ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Կամ պետք է մեռնեի Վահանի նման, կամ պետք է գրեի

Մինչ հանրությունը «մարսում» է Չարենցավանի ոստիկանության բաժնում անմարդկայն վերաբերմունքից մահացած Վահան Խալաֆյանի դեպքը, նոր մանրամասներ են ի հայտ գալիս այս քաղաքում տիրող ոստիկանական սանձարձակ բարքերի մասին։
Գողության կասկածանքով կալանավորված 3 անձանցից մեկին՝ 36 ամյաԴավիթ Գյուլումյանին իրավապաշտպան Արթուր Սաաքունցը հանդիպել է Նուբարաշենի մեկուսարանում։ Դավիթը պատմել է, որ Չարենցավանի ոստիկանության աշխատակիցներն իրենից ցուցմունքներ են կորզել բռնությունների ենթարկելու միջոցով և եթե ինքը չգրեր պահանջվածը, ապա հնարավոր է, որ իրեն ևս այնտեղից դուրս բերեին մահացած։
«Ինձ ահավոր ծեծի են ենթարկել. կամ պետք է մեռնեի՝ Վահանի նման, կամ պետք է գրեի, ուրիշ հնար չկար»,- ասել է Դավիթը։
«էրեխես լեզվի տակ պահած բրիտվեն ցույց տվեց, ասեց, մամա, ես իմ վերջը տալու եմ, էլ ապրել չեմ ուզում...»,- տղային հետ վերջին հանդիպումից հետո արցունքն աչքերին պատմում էր Դավիթի մայրը՝ Արմիկ Ղարիբյանը։
Ապրիլի 13-ին, երբ ոստիկանական բաժանմունքից ընդամենը մեկ ժամվա ընթացքում դուրս է բերվել Վահան Խալաֆյանի դին, բերման ենթարկվածների մեջ է եղել նաև իր որդին՝ Դավիթը։ Ոստիկանները, որոնց Արմիկ Ղարիբյանը լավ գիտի, ասել են, թե որդին գողության գործի հետ կապ չունի, սակայն 3 օր պահել են ոստիկանության բաժնում, ապա կալանավորել ու տեղափոխել են Նուբարաշենի մեկուսարան, որտեղ էլ ապրիլի 30-ին մայրը տեսակցել է որդու հետ։
Դավիթ Գյուլումյանը 1992-94թթ մասնակցել է ԼՂՀ պատերազմական գործողություններին, վիրավորվել է ու վերադարձել Հայաստան, ապաքինվելուց հետո կամավոր կրկին մեկնել Ղարաբաղ։ Մարտական գործողություններին մասնակցելու համար պարգևատրվել է շքանշանով։
36- ամյա երիտասարդի մայրը և հորաքույրը պատմում էին, որ Դավիթին տարիներ շարունակ հալածանքների են ենթարկել Չարենցավանի ոստիկանության բաժնի ղեկավար պաշտոնյաները՝ ստիպելով համագործակցել իրենց հետ ու տարբեր հանցագործությունների մասին տեղեկատվություն տրամադրել։
«Ասում էին ճարպիկ տղա ես, դու մեզ հետ կարող ես համագործակցել, դու շատ լավ գիտես, թե Չարենցավանում ով՝ ինչով է զբաղվում, մեզ տեղեկություններ կտաս՝ կվարձատրենք»,- պատմում էին Դավիթի հարազատները:
Նա պետք էգիշերները ման գար ու ոստիկանների համար «գործ» գտներ։
«Ես գիշերները թաքուն հետևից ման էի գալիս, որ նրան վտանգ չկպներ, ման էիք գալիս, որ ոստիկանները համոզվեին, որ, իրոք, գործ անում է»,- պատմում է մայրը։
Մայրը պատմում է, որ գողության դեպքից երկու շաբաթ առաջ Չարենցավանի ոստիկանապետի տեղակալ Տոնոյանը կրկին ստիպել է որդուն «գործ տալ, գործ չտվեցիր ծակել կտամ, պլան կգցեմ ջեբդ»։
