Խլել են սեփականությունը

Ցանկացած քաղաքակիրթ երկրում իրավապահ համակարգի աշխատակիցն իր արարքների համար կրում է ավելի մեծ պատասխանատվություն, քան շարքային քաղաքացին: Մեզանում հակառակն է' դառնում են համակարգի աշխատակից՝ պատասխանատվությունից զերծ մնալու, իրենց ապօրինի արարքների համար տանիք ապահովելու նպատակով:

Անահիտ Եգանյանը ոստիկանության աշխատակցի հերթական զոհն է։

«Եթե ընդամենը  6-րդ վարչության օպերատիվ աշխատակիցը կարող է իրեն նման արարք թույլ տալ ու մնալ անպատիժ, պատկերացնել կարելի է, թե վերեւներում չգտնվողներին ինչերի են հասու»,- ասում է երիտասարդ, միայնակ կինը, որին ծնողներից մնացած միակ ժառանգությունը' Դեմիրճյան փողոցում գտնվող երկսենյականոց բնակարանը խաբեությամբ խլել է սիրած տղամարդը ընկերների հետ  համագործակցությամբ:

2006-ի հունվարից լուրջ նպատակներով հանդիպել է Արման Համբարձումյանի հետ, համենայնդեպս, այդպես է հավատացրել Անահիտին:

«Հիմա եմ հասկանում, որ նրա սիրո խոստումները, մեր համատեղ կյանքի ծրագրերը, մեկ նպատակ ունեին' տիրանալ ունեցվածքիս,- պատմում է Անահիտ Եգանյանը:- Արմանը որոշակի պարտքեր  ուներ, ես էլ աշխատանք չունեի: Նա ինձ համոզեց բնակարանս գրավ դնել, վարկ վերցնել, որի մի մասով նա պետք է մարեր, պարտքերը, մյուս մասով էլ բնակարանը վերանորոգեինք ու վարձակալությամբ տայինք, որ կարողանայինք ոտքի կանգնել»:

Արմանն Անահիտին ծանոթացնում է իր ընկերների հետ:

 Կինը պատմում է, որ իր սեփականությունը խլելու նպատակով 4 ընկերներից յուրաքանչյուրը ստանձնել է իր դերը.

Արտակ Գալստյանը իրենց մյուս ընկերոջը Արամ Վարտիկյանին տալիս է 40 հազար ԱՄՆ դոլար' 5 տոկոսով, որն Արամը որեւէ բանկում պետք է մուծեր որպես կանխավճար եւ ձեւակերպեր հիպոթեկային վարկ եւ բնակարանը գրանցեր մյուս ընկերոջ՝ Արտաշես Գեղամյանի անունով:

«Այնուհետ բնակարանս ձեւակերպվեց գումարը տոկոսով տվողի' Ա. Գալստյանի անունով, պայմանով, որ վարկն ստանալուն պես, իր գումարը վերադարձնելուց հետո բնակարանս կրկին իմը կլինի: Բայց վարկ այդպես էլ չձեւակերպվեց, իսկ տոկոսով վերցված գումարն էլ ինձ չհասավ: Այդ գումարից ինձ տրվել է հազար դոլար, որով փոխել եմ բնակարանի ներսի դռները», -պատմում է Անահիտը:

Նա ասում է, որ սպասել է մոտ երեք ամիս ու դարձյալ, ճարահատյալ դիմել ոստիկանության 6-րդ վարչություն:

«Այնտեղից նյութերն ուղղարկեցին քննչական գլխավոր վարչություն: Արտակն ինձ սպառնաց' թե ես քննչականում պրոբլեմ չունեմ, եթե բողոքս հետ չվերցնեմ, նա ինձ կալանավորել կտա որպես շանտաժիստի, առանց տուն կմնամ: Զայրացավ, թե ինձ կվերացնեն հետքս էլ չեն գտնի»:

