ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Ցմահ դատապարտվածը հացադուլ է սկսել

Արդեն երկրորդ օրն է Նուբարաշեն քրեակաատարողական հիմնարկում հացադուլ է սկսել արդեն 14 տարի անազատության մեջ գտնվող, ցմահ ազատազրկման դատապարտված Արթուր Մկրտչյանը։ Բանտից Արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանին ուղղված իր դիմումում Արթուրը ներկայացրել է Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների եվրոպական կոնվենցիայի երկու պահանջ.Արդար դատաքննության և Բացառապես օրենքի հիման վրա կայացրած վճիռ։
Արթուր Մկրտչյանի պահանջներից մեկն է նաև վերացնել հանրապետության երկրորդ նախագահի շնորհած ապօրինի ներումը։
ՀՀ Նախագահի 2003թ. օգոստոսի 1-ի հրամանագրով մահվան դատապարտվածներին ներում շնորհվեց և մահապատիժը փոխարինվեց ցմահ ազատազրկմամբ:
«Նախկին քրքրեական օրենսգրքով մահապատժի դատապարտված անձինք իրավացիորեն բողոքում են, որ տվյալ օրենքով խախտվել է հանցագործության պահին գործող օրենքով նախատեսված պատժից ավելի ծանր պատիժ ստանալուց ազատ լինելու իրենց սահմանադրական իրավունքը», իր զեկույցում նշում է ՀՀ առաջին օմբուդսմենը։:
19 ամյա Արթուր Մկրտչյանը մեղադրվել է և դատապարտվել է 1996թ. Նոյեմբերյանի շրջանում տեղակայված զորամասերից մեկում զինվորական ծառայությունն անցկացնելիս։ Նա մահվան է դատապարտվել Գերագույն դատարանի զինվորական գործերով դատական կոլեգիայի որոշմամբ՝ 5 զինծառայողի սպանության մեղադրանքով։
Նախաքննության ընթացքում, Արթուր Մկրտչյանը պահվել է զինվորական ոստիկանությունում և հոգեբանական ու ֆիզիկական բռնությունների արդյունքում ինքնախոստովանական ցուցմունքներ է տվել, ին չը և դրվել է դատավճռի հիմքում։ Բռնությունների են ենթարկվել նաև նրա ընտանիքի անդամները։
Արդեն պաշտպան ունենալուց հետո կատարված հանցագործության մեջ նա իրեն մեղավոր չի ճանաչել և հաայտարարել է, որ հինգ զինծառայողների սպանությունները կատարել են դեպքի օրը հենակետ եկած զինվորական ոստիկանության 3 աշխատակիցները, սակայն նախաքննական մարմինն այդ ուղղությամբ քննություն չի կատարել։
Այս բոլոր տարիների ընթացքում Արթուր Մկրտչյանն ու իր ընտանիքը իրավապահ մարմիններից պահանջել են վերանայել քրեական գործը, սակայն անարդյունք։ Բոլոր դիմումները գլխավոր դատախազության կողմից մերժվել են։ Մերժվել է նաև արդար քննության պահանջով դատախազությանը դիմած սպանված հինգ զինծառայողների հարազատների բողոքները։
«Արթուրն արդեն հոգնելա դրա համար էլ դիմեց ծայրահեղ քայլի», մեր զրույցում ասաց հայրը՝ Համբարձում Մկրտչյանը։
Արթուր Մկրտչյանի քրեական գործը, որը մեր հետաքննության նյութն է եղել, լի է ապօրինություններով։ Ի րավաբան փորձագետները պնդում են, որ այսպիսի ապացույցների առկայության պայմաններում անհրաժեշտ է արդարացման դատավճիռ կայացնել։
Ժաննա Ալեքսանյան
