմնական վնասվածքները հասցվել են կենդանության օրոք, ինչը հիմնավորվել է և դատահյուսվածաբանական ուսումնասիրության տվյալներով։
- Հաշվի առնելով մահվան անմիջական պատճառ հանդիսացած վնասվածքի՝ ծակած-կտրած որովայնի խոռոչ թափանցող վիրավորման և միջընդերքի անոթների զարկերակի և երակի վնասվածքների բնույթր /թիվ 1 վերք/, նրանց տեղակայումը, ներքին արյունահոսությունը, կարելի է ենթադրել, որ նշված վնասվածքը ստանալուց հետո մահը կարող էր վրա հասնել մոտ մի քանի րոպեից մինչև տասնյակ րոպեներ հետո, իսկ ավելի ստույգ որոշել նշված ժամանակահատվածը հնարավոր չէ՝ համապատասխան բժշկական չափանիշների բացակայության պատճառով։
Միաժամանակ հիշեցնենք, որ 2010 թվականի մայիսի 4-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունը գրավոր դիմել էր ՀՀ օմբուդսմենին՝ խնդրելով տրամադրել Արթուր Իսպիրյանին, Շիրազ Մարկոսյանին եւ Դավիթ Գյուլումյանին Չարենցավանի բաժնի ձերբակալվածների պահման վայրում այցելության արդյունքների վերաբերյալ տեղեկություններ: Ստացվել է գրության պատասխանը, որով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հայտնել է, որ «իր հանձնարարությամբ աշխատակազմի աշխատակիցները 2010 թվականի ապրիլի 14-ին ՀՀ ոստիկանության Չարենցավանի բաժնի ձերբակալվածների պահման վայրում այցելել են Արթուր Իսպիրյանին, Շիրազ Մարկոսյանին եւ Դավիթ Գյուլումյանին, անցկացրել են մարմնի արտաքին զննություն, որի ընթացքում կապտուկների, ծեծի եւ խոշտանգման հետքեր չեն նկատվել, իսկ վերջիններս պնդել են, որ բռնության եւ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի չեն ենթարկվել»:
Նախաքննությունը շարունակվում է:»