«Դրանից մի քանի օր առաջ էլ Տոնոյանը միլպետի՝ Հակոբյանի հետ էրեխուս տարել են թազա գերեզմանոց, ասել են գործ պիտի տաս, թե չէ կծակենք կթողնենք ստեղ.. Գողության հետ իմ տղան կապ չի ունեցել, այդ օրն իմ տղան եղելա անատոմիկում, հաջորդ օրը թաղմանա մասնակցել, վկաներ կան, թե իմ տղան որտեղա եղել»։
Տարիներ շարունակ ոստիկանական հարձակումների ենթարկված ողբերգական այս ընտանիքն ապրում է անասելի աղքատության մեջ։ Դավիթի մայրը կորցրել է երիտասարդ աղջկան ու ամուսնուն և այժմ Չարենցավանի փոքրիկ այս բնակարանում ապրում է Դավիթի երկու փոքրիկների, աղջկա մահվանից հետո իրենց խնամքի տակ գտնվող երեխայի ու հարսի հետ ։
Դավիթ Գյուլումյանի հարազատները պատմում էին Չարենցավանի աշխատակիցների, մասնավորևապես, նախկին ոստիականապետի՝ Գագիկ Մարտիրոսյանի կողմից իրենց որդու նկատմամբ դաժան վերաբերմունքի մասին։
«Մի օր եկան Դավիթի հետևից՝ տանը չէր, թե գտեք բերեք, թե չէ վատ կլինի։ Միասին գնացինք ոստիկանություն, ինձ տուն ուղարկեցին, բայց սիրտս չհամբերեց, մեկ ժամից նորից գնացի, արդեն ոստիկանմությանը մոտ էի էրեխիս ձենը լսեցի, վազելով գնացի, Մարտիրոսյաննը էրեխիս տփում էր, թե գործ տուր »,- վերհիշում է մայրը։
Մեկ այլ դեպքի մասին են պատմում. չարենցավանցի մի երիտասարդի ստիպել են գողությունը վերցնի իր վրա։ Ծեծից պրծնելու համար երիտասարդն ասում է, գնանք, ցույց տամ դեպքի վայրը ու ոստիկաններին տանում է դեպի Գյումուշ գետը։ Երբ տեղ են հասնում տղան իրեն նետում է ջուրը, որպեսզի ազատվի ոստիկաններից։ Վերջիններս, սակայն, փրկում են նրան պայմանով, որ գողությունը բարդի Դավիթի վրա։
«Այդպես էլ անում է։ Այնքան են ծեծում...քյարփինջով խփում են վիրավոր ոտքին, որ ոտը բռնումա, քյարփինջով խփում եմ գլխին, գլուխը 4,5 սմ բացվումա ու Դավիթն ուշագնացա լինում։ Ընկած տեղը ոստիկանապետն ասումա մի հատ չկանգնեմ գլխին ուղեղը թափվի, բայց հետո փոշմանումա...»։
Մայրն ասում է, որ Դավիթը տնից 4-5 օրով գնում էր, որ դրանց երեսը չտեսնի, գնում էր կեղտոտ շիշ էր հավաքում բերում էր լցնում էր տունը կնոջ հետ լվանում էին, որ տանեին հանձնեին, էրեխեքին կարողանային մի կտոր ուտելու բան առնել։
Հատուկ քննչական ծառայությունից «Ազատություն» ռադիոկայանին երեկ փոխանցել են, որ ապրիլի 15-ին անցկացված դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը, որի համաձայն Գյուլումյանի մոտ «մարմնական վնասվածքների օբյեկտիվ հատկանիշներ չեն հայտնաբերվել», իսկ ինքը՝ Գյուլումյանը, ասել է, որ «իրեն որևէ մեկը ծեծի չի ենթարկել»։
Ժաննա Ալեքսանյան
Հ.Գ . «Ես ծեծը երբեք չեմ խրախուսել, աշխատանքի ավելի ճիշտ մեթոդներ կան», անցած շաբաթ Իրավունք թերթին տված հարցազրույցում ասել է ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, սակայն չի մանրամասնել իր իմացած մեթոդները։ Այնինչ արժեր։ Գուցեև օգտակար լիներ, հատկապես, եթե ոստիկանների համար թրեյնինգ կազմակերպվի։