«Գործարքը կատարվել է 2008-ի դեկտեմբերին: Ես բողոքել եմ 3 ամիս անց: Ընկերների խոստումներն ու սպառնալիքները ինձ ստիպեցին  բողոքս հետ վերցնել: Դրանից  6 ամիս հետո, Արտակ Գալստյանը շուկայական գնից մոտ կեսով պակաս' 60 հազար դոլարով  վաճառեց բնակարանս, որից նա վերցրեց իր տոկոսները, հետո ինձ ասացին, որ 6 հազար դոլար կաշառք են տվել քննչական գլխավոր վարչությանը, գործին ընթացք չտալու համար /դրա վերաբերյալ ձայնագրությունը կա/:

Բնակարանիցս մնացած 8 հազար դոլարն Արտակն ինձ տվեց, որն էլ մի քանի օրից Արմանը վերցրեց' համոզելով, թե  բիզնեսի մեջ կդնի ու կօգնի ինձ: Սակայն նորից խաբեց ու թողեց անօգնական վիճակում: Նույնիսկ վարձածս  բնակարանի գումարը չէի կարողանում վճարել»:

Խաբված կինը, փորձելով պաշտպանել իր իրավունքները, կրկին դիմում  է իրավապահներին:

Այս անգամ գործն ուղղարկվում է հատուկ քննչական ծառայություն: Գործարքը գլուխ բերած իրավապահ համակարգի ներկա ու նախկին  աշխատակիցները, ըստ Անահիտի, սպառնում են, թե ավտոմեքենայի տակ կգցեն, թե իրենց դեմ խաղ չկա, ինչպես քննչական գլխավոր վարչությունում, այնպես էլ մյուս կառույցներում իրենք թիկունք ունեն:   

Ի վերջո անօգնական կնոջը  «սիրող» տղան նամակ է գրել տալիս' ուղղված Հատուկ քննչական ծառայության ղեկավար Անդրանիկ Միրզոյանին: Անահիտը պնդում է, որ իր մոտ եղած դիմումի ձեռագիրը Արման Համբարձումյանին է: Բերում է գրած տեքստը ու ստիպում արտագրել.

«Իմ սիրած տղա Արմանն ինձանից ոչ մի առիթով գումար չի վերցրել: Ճիշտ է՝ նախկինում իմ բնակարանը վաճառել եմ, սակայն դրանից ստացված գումարներն ամբողջությամբ ինքս եմ ծախսել...»:

Այս նամակը հիմք ընդունելով՝ առանց ստուգելու ներկայացված փաստերը, Հատուկ քննչական ծառայությունը նախապատրաստված նյութերով քր.գործի հարուցումը մերժել է հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:

Փետրվար ամսին Անահիտը դիմում է ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը, որտեղից նույնպես մերժում է ստանում.

«Ձեր նույնաբովանդակ դիմումները քննարկվել են մի շարք ՀՀ իրավապահ մարմինների կողմից  և տրվել համապատասխան իրավական գնահատական, ինչպես նաև ՀՀ հատուկ Քննչական ծառայության  և ՀՀ  ոստիկանության քննչական գլխավոր վարչության կողմից նույն հարցերի շուրջ նախապատրաստված նյութերով կայացվել են քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումներ »

Փաստաբան Ալեքսան Հովհաննիսյանն ասում է, որ գործում առկա է և՛ խարդախություն, և՛ վաշխառություն, և՛ կոռուպցիա։ Պարզապես իրավապահ մարմինները բարի կամք պետք է  ունենան այդ ամենը վեր հանելու, իրերն իրենց անուններով կոչելու ու մեղավորներին պատասխանատվության ենթարկելու հարցում։

Փաստաբանն ասում է, որ Անահիտ Եգանյանը չպետք է դիմի դատարան, ինչպես նրան հորդորում են իրավապահ մարմինները, քանի որ այդ դեպքում գործը կհամարվի քաղաքացիական ու մեղավորները կխուսափեն պատասխանատվությունից։

«Անահիտը պետք է պայքարի իր իրավունքների համար, չընկճվի ու իրեն անօթևան թողած մարդկանցից  պատասխան պահանջի», համոզված է Հովհաննիսյանը։

Ռուզան Ավոյան